Արցախը Հայաստան չէ, և վե՞րջ

Նիկոլ Փաշինյանը՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, 2019թ․ օգոստոսի 5

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Արցախի կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողն իջեցնելու մասին՝ ականջալուր լինելով «միջազգային հանրության» հորդորին:

Ըստ այդմ, Երևանի համար այլևս առաջնահերթություն է արցախցիների անվտանգության և իրավունքների պաշտպանության անորոշ թեզը, որից, ըստ հայկական կողմի, պետք է բխեցվի Արցախի կարգավիճակը:

«Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, դրանից բխեցնելով կարգավիճակը»,- Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցը ներկայացնելիս հայտարարեց վարչապետը՝ փաստացի ընդունելով, որ Երևանի դիրքորոշման 180 աստիճանի փոփոխությունը կատարվել է միջազգային հանրության հորդորով:

«Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ: Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»,- նշեց Փաշինյանը` չհստակեցնելով, թե Երևանի դիրքորոշման փոփոխության դիմաց հատկապես ինչ աջակցություն է ցուցաբերելու «միջազգային հանրությունը», և այդ անորոշ բառակապակցության տակ որ երկրներն են «թաքնված»:

Արդեն երկրորդ օրն է՝ Հայաստանում և Արցախում փորձում են հասկանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Փաշինյանի «նորացված» մոտեցումները: Միևնույն ժամանակ, տեսադաշտից դուրս է մնում աշխարհաքաղաքական համատեքստը:

Կարելի է ենթադրել, որ խոսքն այս կամ այն կոնֆիգուրացիայով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի (Եվրամիության) և Ռուսաստանի մասին է: Եթե ղարաբաղյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո միայն Ռուսաստանն էր հայտարարում Արցախի կարգավիճակի հարցը հետաձգելու և ներկայում հումանիտար, տնտեսական խնդիրների վրա կենտրոնանանլու անհրաժեշտության մասին, իսկ Ֆրանսիան և ԱՄՆ-ը բարձրաձայնում էին կարգավիճակի հարցը, այժմ վերջիններս էլ հանգել են նույն դիրքորոշման, սակայն միանգամայն տարբեր նկատառումներով:

Դատելով Փաշինյանի ելույթին Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի օպերատիվ և դրական արձագանքից՝ սխալ չի լինի ենթադրել, որ Հայաստանի վարչապետի արցախյան օրակարգի փոփոխության առաջին հասցեատերը Եվրամիությունը կամ Արևումտքն է: Արցախի հարցում ՀՀ նոր օրակարգը վերջնական «միս ու արյուն» ստացավ ուկրաինական պատերազմից հետո հայ-ադրբեջանական հակամարատության կարգավորման գործում Եվրամիության նախաձեռնողականությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստացի անգործությանը զուգահեռ:

Ուստի, պատահական չէ Արցախի իշխանությունների անհանգստությունը, ինչի վկայությունն են Երևանի և Ստեփանակերտի միջև առկա հակասությունների մասին լուրերը: Տևական ժամանակ է՝ դրանք շրջանառվում են և զուգորդվում ՔՊ-ական տարբեր պատգամավորների և տարբեր աստիճանի պաշտոնյաների՝ Արցախը թիրախավորող հայտարարություններով՝ «ղարաբաղցիք փախել են Երևան՝ ստեղից Ղարաբաղ են պահանջում», «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը» և այլն:

Զգալով ՀՀ իշխանությունների արցախյան օրակարգի փոփոխությունը և այդ օրակարգի իրագործման հարցում Արևմուտքի զգալի ներգրավվածությունը՝ Արցախի ղեկավարությունը կարծես փորձում է սկսել սեփական խաղը՝ միտված Ռուսաստանի հետ ինտեգրման խորացմանը: Հետևաբար, դժվար է ինքնաբուխ անվանել վերջերս Արցախում Ռուսաստանի կազմ մտնելու հարցի շուրջ ստորագրահավաք անցկացնելու, այն է՝ հանրային պահանջ ձևավորելու նախաձեռնությունը, ինչպես նաև ապրիլի 13-ին «Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պահանջով» ԼՂՀ նախագահի նստավայրում հրատապ խորհրդակցության անցկացումը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այդ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ապրիլի 13-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ հայտարարությունը հանրության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: Նա հավելել է. «Մեր հանրությունը շատ հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք՝ կազմակերպելով շահագրգիռ ու բազմակողմանի քննարկումներ»:

Չի բացառվում, որ սպառնալիքների սաստկացման և Երևանի պասիվությանը զուգահեռ արցախահայության «հստակ պահանջ» դառնա Ռուսաստանի կազմ մտնելը: Սա դեռ ավելի շատ հիշեցնում է հուսահատ քայլ, քանի դեռ Ռուսաստանը չի մարսել ուկրիանական պատերազմը և պաշտոնապես «կանաչ լույս» չի տվել իր կազմ մտնելու գաղափարին: Իսկ դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ Ռուսաստանում ընկալեն, որ կարգավիճակի նշաձողի իջեցման և խաղաղության հաստատման գործընթացը, որին մասնակցում են Երևանը, Բաքուն և Եվրամիությունը, հանգեցնելու է Արցախի հայաթափման, իսկ դրա վերջնարդյունքը լինելու է ռուս խաղաղապահների հեռացումը և տարածաշրջանում Մոսկվայի դիրքերի կտրուկ թուլացումը։

Մեկնաբանել