Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2021-ի կատարողականի զեկույցի քննարկմանն եզրափակիչ ելույթում կրկին խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, 44-օրյա պատերազմի, իր ապրիլի 13-ի ելույթին հետևած արձագանքների մասին։

Փաշինյանի խոսքով՝ «առանց Շուշիի հնարավոր չէր (44-օրյա – խմբ․) պատերազմ կանգնեցնել կամ կանխել»։

«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները նստելու էին բանակցությունների սեղանի շուրջ, և որևէ կարգավորում չէր լինելու, մինչև այդ հարցը չլուծվեր, մինչև Շուշիի հարցը չլուծվեր, որը 1996 թվականից սեղանի շուրջ է եղել: Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին: Չէր հանձնելու՝ պատերազմ էր սկսվելու: Եվ ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր, բացի տարածքներից, էլ տարածքների մասին չեմ խոսում․․․ Մեզ ասում են՝ Շուշին հանձնել ենք. ոչ, պատերազմը Շուշիի համար է եղել: Ասում են՝ կանգնեցնեիք պատերազմը, մենք չէի՞նք մտածում պատերազմը կանգնեցնելու մասին, կամ՝ կանխեիք պատերազմը, մենք չէի՞նք մտածում կանխելու մասին: Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել, հնարավոր չէր ուղղակի»,- նշել է նա։

Նիկոլ Փաշինյանը կարծում է նաև, որ ապրիլի 13-ի ծավալուն ելույթով «տարածություն է բացել Հայաստանի և Արցախի համար, որովհետև նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանը և Արցախը զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից»։

«Մենք Հայաստանի և Արցախի համար ճանապարհ ենք բացում՝ պետականությունը պահպանելու։ Էկզոտիկ մտքեր են հնչում, որ եթե այսպես չլինի, այնպես չլինի և այլն, Ղարաբաղի ժողովրդին կհանենք Ղարաբաղից կամ դուրս կգա Ղարաբաղի ժողովուրդը: Այնպիսի տպավորություն է՝ մարդիկ կան, որ երազում են, որ Ղարաբաղից ժողովուրդն օր առաջ դուրս գա: Ոչ, մենք ասում ենք՝ Ղարաբաղի ժողովուրդը չպետք է դուրս գա Ղարաբաղից, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պիտի ապրի, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ, Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է լինի ղարաբաղցի, արցախցի և հայ: Սրա մասին է խոսքը, և մենք, այո՛, այդ տարածությունը բացել ենք: Մեր նահատակները դրա համար են ընկել, որ հեռանկար բացվի Ղարաբաղի և Հայաստանի համար, որովհետև այն՝ 1998 թվականից փաթեթափուլային փաթեթով հայությունն ընդհանրապես զրկվել էր տարածությունից»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի ելույթի տեքստն ամբողջությամբ՝ այստեղ։

Մեկնաբանել