Արցախը երբևէ չի կարող Ադրբեջանի կազմում լինել ոչ մի կարգավիճակով. Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։ Գրառումն ամբողջությամբ ներակայացնում ենք ստորև․

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 12-ին կառավարության նիստում հերթական հայտարարություններն ու կեղծ պնդումներն է կատարել Արցախի վերաբերյալ:

1. Չնայած Ալիևի պնդումներին՝ ադրբեջանա-ղարաբաղյան¬ հակամարտությունը չի կարգավորվել, և պետք է միջազգային աջակցությամբ կարգավորվի՝ առաջնահերթորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ ու անսահմանափակ իրացման միջոցով:

2. Ի լրումն իրավական ու պատմական բավարար հիմքերի՝ վերջին 34 տարվա ցեղասպանական քաղաքականությունը հայության հանդեպ և համակարգային հայատյացությունն Ադրբեջանի կողմից լրացուցիչ հիմքեր են եզրահանգելու, որ Արցախը երբևէ չի կարող Ադրբեջանի կազմում լինել ոչ մի կարգավիճակով:

3. Արցախի զինված ուժերը Փառուխից ու Քարագլխից երբևէ կրակ չեն բացել Խաչենի ջրամբարի ու Ակնայի (Աղդամի) ուղղությամբ, և եթե Ալիևն ունի հակառակն ապացուցող փաստեր, թող հրապարակի: Այնինչ Փառուխի գրավմանը նախորդող շաբաթների ընթացքում Ադրբեջանն էր սադրում՝ ականանետերով կրակելով խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:

4. Գազատար խողովակը դիտավորյալ պայթեցնելուց հետո այն ձգձգումներով վերականգնելն ընդհանրապես բարի կամքի դրսևորում չէ»,- ասված է գրառման մեջ։