Հայաստանում գրանցված աշխատողների մոտ կեսը ամսական 78 000 դրամից ցածր աշխատավարձ է ստանում

Հայկ Հովհաննիսյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 5-ի նիստում հայտնել էր, թե Հայաստանում գրանցված աշխատողների մոտ կեսը՝ 300 000 մարդ, ամսական ստանում է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից պակաս աշխատավարձ։

«Աշխատողների մոտ կեսը, արձանագրում ենք, որ չափավոր աղքատներ են»,- պնդել է պատգամավորը՝ հղում անելով պաշտոնական վիճակագրությանը։

Հաջորդ օրը՝ ապրիլի 6-ին, «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հայլուր» հաղորդումը անդրադարձել է այս թեմային և, հղում անելով պատգամավորի պնդմանը, հայտնել է, թե աշխատողներից 300 000 նվազագույն աշխատավարձ է ստանում՝ 68 000 դրամ:

ՍիվիլՆեթի փաստերի ստուգմանը թիմը՝ #CivilNetCheck-ը, փորձեց ուսումնասիրել պաշտոնական վիճակագրությունը և հասկանալ, թե որքանո՞վ են ճիշտ հնչեցված այս պնդումները։

Մոտ 335 000 մարդ ստանում է 108 000 դրամից ցածր գրանցված աշխատավարձ

Թադևոս Ավետիսյանը CivilNetCheck-ին հայտնեց, որ վերը նշված տվյալները վերցրել է կառավարության՝ Ազգային ժողով ուղարկված եզրակացությունից, որով գործադիրն առաջարկում էր չընդունել «Հայաստան» դաշինքի կողմից նվազագույն աշխատավարձի` 68 000-ից 80 000 դրամ բարձրացման օրենքի նախագիծը։

CivilNetCheck-ն ուսումնասիրեց փաստաթուղթը, որում, իսկապես, նշվում է, որ վարձու աշխատողների շուրջ 50 տոկոսը ստանում է մինչև 110 000 դրամ հաշվարկային աշխատավարձ։

Հատված կառավարության օրենսդրական նախագծին վերաբերող եզրակցությունից

Ծանոթագրությունում էլ նշվում է, որ գրանցված աշխատողների միջնարժեք (մեդիան) աշխատավարձը ստացվել է ՊԵԿ-ի տվյալների հիման վրա և կազմում է 108 000 դրամ։

Նշված 108 000 դրամ հաշվարկային աշխատավարձը «կեղտոտ աշխատավարձն» է, որից եկամտահարկի, կենսաթոշակային և զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարների հանումից հետո մնացորդը ստացվում է «մաքուր» աշխատվարձը, որը կազմում է 77 460 դրամ։

Այսինքն՝ Հայաստանում գրանցված վարձու աշխատողների, որոնց թիվը կազմում է մոտ 670 000 մարդ, գրեթե կեսը՝ 335 000 մարդ, ստանում է 78 000 դրամից ցածր «մաքուր» աշխատավարձ։

Ինչ են նշանակում այս տվյալները

Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2021-ի վերջին տվյալներով կազմել է 71 570 դրամ։

Հատկանշական է, որ ըստ վիճակագրության՝ Հայաստանում միջին անվանական աշխատավարձը կազմում է 206 500 դրամ, սակայն միջնարժեք աշխատավարձը շատ ավելի ցածր է՝ մոտ 108 000 դրամ (մաքուր՝ 78 000 դրամ)։ Այսինքն, գրանցված աշխատողների մոտ կեսի «մաքուր» աշխատավարձը հազիվ է բավարարում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։

Այսպիսով, փաստենք, որ պատգամավոր Թադևոս Ավետիսյանի պնդումը, թե աշխատող քաղաքացիների մոտ կեսը՝ ավելի քան 300 000-ը, ստանում է նվազագույն սպառողական զամբյուղից ցածր աշխատավարձ՝ միանշանակ հնարավոր չէ պարզել, սակայն այդ թիվը մոտ է իրականությանը։

Մյուս կողմից պատգամավորը այդչափ աշխատավարձ ստացող քաղաքացիներին որակել է որպես «չափավոր աղքատներ», ինչը սխալ է, քանի որ աղքատ է համարվում այն անձը, որի սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության ստորին գծից, որը կազմում է մոտ 35 000 դրամ։