Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին հանդիպել է Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ:

Արցախի նախագահականից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին հիմնական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները:

Մտքեր են փոխանակվել Արցախի ապագայի վրա տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի ազդեցության և իշխանությունների հնարավոր անելիքների շուրջ:

***

Այսօր` ժամը 19:00-ին, գումարվելու է Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ Ազգային ժողովի հայտարարության մասին օրակարգով։

Ավելի վաղ՝ ապրիլի 13-ին, Արայիկ Հարությունյանն հրավիրել է աշխատանքային հրատապ խորհրդակցություն, որի ընթացքում հայտնել էր, թե «հանդիպումը կայանում է Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պահանջով, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին ՀՀ Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ արված հայտարարությունը հանրության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել»:

Ապրիլի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովին ներկայացրել էր կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2021-ի տարեկան զեկույցը: Նա նաև խոսել էր Արցախի կարգավիճակից․

«Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է. լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար»,- նշել էր Փաշինյանը։ Վերջինիս խոսքով՝ նույն միջազգային հանրությունը ցանկանում է, որ Հայաստանը «մի փոքր իջեցնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը»։

Մեկնաբանել