Փաշինյանի պնդումը սխալ է և անհիմն՝ Լաչինի միջանցքի լայնությունը նշված եղել է

լաչինի միջանցք

Հովհաննես Նազարեթյան

#CivilNetCheck

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ապրիլի 14-ին իր ելույթում, խոսելով Ղարաբաղյան բանակցությունների մասին, պնդեց, որ Լաչինի միջանցքի լայնությունը որևէ փաստաթղթում չի նշվել։

«Խոսում են, հեքիաթներ են պատմում՝ Լաչինի միջանցքն այսպես պետք է լիներ, Լաչինի միջանցքն այսպիսին պետք է լիներ. Լաչինի միջանցքի լայնության մասին բանակցային ոչ մի փաստաթղթում ոչինչ չկա: Դա հետո պիտի քննարկվեր»,- ասաց Փաշինյանը։

Այս պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Ղարաբաղյան կարգավորման հրապարակային հասանելի որոշ փաստաթղթերում Լաչինի միջանցքի լայնությունը նշված եղել է։

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով Լաչինի միջանցքը պետք է ունենա 5 կմ լայնություն, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։

Տասնամյակներ տևած բանակցային գործընթացի ընթացքում քննարկվել և ներկայացվել են մի շարք փաստաթղթեր և առաջարկություններ, որոնցում Լաչինի միջանցքի մասով եղել են տարբեր կարգավորումներ։

Ո՞ր փաստաթղթերում է հստակ նշվել լայնությունը

Այսպես, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հրապարակած՝ 1997-ին Մինսկի խմբի կողմից առաջարկված փուլային կարգավորման փաստաթղթում Լաչինի միջանցքի համար առաջարկվել է 20 կմ լայնություն։

«Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միջև ազատ, անխոչընդոտ և անվտանգ տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու նպատակով՝ Լաչինի ճանապարհի երկայնքով սահմանվում է տարանցիկ գոտի՝ 20 կմ միջին լայնությամբ»,- ասվում է փաստաթղթում։

Ըստ 1997-ին քննարկված «փուլային» տարբերակի, որը հրապարակել է լրագրող Թաթուլ Հակոբյանը, հայկական կողմին էր մնում Լաչինի ամբողջ շրջանը։ Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը «բերվում են ԼՂԻՄ 1988թ. սահմանագծից ներս՝ բացառությամբ Լաչինի շրջանի»։ Իսկ հետագայում ձևավորվող բուֆերային գոտին պետք է անցներ 1988թ. ԼՂԻՄ սահմանագծի և Լաչինի շրջանի հյուսիսային և հարավային սահմանագծերի երկայնքով։

Ըստ Հակոբյանի, որը 2005-06 թթ. որպես լրագրող հնարավորություն է ունեցել արտգործնախարարությունում ծանոթանալ 2001-ին քննարկված քիվեսթյան փաստաթղթին, դրանում միջանցքի լայնությունը կրկին նշվել է 20 կմ։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2021-ի դեկտեմբերի ասուլիսում հայտարարել էր, որ Քի Վեսթի փաստաթղթով Լաչինի միջանցքը ունենալու էր 42 կմ լայնություն և նույն կարգավիճակը, ինչ կունենար Արցախը։ «Միջանցքի լայնությունը, ինչը փատաթղթերում գրված չէ, բայց … ես այն ժամանակ այսպես էի ձևակերպել՝ «Գրադի» հեռահարության երկու կողմի վրա՝ 21-21՝ 42 կմ միջանցքով»,- ասել էր Քոչարյանը։

Լաչինի միջանցքի լայնության մասին չի նշվում Մադրիդյան (2007) և Կազանյան (2011) փաստաթղթերում։ Դրանք շարադրում են հակամարտության լուծման սկզբունքները։ Երկուսում էլ նշվում է, որ Լաչինի միջանցքի լայնքը պետք է համաձայնեցվի կողմերի միջև։ Կազանյան փաստաթղթում նշվում է, որ կողմերը պետք է ձևավորեն առանձին հանձնաժողովներ՝ այդ թվում Լաչինի միջանցքին վերաբերվող տեխնիկական մանրամասների քննարկման նպատակով։

Հատկանշական է, որ 2020-ի պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակում Լաչինի միջանցքի լայնությունը սահմանված էր 30 կմ, իսկ երկրորդ տարբերակում այն նեղացվել և դարձել էր 10 կմ, բայց Ալիևը դրան ևս չի համաձայնել։ «Արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց 5 կմ լայնությամբ միջանցքի շուրջ։ 5 կմ լայնությամբ միջանցքը բավականաչափ տարածություն է ընդգրկում թե՛ մեզ, թե՛ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի, թե՛ անվտանգությունն ապահովելու համար»,- հայտարարել էր նա։

***

Այսպիսով, Փաշինյանի պնդումը սխալ է և անհիմն։ Ղարաբաղյան հակամարտության լուծման շուրջ երկարատև բանակցությունների ընթացքում քննարկված որոշ փաստաթղթերում նշված է եղել Լաչինի միջանցքի լայնությունը։

Մեկնաբանել