Ադրբեջանի կառավարությունը Ֆեյսբուքում կիբերլրտեսության գործողություններ է իրականացրել

Ռոբին ֆաբրո, Իսմի Աղաև, OC Media

Ֆեյսբուքը Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանը մեղադրել է մի ցանցի գործարկման մեջ, որը փորձել է կոտրել և վարկաբեկել երկրում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Ապրիլյան «Հակառակորդի սպառնալիքների մասին» (Adversarial Threat Report) եռամսյակային զեկույցում Ֆեյսբուքը հայտնում է նախարարության կողմից շահագործվող «հիբրիդային ցանցի» վնասազերծման մասին, որը «կիբեր լրտեսությունը համատեղում էր համակարգված, ոչ վավեր վարքագծի հետ»:

Ըստ զեկույցի, թիրախավորված մարդկանց օգտանուններն ու գաղտնաբառերը ձեռք բերելու նպատակով կառավարությունը կոտրել և կեղծել է կայքեր հիմնականում Ադրբեջանում, որոշները՝ նաև Հայաստանում։

Ըստ Ֆեյսբուքի՝ իրենց բացահայտումները հաստատում են OC Media-ի զեկույցն այն մասին, որ 2021-ին Բաքվում Կանանց միջազգային օրվա երթից մեկ օր անց, ենթադրաբար կառավարության կողմից, կոտրվել էր կանանց իրավապաշտպան Նարմին Շահմարզադեի ֆեյսբուքյան էջը:

Զեկույցում նաև ասվում է, որ կեղծ և կոտրված էջերն ու հաշիվները օգտագործվել են «Ադրբեջանում կառավարական ընդդիմության, ակտիվիստների, լրագրողների և քաղաքացիական հասարակության այլ անդամների մասին քննադատական կամ անպատեհ մեկնաբանություններ» տեղադրելու համար։

Ադրբեջանի կառավարությունը հաճախ է մեղադրվում քննադատների էլեկտրոնային սարքերն ու հաշիվները կոտրելու մեջ՝ նյութերը հետագայում շանտաժի համար օգտագործելու նպատակով:

2021-ի հուլիսին լրագրողական մի կոնսորցիում, որում ե՛ն Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP), The Guardian և The Washington Post պարբերականները, բացահայտեցին, որ մի շարք երկրներ օգտագործել են իսրայելական Pegasus լրտեսող ծրագիրը՝ իրենց ընդդիմախոսների հեռախոսները գաղտնալսելու համար: Հետաքննությունը պարզել է, որ Ադրբեջանի կառավարությունը կոտրել է տասնյակ լրագրողների, իրավաբանների, քաղաքական ակտիվիստների և իրավապաշտպանների հեռախոսները։

Կիբերանվտանգության փորձագետ և Majlis.info պորտալի հիմնադիր Իմրան Ալիևը OC Media-ին ասել է, որ Ֆեյսբուքը և սոցիալական մյուս ցանցերը «շատ արդյունավետ» օգտագործվել են Ադրբեջանի կառավարության կողմից՝ այլախոհությունը ճնշելու համար:

Ըստ նրա՝ երբ նման մեթոդները բավարար չեն լինում՝ կառավարությունը դիմում է «ավանդական մեթոդներին, ինչպիսիք են ապօրինի հսկողությունը, ոտնձգությունները, ձերբակալությունը և այլն»։

Ըստ Իմրան Ալիևի՝ այս մեթոդները կշարունակեն աշխատել Ադրբեջանի նման ավտորիտար վարչակարգերում, «որքան էլ Ֆեյսբուքը կամ խոշոր այլ ընկերություններ խստացնեն անվտանգության միջոցները»։

OC Media-ն մեկնաբանություն ստանալու համար դիմել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանը։

Մեկնաբանել