ԱՄՆ-ն պատրաստ է Երևանին և Բաքվին օգնել խաղաղություն հաստատելու հարցում

Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Երևանին և Բաքվին համապարփակ խաղաղություն հաստատելու գործում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի հասնելու գործընթացի խթանմանը։ Մենք ողջունել ենք ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպումը, խաղաղ բանակցություններին և սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ձևավորմանը նախապատրաստվելու դրական դինամիկան: Ինչպես բրյուսելյան հանդիպման նախօրեին՝ ապրիլի 5-ին, երկու երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցներում նշել է պետքարտուղարը, մենք շարունակում ենք խրախուսել խաղաղությանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի հետագա բանակցությունները»,- ասել է Փրայսը:

Պետդեպարտամենտի խոսնակը հաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է փոխգործակցել համախոհ գործընկերների հետ, այդ թվում ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, որպեսզի օգնի Հայաստանին և Ադրբեջանին հասնելու երկարաժամկետ համապարփակ խաղաղության։