Արցախում լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը․ Էդուարդ Աղաջանյան

Արցախի մեր գործընկերները լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը․ արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով Արցախի Ազգային ժողովի ապրիլի 14-ի հայտարարությանը։

«Կարող եմ ընդամենը ենթադրել, որ մեր գործընկերները հավանաբար լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը։ Հակառակ պարագայում ես որևէ բացատրություն չեմ կարող գտնել այդ հայտարարության հիմքում։ Որևէ գործընթաց արցախցիների թիկունքում չի կարող լինել։ Այս ամբողջ գործընթացը միտված է հենց արցախցիների, արցախահայության իրավունքների պաշտպանությանը և դրանց իրացմանը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի հարցում «հայկական կողմի նշաձողն» իջեցնելու մասին հայտարարությանը՝ Աղաջանյանը նշեց․ «Խոսքն առաջին հերթին այն նշաձողի մասին է, որի արդյունքում կապահովվի Հայաստանի շուրջ միջազգային հանրության այնպիսի կոնսոլիդացիա, որի արդյունքում առնվազն հայանպաստ լուծումը կդառնա առավել հավանական։ Մենք ունենք 30 տարվա բանակցային փորձ, որի ընթացքում մենք ունեցել ենք որոշակի նշաձող, այդ թվում դրանով պայմանավորված ՀՀ-ն այդ 30 տարիների ընթացքում եղել է դիվանագիտական մեկուսացման մեջ։ Ժամանակն է հետևություն անել մեր սխալներից»։

Էդուարդ Աղաջանյանը կարծում է, որ Ադրբեջանի կազմում Արցախի հնարավոր որևէ կարգավիճակի մասին խոսակցությունները «շատ տարածվող վերնագիր դառնալու նյութ է»։

«Ուզում եմ փորձենք մեկընդմիշտ այս թեման փակել։ Որևէ լուծում, որի արդյունքում արցախցիները համաձայն կլինեն շարունակել ապրել Արցախում, կարծում եմ, դա պետք է որ ընդունելի լինի բոլորի համար։ Եթե պայմանը այն է, որ արցախցիների համար դա ընդունելի է, ենթարդում եմ, որ Հայաստանի համար ևս ընդունելի է։ Խոսքն այնպիսի պայմանների մասին է, որոնց արդյունքում կապահովվեն արցախահայության բոլոր իրավունքները, որոնց առկայության պայմաններում ենթադրվում է, որ արցախցիները չեն ուզենա լքել Արցախը։ Հակառակ պարագայում, այն լուծումը, որը կառաջարկվի, բնականաբար, չի լինի ՀՀ շահերին համապատասխան։ Որևէ լուծում, որի արդյունքում Արցախը պետք է հայաթափվի, չի կարող լինել ընդունելի ՀՀ-ի համար»,- ասաց պատգամավորը։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Արցախի կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողն իջեցնելու մասին: Նրա խոսքով՝ Երևանի համար այլևս առաջնահերթություն է արցախցիների անվտանգության և իրավունքների պաշտպանության թեզը, որից, ըստ հայկական կողմի, պետք է բխեցվի Արցախի կարգավիճակը:

«Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, դրանից բխեցնելով կարգավիճակը»,- Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցը ներկայացնելիս ասել է վարչապետը։

Արցախի Ազգային ժողովն ապրիլի 14-ին հրավիրած արտահերթ նիստում հայտարարություն է ընդունել, որով ՀՀ իշխանություններից պահանջում է հրաժարվել «աղետալի դիրքորոշումից»։