Կառավարության ծրագրի (ԱՆ)կատարողականից անդին

Ապրիլի 13-ին Ազգային ժողովի նիստում կառավարության ծրագրի՝ 2021-ի կատարողականի զեկուցման ժամանակ երկրի ղեկավարը խոսեց ամեն ինչից, բացի այն սխալներից ու թերացումներից, որոնք թույլ էր տվել ինքն ու իր թիմը անցած տարում, իսկ դրանք քիչ չէին։

Մենք որոշեցինք ներկայացնել կառավարության այլընտրանքային՝ իրականությունն արտացոլող կատարողականը՝ կետերով, և այսպես՝ 2021-ին.

  • Ադրբեջանական զինուժը ներխուժեց ՀՀ տարածք ու շարունակում է ամրանալ
  • Հայաստանը կորցրեց Գորիս-Կապան միջպետական ճանապարհը
  • Հայաստանը կորցրեց Կապան-Ճակատեն ճանապարհը
  • Հայաստանը այդպես էլ չկառուցեց Որոտանին ու ևս երկու գյուղերին, Ճակատենին ու ևս հինգ գյուղերին միացնող այլընտրանքային ճանապարհները
  • Չլուծեց գերիների հարցը. 38 անձ առ այսօր գերության մեջ է
  • Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք սահմանամերձ գյուղեր տուժեցին ադրբեջանական ագրեսիայից, նրանք կորցրին վարելահողեր, դաշտեր ու անասուններ
  • Այդպես էլ ոչինչ չիրականացվեց ապաշրջափակման ուղղությամբ. Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգծի հայկական մասի կառուցումը անգամ չի էլ նախագծվել
  • Հայելային հետքաշման առաջարկը Հայաստանի իշխանությունը չկարողացավ միջազգային օրակարգ մտցնել
  • Հայաստանը ողջ տարվա ընթացքում շարժվեց բացառապես ադրբեջանական օրակարգով, խաղաղության պայմանագիրը մաքուր ադրբեջանական օրակարգ է
  • Բանակի բարեփոխումներ չիրականացվեցին, Հայաստանում այդպես էլ տեղի չունեցավ լայնամասշտաբ զորավարժություն
  • Արցախի ինքնորոշման հարցը այդպես էլ չմտցվեց միջազգային օրակարգ
  • Իշխանությունը չկարողացավ համոզել կամ դիվանագիտական ճնշման միջոցով ՀԱՊԿ-ին ստիպել կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները։

Ձախողումներ՝ կատարողականից անդին

Բայց վերանանք կատարողականից և խոսենք այս իշխանության խոշոր ձախողումների մասին։ Ի վերջո, դժվար է չհամաձայնել, որ Նիկոլ Փաշինյանի միակ հաղթանակը լայն իմաստով իշխանության գալն էր։ Պաշտոնավարման չորս տարիների ընթացքում նրա և թիմի բոլոր խոշոր նախաձեռնությունները ձախողվեցին։

Իշխող թիմի գործելաոճը գրեթե միաձև է եղել․ որևէ բան նախաձեռնելիս հնարավորինս պաթետիկ ներկայացվել է ճանապարհային քարտեզը և համեմվել նախկինների մեղքի բաժնով։

Ձախողումներից ամենախոշորներին անդրադառնանք առանձին-առանձին։

Մարտի 1-ի գործ

Այս քրեական գործը, թերևս, ցուցիչ է։ Այն լավագույնս ներկայացնում է, թե որքան անհեռատես ու ոչ սկզբունքային վերաբերմունք ունի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կարևորագույն հարցերի ու այն նպատակների հանդեպ, որոնք հենց իրենք էլ սահմանել են։ Իշխանության գալու առաջին ամիսներին մի ողջ քննչական համակարգ Նիկոլ Փաշինյանի հրահանգով սկսեց զբաղվել Մարտի 1-ի բացահայտման գործով, այնուհետև այս «պայքարին» Փաշինյանի հորդորով միացավ Երևանի ու մարզերի բնակչությունը՝ շրջափակելով դատարանները, հետո՝ Ազգային ժողովը՝ փոխելով սահմանադրությունը (չհաշված այդպես էլ տեղի չունեցած՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն)։

Բավական ծավալուն նախաքննությունը մտավ դատարան, իսկ ավելի ուշ տապալվեց․ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների վրայից հանվեց սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը։ Այս համատեքստում ամենահեգնականը 2021-ի մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր՝ գործի «ֆոնը բացահայտված է»։ Այս հայտարարությունը հնչում էր այն պայմաններում, երբ այդպես էլ չբացահայտվեցին Մարտի 1-ի իրական կազմակերպիչները և տասն անձանց սպանողները։

Անցումային արդարադատություն

2018-ին հանրահավաքներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ազդարարեց անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման մասին։ Տարբեր հանդիպումներ, քննարկումներ, ելույթներ ու պարզաբանումներ եղան, իսկ արդյունքը՝ զրոյական։ Անցումային արդարադատության ոչ մի գործիքակազմ այդպես էլ չստեղծվեց։

Վեթինգ

2019-ի մայիսին Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատման փաստով պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանը մարդկանց կոչ արեց դուրս գալ փողոց ու շրջափակել դատարանները։ Նույն ամսին նա հայտարարեց, որ պետք է իրականացնել վեթինգ, հետագայում պարզվեց, որ վեթինգ հնարավոր չի իրականացնել, քանի որ Սահմանադրությունը թույլ չի տալիս։ Իշխանությունները ներդրեցին բարեվարքության գործիքակազմը ու սկսեցին արդարանալ, որ «փափուկ վեթինգի» ճանապարհով են գնում։

Պատերազմ

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Գորիս-Կապան ճանապարհի փակումը

Երբ 2020-ի դեկտեմբերին հայկական ուժերը Նիկոլ Փաշինյանի հրամանով հետ քաշվեցին Կուբաթլուի և Զանգելանի շրջաններից, վարչապետն այդ քայլը հիմնավորում էր հերթական պատերազմից խուսափելու հանգամանքով։ Ասում էր՝ ձեռնարկված միջոցի էությունն «այն էր, որ վերահսկողության տակ գտնվող տարածքը համընկնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հետ, այդ դեպքում ՌԴ-ի անվտանգային պարտավորությունները ՀՀ-ի նկատմամբ, գործարկելու որևէ խոչընդոտ չլինի»։

Դրանից կարճ ժամանակ անց ադրբեջանական կողմը ներխուժեց Հայաստանի տարածք, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի մատնանշած «ՀԱՊԿ պատասխանատվության գոտի»։ ՀԱՊԿ-ն այդպես էլ չմիջամտեց, իսկ իշխանությունն այս անգամ սկսեց բողոքել այդ կառույցից։ Տեղին է հիշեցնել 2021-ի նոյեմբերին մարտական գործողությունները Ջերմուկի ու Իշխանասարի դիրքերում, երբ իշխանությունը խոսում էր պաշտոնական Մոսկվային դիմելու մասին ու ոչինչ չարեց։

2021-ին ադրբեջանցիները հայտնվեցին Գորիս-Կապան ճանապարհին, ընդ որում՝ ճեմելով։ ԱԱԾ-ն պարզապես Հայաստանի քաղաքացիներին հեռախոսամար էր տրամադրում՝ խնդիրների դեպքում զանգահարելու համար, «խնդիրներ» ունեցողներ էլ եղան․ Հայաստանի մի քանի քաղաքացիներ, ըստ ԱԱԾ-ի «ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվեցին մայրուղուց և հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում», հետո ազատ արձակվեցին։

Ավելի ուշ Հայաստանը պարզապես կորցրեց Գորիս-Կապան հիմնական ճանապարհը։

Վերջաբան

Այս ձախողումներից և ոչ մեկը կառավարությունը չի խոստովանել։

Այսօր Հայաստանը կանգնած է արտաքին քաղաքական ծանր մարտահրավերների առաջ՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով ու Ռուսաստանի և Արևմուտքի մեծ առճակատմամբ։ Արցախի հարցը անորոշ է ինչպես երբևէ, իսկ իշխանությունը հայտարարում է «Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու ու խաղաղություն բերելու մասին»։

Ապրիլի 13-ին Ազգային ժողովի ամբիոնի մոտ Նիկոլ Փաշինյանն ընդունեց իր մեղքը, բայց ոչ թե պատերազմում պարտության, ոչ էլ՝ անհեռատես դիվանագիտության համար, այլ որ «2018, 2019 թվականներին հանրության առաջ չի կանգնել ու չի բարձրաձայնել, որ մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք յոթ հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։

Ինչո՞ւ է վարչապետը մեղայականով հանդես գալիս պատերազմից մեկուկես տարի անց, որովհետև հիմա, հենց հիմա Նիկոլ Փաշինյանը կանգնած է նոր, ավելի ճակատագրական ճամփաբաժանի առաջ։

Կհաջողվի՞ արդյոք կառավարությանն առանց ձախողման դուրս գալ այս իրավիճակից․․․

Հարցը հռետորական չէ, այլ իրական, իսկ դրա պատասխանը, միանշանակ, ճակատագրական բոլորիս համար։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել