Հայ-թուրքական գործընթացում Անկարան հապաղում է՝ սպասելով հայ-ադրբեջանական գործընթացի ելքին

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն ապրիլի 14-ին քննադատել է հայկական կողմին Թուրքիայում կամ Հայաստանում չհանդիպելու համար: Մասնավորապես, նա ասել է հետևյալը. «Մի կողմից, Հայաստանը ցանկանում է հարաբերությունների կարգավորում, սահմանների բացում, սակայն, մյուս կողմից, համարձակություն չի ցուցաբերում հանդիպելու Թուրքիայում կամ Հայաստանում: Եթե չենք կարողանում մեր երկրներում հանդիպում կազմակերպել, ապա ինչպե՞ս ենք այլ հարցերում քայլեր անելու»: Կարևորելով վստահության ամրապնդումը՝ նա ողջունել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքների շուրջ պայմանավորվածությունն ու սահմանազատման համատեղ հանձնաժողովի ստեղծումը:

Այս հայտարարությանը պատասխանել է Հայաստանի ԱԳՆ-ն՝ նշելով, որ ոչ թե հանդիպման վայրն է կարևոր, այլ քաղաքական կամքը՝ ակնարկելով, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, և հենց Անկարան պետք է առարկայական քայլերի դիմի: Երևանը նաև մատնանաշել է, որ Թուրքիան երկկողմ գործընթացը առաջ է տանում Ադրբեջանի հետ համակարգմամբ:

Արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանն ու Թուրքիան ուղիղ բանակցություններ են վարում: Մինչև այսօր ամենաբարձր մակարդակի հանդիպումը տեղի է ունեցել երկու պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակով Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում։ Երկու անգամ էլ Մոսկվայում և Վիեննայում բանակցություններ են վարել Հայաստանի ու Թուրքիայի նշանակած հատուկ ներկայացուցիչները, որոնց հերթական երրրորդ հանդիպումը անցնելու է Ավստրիայի մայրաքաղաքում:

Երկու պետություններից հնչող պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ Երևանն ու Անկարան ցանկանում են հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ: Ընդ որում, երկու կողմն էլ նշում են, որ կարգավորման գործընթացն ընթանում է առանց նախապայմանների:

Սակայն արդյոք Թուրքիան հավատարի՞մ է իր հայտարարած սկզբունքներին և անկաշկանդ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում: Ի վերջո, Անկարան պատրա՞ստ է վճռական քայլերի, թե՞ ոչ:

Իրականում թուրքական կողմը ամենևին չի թաքցնում, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը իրականացնում է ադրբեջանական կողմի հետ համաձայնեցմամբ: Թուրքիան, ամեն անգամ խոսելով հայ-թուրքական գործընթացի մասին, պարբերաբար հիշատակում է նաև ադրբեջանական օրակարգը՝ ընդգծելով Բաքվի կողմից Երևանին առաջարկված խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին: Պատահական չէ, որ Թուրքիան ողջունեց ապրիլի 6-ին բրյուսելյան հանդիպման պայմանավորվածությունները:

Այլ կերպ ասած՝ Թուրքիան, Երևանի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու հայտարարություններից անկախ, կարգավորման գործընթացն ուղղակիորեն պայմանավորում է Ադրբեջանով: Ավելին՝ տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում չի շտապում գործնական քայլեր անել, մինչև որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության շուրջ հստակ պայմանավորվածությունների չհասնեն:

Այդ ամենը լիովին տեղավորվում է ադրբեջանա-թուրքական հարաբերությունների տրամաբանության, ինչպես նաև Հարավային Կովկասում Թուրքիայի հետապնդած քաղաքականության համատեքստում: Անկարան հետպատերազմական փուլում առաջին հերթին դնում է մեր տարածաշրջանի կայունության ու զարգացման հեռանկարների հարցը՝ նկատի ունենալով, որ այն պետք է սպասարկի Անկարայի ու Բաքվի շահերը:

Ի վերջո, Անկարան վստահության բարձրացման անհրաժեշտության մասին խոսելուն զուգահեռ կարող էր իր խոսքերն ամրապնդող ժեստեր անել՝ Երևանի ու Ստամբուլի միջև օդային հաղորդակցության վերականգնումից բացի: Այնինչ, Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունից կարելի է ենթադրել, որ Թուրքիան անգամ հապաղում է ցամաքային սահմանը բացել դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, որոնց թիվն անհամեմատ սահմանափակ է:

Այսպիսով, թուրքական կողմը, սպասարկելով ադրբեջանական օրակարգը, չի շտապում գործնական քայլերի դիմել Հայաստանի հետ հարաբերություններում: Հետևաբար, Հայաստանին էլ չի հաջողվել հայ-թուրքական կարգավորման գործընթացը տարանջատել ադրբեջանականից, ինչը միանշանակ կբխեր Երևանի շահերից: Այդ իրողությունը, անշուշտ ունի օբյեկտիվ պատճառ, քանզի դրան տեսականորեն կարելի է հասնել երկարաժամկետ հեռանկարում, իսկ այժմ Հայաստանը ստիված է գործել ու քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ու Թուրքիայի միջև սերտ համաձայնեցման պայմաններում:

Մեկնաբանել