Ո՞ւմ հետ էր բանակցում Հայաստանը․ Հայկ Մամիջանյանը հակասում է Սերժ Սարգսյանին

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Ապրիլի 15-ին Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Հայկ Մամիջանյանը ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ հայկական կողմը ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված բանակցությունները վարում էր Մինսկի խմբի համանախագահների, այլ ոչ թե Ադրբեջանի հետ։

«Մեզ բացարձակ չի էլ հետաքրքրում, որ դրանք (Կազանյան փաստաթուղթ և այլ առաջարկվող լուծումներ – խմբ.) ընդունելի լինեն Ադրբեջանի կողմից, մենք բանակցում էինք համանախագահների հետ, որոնք հետագայում պարտադրանքի ուժով, ինչպես որ ասել է Ալիևը 2016 թվականին, պարտադրելու էին Ադրբեջանին հնարավորինս հայանպաստ լուծում»,- պնդեց Մամիջանյանը։

Նախ, ԵԱՀԿ Մինսկի խմբի լիազորությունների և գործառույթների մեջ, որոնք սահմանվել են դեռ 1995-ին, չի մտնում որևէ կողմի պայմանագրի ստորագրում պարտադրելը։ Մինսկի խմբի համանախագահների մանդատի մեջ է մտնում՝ կողմերի հետ մշակել ընդհանուր հիմունքներ՝ բանակցությունների համար, խթանել անմիջական շփումները, առարկայական բանակցությունները և աշխատել կողմերի հետ վստահության ամրապնդման միջոցառումների ուղղությամբ։

Այս պնդումը հակասում է ՀՀ նախկին երկու նախագահների հայտարարություններին։ Հայաստանը բանակցել է Ադրբեջանի հետ՝ Մինսկի խմբի շրջանակում՝ համանախագահների միջնորդությամբ։ Թեզը, թե Հայաստանին «չի հետաքրքրել» Ադրբեջանի դիրքորոշումը, անհիմն է։ Դրան անուղղակիորեն հակադարձել են նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։

Այսպես, օրինակ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2021-ի դեկտեմբերի ասուլիսում հայտարարել էր, որ 2001 թվականին Քի Վեսթում փաստաթղթի ընդունումը ձախողվեց, քանի որ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը վերջին պահին հրաժարվեց այն ստորագրել։

2016-ի նոյեմբերին Սերժ Սարգսյանը ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել էր, որ 2011-ին Կազանում կողմերը պետք է ստորագրեին փաստաթուղթ՝ հիմնված մադրիդյան սկզբունքների վրա, բայց կրկին Ադրբեջանը հրաժարվեց դա անելուց։ «Ցավոք, Կազանում Ադրբեջանը հրաժարվեց այդ սկզբունքից։ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները համոզված էին, որ մենք կստորագրենք, բայց Ադրբեջանը հրաժարվեց»,- ասել էր Սարգսյանը։ Երրորդ նախագահը հավելել էր. «Այս սկզբունքները գոյություն ունեն մինչև հիմա, բայց մեր պատրաստակամությունը ոչինչ չի նշանակում, որովհետև նման դեպքերում պետք է պատրաստ լինեն կողմերը, այլ ոչ թե մեկ կողմը»։

Այս ամենը ցույց է տալիս, որ ի հեճուկս Մամիջանյանի պնդման՝ Ադրբեջանի դիրքորոշումը հետաքրքրել է Հայաստանին, և որ բանակցությունները վարել են ոչ թե համանախագահների հետ, այլ նրանց միջնորդությամբ միայն։

Ավելին, հարց է առաջանում, որ եթե բանակցությունները վարվում էին համանախագահների հետ և նրանք պետք է պարտադրեին Ադրբեջանին, ապա ինչո՞ւ առնվազն երկու անգամ Ադրբեջանը վերջին պահին հրաժարավել է ստորագրել համաձայնեցված պայմանագրերը՝ 2001-ին և 2011-ին։

Մեկնաբանել