Պատերազմի լուռ զոհերը Ադրբեջանում

Invisible-victims-of-war-azerbaijan Կանայք մասնակցում են Ղարաբաղյան երկրորդ պատերազմում զոհված զինվորի հուղարկավորությանը։

Նարմին Շահմարզադե, OC Media

Հետպատերազմյան Ադրբեջանում զինվորների կանայք և այրիները հասարակության կողմից շարունակում են հարգանքի և հիացմունքի արժանանալ այնքան ժամանակ, քանի դեռ չունեն առարկություններ, ոչինչ չեն պահանջում և համերաշխ են տրավմաների հետ, որ իրենք և իրենց ընտանիքներն ստացել են պատերազմի հետևանքով։

Երբ խոսում ենք պատերազմների մասին, հաճախ մտածում ենք զենքերի, ռումբերի և զոհված զինվորների մասին. այրի կանանց և որբ երեխաների մասին հետո ենք միայն սկսում մտածել։

Հաճախ կա ընկալում, որ պատերազմում ամենաշատը տուժում են տղամարդիկ. նրանք, ի վերջո, իրենց զոհաբերում են կանանց, երեխաներին և իրենց հայրենիքը պաշտպանելու համար: Այնուամենայնիվ, տարիներ շարունակվող պատերազմը և ռազմական քարոզչությունը հստակ պատկերացում են տալիս այն մասին, թե որքան պատրիարխալ բնույթ ունի պատերազմը:

Ղարաբաղյան պատերազմի մասին խոսելիս՝ մեր ժողովուրդը միշտ հիշատակում էր պատերազմի ժամանակ բռնաբարված աղջիկներին, կանանց, հղիներին։ Թշնամու պատկերը մարդկանց մտքում չի ներառում միայն նրանց, ովքեր գրավում են հողը, այլ տարածվում է նաև նրանց վրա, ովքեր այդ հողում բռնաբարում են կանանց:

Ամիսներ առաջ զրուցեցի ծանոթներիցս մեկի հետ, որը ծառայում է բանակում։ Նա ասաց, որ Ադրբեջանը «բավականին ծանրակշռի պատճառներ» ունի կռվելու համար։

«Եթե մենք չպայքարենք, 1990-ականների վայրագությունները կկրկնվեն,- ասաց նա։- Դուք չգիտեք, բայց մենք սարսափելի բաներ էինք լսել այն կանանց կյանքի մասին, որոնց բռնաբարել էին, երբ մենք ծառայում էինք պատերազմի ժամանակ»:

«Դուք լսե՞լ եք, որ պատերազմի ժամանակ տղամարդկանց բռնաբարեն»,- հանդիմանեցի ես:

«Տարօրինակ կերպով ոչ։ Սա առաջին անգամ է, որ մտածում եմ այդ մասին»,- պատասխանեց նա։

Ռազմական քարոզչությունը համոզում է մարդկանց, հատկապես տղամարդկանց, որ իրենց կանայք և դուստրերը կբռնաբարվեն և գերի կընկնեն, եթե իրենք չգնան պատերազմ: Այս միտքն ուղղակիորեն պատրիարխալ է. այն ենթադրում է, որ կինը տղամարդու սեփականությունն է, և նրա կյանքը կախված է տղամարդու գործողություններից:

Եվ հետևաբար, քարոզչության զոհը ոչ միայն տղամարդիկ են, այլ ողջ հասարակությունը։ Կանանց և երեխաներին նույնպես համոզում են, որ նրանք թույլ են, և որ այս պատերազմը մղվում է նրանց պաշտպանելու համար։ Պատերազմը նշանակում է ամուսնու կամ հոր մահվան հավանականություն։ Այս հավանականության պատճառով նրանք էլ ավելի են լցվում ատելությամբ ինչպես կռվի, այնպես էլ այն ժամանակ, երբ զենքերը լռում են:

Բայցևայնպես, անկախ պատերազմում զինվորի ճակատագրից, եթե կա մեկը, որ տառապում է զինվորի չափ, ապա դա նրա կինն է։

2022-ին Կանանց միջազգային օրը «Pasha Life» ապահովագրական գործակալությունը տարածել է մի տեսանյութ, որը լայնորեն տարածվել է պաշտոնյաների կողմից:

Տեսահոլովակում երևում է, թե ինչպես է ոստիկանը մոտենում կամրջից նետվել պատրաստվող մի աղջկա և փորձում կանխել նրա ինքնասպանությունը՝ նրա հուզական ցավը համեմատելով նահատակների այրիների ցավի հետ։ Տեսանյութում ներկայացված կանայք իսկապես այրիներ էին: Գովազդային այդ հոլովակով փորձ է արվում ընդգծել այրիների հաստատակամությունը, և թե ինչպես են նրանք անսասան թվում ցավի և տառապանքի դեմ հանդիման:

Դուք կնկատեք, որ այս արշավը, բացի այլոց տրավմայի նվաստացման հաշվին մարտիրոսությունը փառաբանելուց, նաև փորձում է զինվորների այրիների վրա դնել ուժեղ, ռազմատենչ և իրենց ցավի հետ հաշտվելու ունակություն ունենալու պատասխանատվությունը:

Այնուամենայնիվ, նրանց գովաբանում են միայն այն ժամանակ, երբ նրանք չունեն առարկություններ, ոչինչ չեն պահանջում և համերաշխ են իրենց տրավմաների հետ, այլապես նրանք համարվում են անցանկալի:

Ինչ է հասարակությունն ակնկալում այրիներից

Կանայք հաճախ բախվում են ակնկալիքների խարանին, որոնք ուղղակիորեն կապված են իրենց ամուսինների բարեկեցության և անմիջական զինվորական ծառայության հետ:

Օրինակ, եթե ամուսինը պատերազմից վերադառնում է ոչ թե ֆիզիկական վնասվածքներով, այլ հոգեբանական տրավմայով, ապա կինը ստիպված է դիմակայել ամուսնու վշտի արտաքին դրսևորումներին:

Ամուսինների մոտ գիշերը խուճապի ուժեղ նոպաներ են լինում, նրանք գոռում են, ֆիզիկական բռնության դիմում, նրանց մոտ նաև հետտրավմատիկ սթրեսի հետ կապված այլ վարքագիծ է առաջանում, մինչդեռ կանայք ակնկալում են, որ ախտանիշները ժամանակի ընթացքում կվերանան:

Ցավոք, որոշ կանայք հայտնել են, որ իրենց ամուսինները պատերազմից հետո բոլորովին այլ մարդ են վերադարձել տուն: Շատ ընտանիքներ սովորում են հարմարվել կյանքին իրենց հայրերի և ամուսինների հետ, որոնց վրա պատերազմը սպիներ է թողել։

Շատ դեպքերում, և հատկապես Ադրբեջանում, պետությունը հաշվի չի առնում վետերաններին հոգեբանական պատշաճ օգնություն ցուցաբերելու կարևորությունը՝ արդյունավետ կերպով խոչընդոտելով նրանց վերաինտեգրմանը հասարակությանը և իրենց ընտանիքներին:

Ի վերջո, պետությունը, կարծես, անտարբեր է վետերանի ընտանիքի ճակատագրի նկատմամբ. ակնկալվում է, որ կանայք պետք է հարմարվեն այս փոփոխություններին, բուժեն իրենց ամուսիններին և նրանց կարիքները վեր դասեն սեփական կարիքներից:

Այնուամենայնիվ, եթե վետերանը հաշմանդամություն ձեռք բերած է վերադառնում տուն, հասարակությունն ակնկալում է, որ կինը պետք է հավատարիմ մնա ամուսնուն և երբեք չլքի նրան: Եթե հաշմանդամ վետերանի կինը իրեն պահում է հասարակության ակնկալիքներին համապատասխան և շարունակում է ապրել ամուսնու հետ, չնայած ակնհայտ դժբախտությանը, նա գնահատվում և հարգվում է որպես «լավ կին»:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմը շատերի համար անակնկալ էր, շատ տղամարդիկ հանկարծակի զորակոչվեցին: Ոմանք զոհվեցին մարտերում, իսկ մյուսները վերադարձան ընդմիշտ հաշմանդամ, ինչը շատ կանանց կարող է ստիպել խզելու իրենց հարաբերությունները հաշմանդամություն ունեցող վետերանների հետ:

Այդ կանայք հանրային պարսավանքի արժանացան ֆեյսբուքյան խմբերում և այլ հարթակներում, քանի որ հասարակությունն ակնկալում է, որ նրանք պետք է հոգ տանեն իրենց հաշմանդամ ամուսինների և նշանածների մասին և կիսեն նրանց ճակատագրերը:

Որոշ կանայք այնքան դժբախտ եղան, որ պատերազմում կորցրին և՛ իրենց ամուսիններին, և՛ որդիներին: Այս այրիները հաճախ բարձրացվում են հերոսի կարգավիճակի, որոնց հասարակությունը համակրում է: Այնուամենայնիվ, հանրային այս աջակցությունը տևում է միայն այնքան ժամանակ, քանի դեռ կինը վշտի մեջ է, քանի դեռ նա չի որոշել վերակառուցել իր կյանքը:

Ենթադրենք նա կասկածի տակ է դնում իր ամուսնու կամ որդու մահը և նախընտրում է չհամակերպվել նրանց մահվան հետ: Այդ դեպքում հասարակությունը դատապարտում և մեղադրում է նրան «ինչ-որ մեկի» ազդեցության տակ լինելու մեջ՝ բացառելով հավանականությունը, որ կինն այս եզրակացությանն է հանգել իր կամքով։

Սամայա Հաշիմովան՝ զոհված գեներալ Փոլադ Հաշիմովի մայրը, կորցրեց այն մեծարանքն ու հարգանքը, որին հասարակությունը նրան արժանացրել էր ամիսներ առաջ, այն բանից հետո, երբ կասկածի տակ դրեց որդու մահը։

Երկու տարի առաջ մի կին, որը կորցրել էր որդուն 2016-ի ապրիլյան բախումների ժամանակ, իր հարսին մեղադրեց անբարոյական լինելու մեջ և հայտարարեց, որ նա արժանի չէ իր որդու անվանը, քանզի ցանկանում է կրկին ամուսնանալ: Նույնիսկ ուղիղ հեռարձակումների ժամանակ նմանատիպ մեղադրանքներ էին հնչում ապագա հարսնացուի հասցեին այն բանի համար, որ նա դեմ է գնում հասարակության ակնկալիքներին և իր ողջ կյանքում հավատարիմ չի մնում իր զոհված ամուսնուն:

Նույնիսկ նրանք, ովքեր համակերպվել են իրենց ցավին, առնվազն հրապարակայնորեն, չեն կարողանում խուսափել հասարակության հսկողությունից: Զոհվածներից մեկի մայրը, որը լուսանկարվել էր պետական մի պաշտոնյայի հետ, քննադատության ենթարկվեց իր մազերը կարմիր ներկելու համար։ Ճնշումների ենթարկվելուց հետո նա ավելի ուշ արդարացրեց մազերի գույնը փոխելու որոշումը՝ բացատրելով, որ 40 տարեկան է, մազերը սպիտակում են:

Պատերազմի ընթացքում և դրանից հետո կանանց կարիքները հետին պլան են մղվում համեմատած իրենց ընտանիքների կարիքների: Նրանք հաճախ ամաչում են իրենց ցանկություններն արտահայտելու համար, նրանց ստիպում են հավատալ, որ իրենց կարիքները պակաս կարևոր են, քան իրենց ամուսինների ճակատագրերը: Նրանք սովորել են, որ պետք է շփոթմունքի և ամոթի զգացում ունենան, նույնիսկ երբ խոսում են իրենց ուզածի մասին։

Կարծում եմ, որ այս խարանի հիմքում ընկած պատճառն այն է, որ կանայք մեղադրվում են պատերազմում չկռվելու համար, թեև նրանց ամուսինները, սիրեցյալները, հայրերը և եղբայրները պնդում են, որ պատերազմներում կռվում են նրանց պաշտպանելու համար:

Կանայք, որոնց ցանկությունները ճնշված են և որոնք դատապարտված են ծանր պայմաններում ապրելու, թշնամուն են մեղադրում այն ամենի համար, ինչի միջով ստիպած են լինում անցնել․ չլիներ թշնամին, նրանց ամուսինները ստիպված չէին լինի կռվել, զոհվել կամ հաշմանդամություն ձեռք բերել: Սա մեծ ատելություն է առաջացնում։

2018-ին համալսարաններից մեկում հանդիպման մասնակցեցի մի կնոջ հետ, որի ամուսինը նահատակվել է 2016-ի ապրիլին: Այդ հանդիպումն ինձ համար շատ դժվար էր. իմ առջև էր մի շատ տխուր և ուժեղ կին, որը կորցրել էր ամուսնուն և ստիպված եղել միայնակ մեծացնել երեխաներին։

Ատելությունը, սակայն, ներթափանցեց այդ տեսարանում տիրող տխրության մեջ։ Այս կռիվների ու պատերազմների պատճառով այրին զայրույթով և ատելությամբ էր լցված միայն մյուս կողմի նկատմամբ։

Ինչ-որ բան ինձ հուշեց, որ մյուս կողմում մեկ այլ կին, որը կորցրել էր ամուսնուն, նույնպես տխուր է, վիրավոր և լի նողկանքով։ Նա նույնպես մեզ է մեղադրում իր որդու, ամուսնու և հոր մահվան մեջ։

Այս փոխադարձ ատելությունը, որը պետք է ուղղվի պատերազմ հրահրող կառավարություններին, որոնք չլուծված հակամարտությունների ջատագովներ են, պահպանվում է այն մարդկանց համար, որոնք ենթարկվում են հրամաններին:

Պատերազմի ժամանակ կառավարությունները կանանց որպես գործիք են օգտագործում իրենց նպատակների և ռազմատենչ քարոզչության համար։

Նրանք կանանց համոզում են, որ պատերազմը մղվում է կանանց պաշտպանելու համար, և այն գինը, որ վճարում են այդ պաշտպանության համար, իրենց հետագա դժվար կյանքն է:

Եթե կարողանանք կանխել և երկու կողմերում էլ կանայք ռազմական քարոզչության զոհ չդառնան, մի օր գուցե կարողանանք լուրջ աշխատանք տանել մշտական, կայուն խաղաղության համար: Եթե կարողանանք կանանց բացատրել, որ իրենց ապրած ծանր կյանքի հեղինակները ոչ թե ազգեր են եղել, այլ կառավարություններ, ապա կարող ենք ապագա սերունդներին փրկել պատերազմի և ատելության վտանգից։