Եթե դառնաս Չեմբեռլեն, ի վերջո քեզ կփոխարինի հայկական Չերչիլը․ Էրիկ Հակոբյանի անդրադարձը Փաշինյանի «խաղաղության օրակարգին»

Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենը, 1938 Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենը։ 1938-ի սեպտեմբերին Նացիստական Գերմանիային խաղաղեցնելու համար նա ստորագրեց Մյունխենյան համաձայնագիրը՝ հնարավորություն տալով, որ Հիտլերը բռնակցի Բրիտանիայի դաշնակից Չեխոսլովակիայի Սուդետական մարզը։ Մյունխենից վերադառնալով՝ Չեմբեռլենը թափահարեց ստորագրված փաստաթուղթը (լուսանկարում)՝ ասելով, թե երկարատև խաղաղություն է բերել։ Ի պատասխան՝ նրա քաղաքական հակառակորդ Ուինսթոն Չերչիլը հայտարարեց․ «Պատերազմի և անպատվության միջև դուք ընտրեցիք անպատվությունը և կստանաք պատերազմը»։

Այս շաբաթվա իր հեղինակային հաղորդմանը Էրիկ Հակոբյանը քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերջին զարգացումները, անդրադառնում հարցին, թե արդյոք արցախահայության ինքնորոշման իրավունքի առաջնահերթությունը հետին պլան է մղվում։

Այս շաբաթ կխոսենք Արցախի կարգավիճակի վերաբերյալ ներկա կառավարության հռետորաբանությունում ակնհայտ փոփոխության մասին։ Տեսնենք՝ ինչպես է այն փոխվել։ Հայաստանի տարբեր վարչակազմերի, այդ թվում ներկա վարչակազմի դիրքորոշումը կայուն էր՝ Արցախի ժողովուրդը ունի ինքնորոշման իրավունք, որովհետև միջազգային իրավունքում տարածքային ամբողջականությունը հավասարազոր է ժողովուրդների ինքնորոշման իրավունքին։

Իրականում, սակայն, դա այդպես չէ։ Աշխարհի տերությունների մեծ մասը շատ ավելի կարևորում է տարածքային ամբողջականությունը, քան ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, բայց իրավականորեն դրանք հավասար կշիռ ունեն։

Անցած մի քանի ամիսներին ականատես ենք եղել բանակցությունների, որոնց գագաթնակետը ապրիլի 6-ին Բրյուսելում Փաշինյանի ու Ալիևի հանդիպումն՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլի Միշելի միջնորդությամբ, ու արդյունքում հայտարարությունը, որ երկրները շարժվում են խաղաղության բանակցությունների մեկնարկման ուղղությամբ։

Սա կառավարության ու վարչապետի կողմից ինքնորոշման իրավունքի մասին խոսելուց մարդու իրավունքների մասին խոսելուն անցում կատարելու շատ ավարտուն քայլ է։ Այսինքն, հիմա այս խնդիրը մարդու իրավունքների տիրույթում է, ինչն իհարկե, էական է այն առումով, թե ինչի ենք ձգտում մենք, սակայն այն նշաձողի իջեցում է ժողովրդի ինքնակառավարվելու և ինքն իրեն պաշտպանելու կարողությունից՝ ցեղասպանական վարչակարգի հետ գործ ունենալու համատեքստում։

Պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում տարածքային ամբողջականության այս հայեցակարգը։ Շատ տեխնիկական տեսանկյունից, 1992-ի ԱՊՀ համաձայնագրով երկու երկրներն էլ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Սակայն տարածքային ամբողջականությունը միշտ տարբեր մարդկանց համար տարբեր իմաստ է ունեցել։

Ալիևի համար դա Հայաստանի կողմից ճանաչումն է, որ Արցախը Ադրբեջանի տարածք է։

Վերջին երեսուն տարիների Հայաստանի դիրքորոշմամբ՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն Արցախը առանձին հարց է, որը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով, երբ խոսում ենք Արցախի վերջնական կարգավիճակի մասին։ Սա է միջազգային դերակատարների տեսակետը, որ չնայած երկրների՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, այս հարցը լուծված չէ և բանակցությունների ենթակա է։

Պետք է հասկանանք՝ որն է եղել Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը վերջին երեսուն տարիներին։ Պատճառներից մեկը, որ Հայաստանը երբեք չի ասել, որ ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այն է, որ բազմիցս կրկնել ենք՝ Արցախի հարցը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը արցախահայության ու Բաքվի իշխանությունների միջև է, և չի ներառում Հայաստանի Հանրապետությանը; և որ Արցախի բնակիչները ԽՍՀՄ գոյության ժամանակ օգտվել են գոյություն ունեցող իրավական գործիքներից՝ անջատվելու Ադրբեջանից։

Ինչո՞ւ է կարևոր հռետորաբանության այս փոփոխությունը․ եթե դու խոսում ես մարդու իրավունքներից, և չես խոսում ինքնորոշման իրավունքից՝ որպես առաջնահերթ նպատակ, դու դուռը բաց ես թողնում այն վերջնարդյունքի համար, որտեղ արցախահայությունը չի ունենում ինքնորոշման իրավունք։

Հռետորաբանության այս փոփոխությունը քննադատվեց լրատվամիջոցների ու ընդդիմության կողմից։ Սեյրան Օհանյանը կառավարությանը մեղադրեց Ալիևի վարչակարգի բոլոր բանակցային կետերի հետ համաձայնության մեջ։ Ես ամբողջությամբ համաձայն չեմ Օհանյանի հնչեցրած քննադատությունների հետ, բայց այնտեղ կա ճշմարտության մեծ մասնիկ։ Սակայն նրա ու նրա գործընկերների հնչեցրած քննադատությունը շատ ավելի վստահելի կլիներ, եթե չգար հենց իրենցից ու մարդկանց մի խմբից, որոնք իրականում երկիրը դրել են այս իրավիճակի մեջ՝ մեզ կռվելու անընդունակ բանակ թողնելով։

Որտեղի՞ց է այս ամենը գալիս․ ըստ իս, դա չի հայտնվել վակումից, այլ՝ կոնկրետ ներկա իրականությունից։

Առաջին՝ գալիս է թուլության դիրքից։ Ցանկացած բանակցությունում ուժեղ կողմը իր դիրքորոշումը պարտադրում է թույլին։ Մենք այս դեպքում թույլ կողմն ենք։

Երկրորդ՝ հաշվի առնելով, որ Արցախի ժողովրդին պաշտպանելու առաջնային պատասխանատվությունը այժմ ռուս խաղաղապահների ձեռքում է, փաստացի՝ Ռուսաստանի ձեռքում, և որ Հայաստանը այս պահին ի վիճակի չէ պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները, իրականում, տրամաբանություն կա այս դիրքորոշման մեջ, որքան էլ այն բարդ ու անախորժ է։

Երրորդ, երբ դու բանավիճում ես միջազգային մակարդակում, շատ ավելի հեշտ է համախմբել մարդկանց, պետական դերակատարներին ու ստանալ նրանց հավանությունը, եթե խոսում ես մարդու իրավունքների և խաղաղ ապրելու անհրաժեշտության մասին, քան՝ ինքնորոշման իրավունքի։

Այդուհանդերձ, այս ամենը սահման ունի։ Ալիևի առաջնանպատակը Արցախի ժողովրդի հետ խաղաղ ապրելը չէ, այլ էթնիկ զտման ենթարկելը և անհրաժեշտության դեպքում՝ ցեղասպանություն գործելը։

Սա պետք է շարունակաբար բարձրաձայնենք։

Կարևոր է, որ ներկա կառավարությունը հասկանա, որ երբ Ալիևի վարչակարգի նման վարչակարգը լսում է, որ դու խաղաղությունից ես խոսում, նրանք քեզ ընկալում են որպես թույլ։ Երբ մեր վարչապետը խոսում է փոխըմբռնումից, ադրբեջանցի փախստականների կարիքներից, աշխարհին դա ականջահաճո է, սակայն Բաքվում դա ընկալվում է որպես կապիտուլյացիա։

Ես հասկանում եմ այս կառավարության՝ խաղաղության հասնելու բաղձանքը և փաստը, որ այս երկիրը պատրաստ չէ մեկ այլ պատերազմի, և որ բոլոր քայլերը պետք է ձեռնարկվեն՝ դրանից խուսափելու։ Սակայն դրան չափ ու սահման կա։

Այս կառավարությունը պետք է հասկանա, որ դու չես բանակցում Շվեդիայի ու Աստրիայի հետ, իրականում ոչ էլ բանակցում ես քաղաքական կառույցի կամ պետության հետ։ Դու բանակցում ես ընտանեկան մի բիզնեսի հետ, որը հանգամանքների բերումով ՄԱԿ-ում ձայն ունի։

Ուստի, նրանց հաշվարկները տարբեր են՝ եթե խաղաղությունը ծառայում է ընտանեկան բիզնեսին, նրանք կողմ կլինեն դրան։ Եթե նրանց ընտանեկան բիզնեսին ձեռնտու է պատերազմը, և եթե այն նպաստում է երկիրը շարունակաբար ղեկավարելու ու ադրբեջանցի ժողովրդին թալանելու իրենց օրակարգին, ապա հենց այդպես էլ կանեն։

Ի՞նչ է մեզնից պահանջվում՝ ինչ էլ ստացվի խաղաղության այս բանակցությունների արդյունքում, պետք է ունենանք մի վերջնահանգրվան, որտեղ Արցախի հարցը մնում է չլուծված։ Կամ առնվազն լինենք այն դիրքում, որտեղ կարող ենք պնդել՝ այդ հարցը մնում է չլուծված։

Երկրորդ, այն դասն է, որ սովորել ենք Հայաստանի անկախության 29 տարիների ընթացքում, մինչև Արցախյան երկրորդ պատերազմը, այն է՝ խաղաղության միակ երաշխիքը այս հարևանի հետ որևէ համաձայնագիրը չէ, այլ այն հաշվարկը, որ պատերազմը ավելի ռիսկային է, քան խաղաղությունը։

Մենք պետք է վերականգնենք այդ հաշվարկը, քանի որ դա է խաղաղության հասնելու միակ միջոցը։ Դու գործ չունես պետության հետ, որը ի վիճակի է հավասար հարաբերությունների․ գործ ունես պետության հետ, որն ի վիճակի է կա՛մ գերակայել, կա՛մ ենթարկվել։ Նրանք հասկանում են միայն այս երկու փոփոխականները։

Պետք է հասկանանք, որ հայկական Նևիլ Չեմբեռլենի համար ընտրության մեծ հնարավորություն չկա, և եթե այս գործընթացում դառնաս Չեմբեռլենը, ի վերջո, քեզ կփոխարինի հայկական Չերչիլը, որը իրերին այլ կերպ կմոտենա։ Մենք պետք է միշտ ձգտենք խաղաղության, քանի որ այն միշտ է նախընտրելի, սակայն ամեն դեպքում դրան սահմաններ կան։ Պետք է հասկանաս քո հասարակության կարմիր գծերը և դրանք չհատես՝ հասնելու այն խաղաղությանն ու փոխըմբռնմանը, որի կարիքն ունենք երկարաժամկետ հեռանկարում։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել