Ալիևը ԿԲ-ի ղեկավարին փոխարինել է ընտանիքին հավատարիմ մեկով

Էլման Ռուստամովը և Թալեհ Քազիմովը։ Լուսանկարը՝ Trend-ի։

Իսմի Աղաև, OC Media

Ադրբեջանի խորհրդարանը հավանություն է տվել նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին՝ Կենտրոնական բանկի երկարամյա կառավարիչ Էլման Ռուստամովին փոխարինելու Pasha Bank-ի գործադիր տնօրեն Թալեհ Քազիմովով։

Մինչև ապրիլի 12-ին պաշտոնանկ լինելը՝ Ռուստամովը 27 տարի Կենտրոնական բանկի նախագահն էր։

Նրան փոխարինողը՝ 38-ամյա Թալեհ Քազիմովը, մինչև նշանակումը եղել է Pasha Bank-ի նախագահ և գործադիր տնօրեն։ Բանկը լայնորեն ընկալվում է որպես իշխող ընտանիքի հետ կապված: Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) տվյալներով՝ Pasha Bank-ը պատկանում է Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հարազատներին։

Չորեքշաբթի Ռուստամովը նշանակվել է վարչապետ Ալի Ասադովի խորհրդական։

Ռուստամովը երկրի դրամավարկային քաղաքականության պատասխանատուն էր 1995-ից, որի ընթացքում Կենտրոնական բանկը մանաթի արժեքը մեծապես կապում էր դոլարի հետ՝ նավթի և գազի վաճառքից ստացված եկամուտն օգտագործելով՝ ազգային արժույթի արժեքն ապահովելու համար:

Ամենավիճահարույց պահը թերևս 2015-ին մանաթի արժեզրկումն էր, երբ այն գրեթե կրկնակի արժեզրկվեց, քանի որ որոշ ժամանակով թույլատրվեց փոխարժեքի լողացող քաղաքականություն վարել: Այս քայլը բողոքի ցույցեր էր առաջացրել, որի ժամանակ Կենտրոնական բանկը հայտնվել էր քննադատության թիրախում:

2017-ին Կենտրոնական բանկը կրկին մանաթի արժեքը կապեց դոլարի հետ։

Բաքվում բնակվող անկախ տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեն OC Media-ին ասել է, որ Կենտրոնական բանկը պատասխանատու չէ արժեզրկման համար:

«Ադրբեջանում Կենտրոնական բանկը տնտեսության վրա լուրջ ազդեցություն ունենալու հնարավորություն գրեթե չունի, բացի տոկոսադրույքներով հոգեբանական ուղերձ հղելուց»,- ասել է Մեհրալիզադեն։

Նա արժեզրկման մեջ մեղադրում է «ոչ նավթային հատվածի զարգացման բացակայությունը»՝ նշելով, որ որոշումը կայացվել է համաշխարհային գների անկման հետևանքով նավթային եկամուտների նվազման պատճառով։

Գնահատելով Ռուստամովի տարիների աշխատանքը՝ Մեհրալիզադեն ասել է, որ նա կարող էր ավելի հաղորդակից լինել որպես Կենտրոնական բանկի կառավարիչ, այդ թվում՝ մանաթի հանկարծակի արժեզրկումից առաջ հանրությանը բացահայտորեն տեղեկացնելով:

Մեկնաբանել