Արցախի շուրջ․ ինչ են ցանկանում Արևմուտքը և Ռուսաստանը և ինչ սցենարներ են հնարավոր

Տեսարան Ստեփանակերտից Տեսարան Ստեփանակերտից

Երկշաբաթյա լրահոս

Վերջին երկու շաբաթների ընթացքում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տեղի ունեցան մի շարք էական զարգացումներ: Ապրիլի 6-ին Եվրամիության միջնորդությամբ Բրյուսելում կայացավ Փաշինյան – Ալիև հերթական հանդիպումը, որի ընթացքում կողմերը պայմանավորվեցին արագացնել երկկողմ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված աշխատանքները և մինչև ապրիլի վերջ ձևավորել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով: Ապրիլի 8-ին Մոսկվայում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը հայտարարեց, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան հրաժարվել են աշխատել Ռուսաստանի հետ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ փաստացի կազմալուծելով համանախագահության ինստիտուտը:

Ապրիլի 13-ին Ազգային Ժողովում ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է իջեցնել Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը՝ փաստացի ակնարկելով, որ Հայաստանը պետք է համաձայնի հակամարտությունը կարգավորել Ադրբեջանի կազմում Արցախի համար ինքնավար կարգավիճակի սահմանմամբ: Այս հայտարարությունը կտրուկ հակազդեցություն առաջացրեց Արցախում, որի Ազգային ժողովը Հայաստանի իշխանություններից պահանջեց հրաժարվել «աղետալի դիրքորոշումից»:

Բրյուսելյան հանդիպումից թե՛ առաջ, թե՛ հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հեռախոսազրույցներ ունեցան Ռուսաստանի նախագահի հետ՝ քննարկելով խաղաղության համաձայնագրի ստորագրմանն առնչվող հարցեր: Ապրիլի 15-ին կայացավ ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հերթական հեռախոսազրույցը, կրկին քննարկվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները, ինչպես նաև ապրիլի 19-ից 20-ը Մոսկվա Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի մանրամասները:

Արցախի խնդիրը՝ տարածաշրջանային մեծ պատկերում

Արցախի շուրջ ընթացող զարգացումները հնարավոր չէ տարանջատել տարածաշրջանային և գլոբալ զարգացումներից: 2022-ի փետրվարի 24-ին մեկնարկած Ռուսաստան – Արևմուտք փաստացի պատերազմի պայմաններում Արևմուտքն էլ ավելի է ինտենսիվացրել Ռուսաստանի զսպման և հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը հնարավորինս թուլացնելու ռազմավարությունը: Հարավային Կովկասում այդ ռազմավարությունը ենթադրում է սկզբում Արցախից, հետո Հայաստանից, իսկ ավելի երկարաժամկետ հեռանկարում նաև Աբխազիայից և Հարավային Օսիայից ռուսական զորքերի դուրսբերում:

Այս շարքում առաջնահերթ խնդիրը Արցախից ռուսական ուժերի հեռացումն է: Արևմուտքը դրան կարող է հասնել երկու ճանապարհով՝ Արցախում տեղակայել միջազգային (ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի մանդատ ունեցող) միջազգային խաղաղապահ առաքելություն կամ հասնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ հայ-ադրբեջանական համաձայնության ձեռքբերմանը: Առաջին տարբերակը անիրատեսական է, քանի որ Ռուսաստանը թե՛ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, թե՛ ԵԱՀԿ-ում ունի վետոյի իրավունք: Բացի այդ, Ադրբեջանը ևս համաձայն չէ Արցախում միջազգային մանդատով խաղաղապահ առաքելության տեղակայմանը:

Այս պայմաններում Արցախից ռուսական զորքերի դուրսբերման միակ հնարավոր տարբերակը հակամարտության վերջնական կարգավորման վերաբերյալ հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների ձեռքբերումն է: Դրանից հետո թե՛ Ադրբեջանը, թե՛ Արևմուտքը կարող են պահանջել ռուսական ուժերի դուրսբերում՝ հայտարարելով, որ Արցախում այլևս չկա նոր պատերազմի վտանգ, և ռուսական ուժերի առաքելությունն ավարտված է:

Ինչ են ցանկանում ԱՄՆ-ը և ԵՄ-ն

ԱՄՆ-ի և Եվրամիության տեսանկյունից 2020-ի պատերազմից հետո Ղարաբաղի խնդրում փոխզիջումը կարող է ունենալ հետևյալ տեսքը. Հայաստանը հրաժարվում է «Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում» բանաձևից, իսկ Ալիևը հրաժարվում է «Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, կարգավիճակը նետված է պատմության աղբահորը» տեսակետից: Այս քայլերից հետո Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնում են Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավար կարգավիճակի շուրջ: Չի բացառվում, որ եվրոպացիներն ու ամերիկացիները իրոք հավատում են, որ միջազգային երաշխիքների առկայության պայմաններում արցախահայությունը կարող է բարեկեցիկ ապրել Ադրբեջանի կազմում՝ օգտվելով տեղական ինքնակառավարման Եվրամիության փորձից և Եվրոպայի խորհրդի էթնիկ փոքրամասնությունների իրավունքները երաշխավորող կոնվենցիաներից:

Արցախից ռուսական զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ ԱՄՆ-ը և Եվրամիությունը փորձում են հնարավորինս արագացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Արևմուտքի տեսակետներն այս հարցում չեն փոխվել վերջին երեսուն տարիների ընթացքում: Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման դեպքում հայերը ավելի քիչ կվախենան թուրքերից, իսկ որքան քիչ վախ թուրքերի նկատմամբ, այնքան քիչ կապ ռուսների հետ, որն էլ ի վերջո կհանգեցնի Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրս բերմանը:

Ինչ է ցանկանում Ռուսաստանը

Ռուսաստանը ևս շահագրգռված է հայ-ադրբեջանական բանակցությունների մեկնարկով՝ դա դիտարկելով որպես տարածաշրջանը կայունացնող գործոն: Ռուսաստանը միշտ էլ ցանկացել է իր ազդեցությունը ամրապնդել ոչ միայն Հայաստանում և Ադրբեջանում ու Արցախում ռուսական զորքերի տեղակայումը դիտարկում է առաջին հերթին այդ պրիզմայով: Ռուսաստանը ներկայում զրո ցանկություն ունի խնդիրներ ունենալ Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման կամ Արցախը Ռուսաստանի կազմ մտցնելու մասին խոսակցությունները զուրկ են որևէ հիմքից:

Դա նշանակում է նաև, որ Ռուսաստանը որևէ ցանկություն չունի թեկուզ լոկալ մակարդակում ռազմական բախման մեջ մտնել Ադրբեջանի հետ հայ-ադրբեջանական սահմանին կամ Արցախի շփման գծի երկայնքով, իսկ նման միջադեպերը բացառելու համար անհրաժեշտ է հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատում և սահմանագծում և հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրում:

Ռուսաստանն առայժմ դրական չեզոքությամբ է վերաբերվում նաև հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին՝ դա ևս դիտարկելով Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման և ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական հարաբերություններում ավելորդ կնճիռներ չստեղծելու ռազմավարության համատեքստում: Ճանաչելով հանդերձ Արցախը որպես դե յուրե Ադրբեջանի տարածք՝ Ռուսաստանը մտադրություն չունի Արցախից դուրս բերելու իր ուժերը՝ դիտարկելով դե յուրե Արդբեջան, դե ֆակտո ռուսական պրոտեկտորատ տարբերակը որպես առաջիկա տարիներին Ղարաբաղյան խնդրի կարգավորման իր համար առավել ընդունելի տարբերակ:

Հարավային Կովկասում ներկայացված բոլոր արտաքին ուժային կենտրոններն այս պահին շահագրգռված են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկով և սահմանների սահմանազատման և սահմանագծման իրականացմամբ: Սակայն եթե Արևմուտքի ռազմավարական նպատակը Արցախից և Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերումն է, ապա Ռուսաստանը ձգտում է հնարավորինս մեծացնել իր ազդեցությունը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում: Ակնհայտ է, որ չնայած եվրոպացիների բոլոր հույսերին, Արցախից ռուսական ուժերի դուրսբերման և նրանց փոխարեն օտարերկրյա այլ ռազմական ներկայության չտեղակայման պարագայում Արցախը շատ արագ կհայաթափվի:

***

Արցախում ռուսական ռազմական երկարաժամկետ ներկայությունը ևս հարյուր տոկոսով երաշխավորված չէ՝ տարածաշրջանային և գլոբալ տեկտոնիկ փոփոխությունների հաշվառմամբ: Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետությունը պետք է քայլեր ձեռնարկի երկու զուգահեռ ուղղություններով՝ անել իրենից կախված ամեն ինչ ռուսական ռազմական ներկայությունն Արցախում հնարավորինս երկարացնելու համար և միաժամանակ մշակել «պլան Բ» որևէ պատճառով Արցախից ռուսական զորքերի դուրսբերման դեպքում իրականացվելիք քայլերի վերաբերյալ:

Այս համատեքստում Հայաստանի կողմից պաշտոնապես Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը կամ Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավար կարգավիճակի շուրջ պայմանավորվածության ձեռքբերումն ու ստորագրումը չի նպաստի առաջին խնդրի լուծմանը: Առավել նպատակահարմար է կենտրոնանալ Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման վրա՝ առանց Արցախի հիշատակման, իսկ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում խուսափել այդտեղ Արցախի կարգավիճակի արծարծումից՝ հայտարարելով, որ դա կարող են անել միայն Արցախի իշխանությունները: Միևնույն ժամանակ, Հայաստանը պետք է պատրաստ լինի, որ այդ դեպքում Ադրբեջանը շարունակելու է ռազմական սադրանքները և էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում, սակայն Հայաստանի տարածքի ամբողջական կամ մասնակի՝ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի օկուպացիայի փորձերի հավանականությունը մոտ է զրոյի:

Առաջիկա տարիներին արցախահայությունը կանգնած է լինելու հետևյալ երկու տարբերակների ընտրության վրա՝ ռուսական ուժերի Արցախից հեռացում և Արցախի շատ արագ հայաթափում, կամ «դե յուրե Ադրբեջան, դե ֆակտո ռուսական պրոտեկտորատ» պայմաններում ապրելու: Իհարկե, պետք է գիտակցել, որ երկրորդ սցենարի դեպքում Ադրբեջանն անընդհատ գնալու է շփման գծի երկայնքով ռազմական սադրանքների իրականացմանը՝ այդ ճանապարհով փորձելով արագացնել հայերի հեռացումը Արցախից:

Մեկնաբանել