Դավիթ Տոնոյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ, որում վարչապետը նշել էր բանակում առկա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդրի մասին։ Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին Ազգային Ժողովում ասել է, որ «առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդիր»:

Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ:

Շարունակելի…»։

***

Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2018-2020 թթ․ ընթացքում։

2021-ի սեպտեմբերի 30-ից Տոնոյանը կալանավորված է՝ խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նրան մեղադրանք է առաջադրվել զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի` հրթիռների մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, նույն ինքը՝ «Պատրոն Դավիթը», որպես մեղադրյալ են ներգրավվել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 2 մլրդ դրամ գումար հափշտակելու գործով։

Մեկնաբանել