Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահին

Ապրիլի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: Այդ համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական դերը: Կարևորվել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը»,- ասված է հաղորդագրությունում։

Արարատ Միրզոյանը Էնդրյու Շոֆերին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը․ «Կողմերը մանրամասն քննարկել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները` մասնավորապես հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը»։

***

Ապրիլի 11-ին Արարատ Միրզոյանն ընդունել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։

Ապրիլի 14-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևն իր աշխատանքը կշարունակի նոր կարգավիճակով՝ որպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ։

«Փետրվարի 24-ին Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրին բոլոր շփումները Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում։ Մինչդեռ Հարավային Կովկասում իրավիճակը բանակցային դադարներ թույլ չի տալիս։ Քանի որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան դադարեցրել են համանախագահների համագործակցությունը, անհրաժեշտ են տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության վերականգնման ուղղությամբ հետևողական քայլեր։ Հատուկ հանձնարարություններով դեսպան Խովաևը կշարունակի իր աշխատանքը նոր որակով, այն է ՝ Ռուսաստան ԱԳ նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի»,- հայտարարել էր Զախարովան։

Մեկնաբանել