Փողոցի ճնշման տակ իշխանափոխությունն իրականացվելու է խորհրդարանում․ Վանեցյան

Ապրիլի 18-ին Ազատության հրապարակում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար‎‎, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, խոսելով մանդատները վայր դնելու հանգամանքից, հայտարարեց, թե այդ մանդատներն իրենց պետք կգան իշխանափոխության ճանապարհին․ «Փողոցի ճնշման տակ իշխանափոխությունն իրականացվելու է խորհրդարանում ու այդ մանդատները մեզ պետք են գալու գործը ավարտին հասցնելու համար»,- ասաց Վանեցյանը։

Նիկոլ Փաշինյանի ելույթը, ըստ Արթուր Վանեցյանի, տարբեր որակումներ է ստացել, դա նաև «‎Հայաստանի երրորդ հանրապետության վերջին ելույթն էր»։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար‎‎ը որոշել է Ազատության հրապարակում իրականացնել անժամկետ բողոքի ակցիա՝ «‎հանուն Արցախի ու Հայաստանի անվտանգության, հայ ժողովրդի լինել չլինելու ու առհասարակ նրա համար, որ վերջ դրվի այս ամոթալի ժամանաշրջանին, որը բերել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին Ազգային ժողովում Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկման ժամանակ անդրադարձավ Արցախի կարգավիճակի խնդրին՝ ընդունելով իր մեղքը հանրության հետ անկեղծ չլինելու հարցում․ «Մեղավոր եմ, որ 2018, 2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր, կրկնում եմ բոլոր՝ հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»,- հայտնեց երկրի ղեկավարը՝ հավելելով, որ «այսօր միջազգային հանրությունը կրկին ասում է. մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»:

Վանեցյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ ինքն այլևս անելիք չունի այն խորհրդարանում, որտեղ ասում են, որ «Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում»։

ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով՝ իր պայքարը հանուն իշխանության չէ, պարզապես իշխանափոխությունը միջոց է հասնելու վերջնական նպատակին, «այն է՝ հզոր Հայաստան ու Արցախ»։

Ըստ նրա՝ «Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները երկիրը տանում են պատերազմի ճանապարհով», եթե իրենք իշխանության գան՝ պատերազմ չի լինի։ Վանեցյանի համոզված է՝ «խաղաղության պայմանագիր պետք է լինի, սակայն ոչ այն օրակարգով, որն այսօր դրված է սեղանին», այսինքն՝ ադրբեջանական հինգ կետերի հիմքով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ ապրիլի 19-ին, մեկնելու է Մոսկվա։ Երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վանեցյանը կարծիքով՝ այցի շրջանակներում Արցախի վերաբերող փաստաթուղթ չի ստորագրվի։

Արթուր Վանեցյանը իր բողոքի ակցիան մեկնարկել է կիրակի օրվանից՝ հայտարարելով, որ Ազատության հրապարակը չի լքի, քանի դեռ չի հասել իր նպատակներին։

Խորհրդարանական ընդդիմության մյուս ներկայացուցիչներն էլ հայտնել են, թե իրենք շուտով մեկնարկում են ապակենտրոն բողոքի ակցիաներ, որոնց նպատակն է հասնել իշխանափոխության ու թույլ չտալ, որ Հայաստանը զիջումների գնա Արցախի հարցում։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել