Արցախի իշխանությունների անիմաստ գործողությունները

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Ապրիլի 15-ին նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրեց հրամանագիր, որը սահմանում է Արցախի տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները:

Կանոնի առաջին կետը սահմանում է, որ Արցախի տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակային տարածումը կատարվում է բացառապես պետական մարմինների տրամադրած կամ հրապարակած պաշտոնական տեղեկատվության հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը:

Ինչպես իրավաբան ընկերս է բացատրում, սա նշանակում է, որ եթե պետությունը ասում է՝ Քարագլուխը ամբողջությամբ մենք ենք վերահսկում, իրավունք չունես այլ տարբերակ ներկայացնել: Անգամ եթե հարցազրույցի ժամանակ որևէ մեկը այլընտրանքային տեղեկություն է հաղորդում, պատասխան կրողը դրա համար լրագրողն ու լրատվամիջոցն է:

Անկասկած, խստացումն ու սահմանափակումները Արցախին անհրաժեշտ են, գոյաբանական նշանակություն ունեն: Վաղուց էր պետք: Սակայն ինչո՞ւ են սկսում խստացումները տեղեկատվական դաշտից, ուրիշ անելիք չկա՞:

Կամ էլ՝ մի՞թե այդքան շատ լրատվամիջոց ունենք Արցախում: Մի բուռ լրագրող ենք։ Կամ էլ՝ ինչպե՞ս եք պատժելու պաշտոնական տեղեկատվությունը հերքող տեղեկատվություն տարածող օգտատերերին: Իսկ տելեգերամյան ալիքների՞ն, որոնց ավելի կոշտ ռեժիմները չեն կարողանում «վնասազերծել» (այդ կանոններից մեկը սահմանում է՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով

Ինձ ասում են՝ այդ ո՞ր օրենքն է Արցախում գործում, որ մի հատ էլ անհանգստանում ես: Այդ դեպքում ինչո՞ւ է էներգիա ծախսվում խոսքի ազատությունը սահմանափակելու համար։ Մի՞թե հնարավոր չէ այդ «ստեղծագործական» ներուժը մեկ այլ տեղ ուղղել:

Քարագլխի օրինակը լավն էր, կարելի է շարունակել: Երբ պետությունը հայտնեց, որ որոշ բարձունքներում դիրքավորվել են ադրբեջանցիները, հայտնվեցին ինչ-որ բլոգերներ, որոնք սկսեցին «ա-լյա արծրունական» ոճով հայտարարել, որ ռուսները քշել են նրանց: Հետագայում պարզվեց, որ ապատեղեկատվություն է:

Եթե որոշել եք պատժել նման ապատեղեկատվություն տարածողներին, գործը ձերն է, սակայն ինչո՞ւ եք թիրախավորում նաև խաղի կանոններով առաջնորդվող, բաց ճակատով աշխատող լրագրողներին ու լրատվամիջոցներին, որոնք պետական մարմիններից հաճախ ավելի լավ գիտեն, թե ինչն է հրապարակման ենթակա, ինչը՝ ոչ: Նման «սպառնալիքների» ներքո ո՞ր մի պատգամավորն ու պաշտոնյան է ցանկանալու հարցազրույց տալ, որոնք մինչ այդ էլ խուսափում էին բարդ հարցերին պատասխանել։ Հիմա էլ հիանալի առիթ են ունենալու հարցազրույցներից խուսափելու համար:

Բացի այդ, ինչ մեղքս թաքցնեմ՝ Արցախում աշխատող լրագրողներս բավական մեծ ինքնագրաքննության չափաբաժին արդեն իսկ ունենք…

Դեռ տարեսկզբին Արցախի պետնախարարը հայտնեց, որ պետական բոլոր պաշտոնյաները պետք է «և՛ պարբերաբար ընդունելություն կազմակերպեն, և՛ հարցումներին պատասխանեն, և՛ պահպանեն թափանցիկության հնարավորինս բարձր մակարդակ»։ Հաջորդ օրը խորհրակդցության ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանը ևս խոսեց թափանցիկության վերաբերյալ․ «Մենք հասարակությանը պետք է տեղեկացնենք զարգացումների ու ծրագրերի մասին, որպեսզի հասարակությունը հասկանա, որ երկիրը կանգնած չէ։ Եվ այդ առումով մենք շատ զգույշ պիտի լինենք, և կառավարության անդամները պիտի ուենան պարտադիր շփումներ լրագրողների հետ»։ Ընդամենը երեք ամիս է անցել՝ ահա ձեզ թափանցիկություն:

Արայիկ Հարությունյանին հարցեր շատ են կուտակվել՝ ի՞նչ արժանիքների համար է ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանը պաշտոն ստացել (Հայաստանում Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով): Զուտ նրա համար, որ ընտրություններին Աղաջանյանների ընտանիքն աջակցե՞լ է Հարությունյանին։ Ինչո՞ւ են սկսել հաջողությամբ ընթանալ նրա ընկեր Ռոլանդ Այդինյանի գործերը շինարարության բնագավառում։ Ինչո՞ւ է կրթության նախարարը փոխվել, և ո՞ր մի տաղանդի համար է կրթության նախարար նշանակվել Ստեփանակերտի դպրոցներից մեկի տնօրենը: Եվ այդպես շարունակ: Առհասարակ, նախըտրանական շրջանում հարցազրույցների համար հերթ կանգնող 12 թեկնածուներից քանի՞սն է պատրաստ խոսել մարդկանց հետ:

Հարցերը շատ են։ Այդ հարցերին չեն շտապում պատասխանել Արայիկ Հարությունյանի թիմակիցները, նաև քաղաքական գործիչներ այլ ճամբարից: Իսկ Ազգային ժողովի ամբիոնից Չերչիլի ոճով պատրաստի տեքստեր արտասանելը այդքան էլ դժվար չէ:

Արայիկ Հարությունյանին, իրոք, կմաղթեի կամքի դրսևորում, բայց սկսել պետք է այլ տեղից: Նաև, պետք է վերջ տալ մարդկանց լռեցնել ու հանգստացնել բլիթի միջոցով, որը նրա մոտ շատ լավ է ստացվում: Ժամանակն է անցնել մտրակին, բայց այդ մտրակը չթափահարել հենց այնպես օդում՝ տուրք տալով ամբոխահաճությանը: Արցախում փաստացի ռազմական դրություն է: Պե՞տք է 1992-ի օրինակով ՊՊԿ-ի նման կառույց ստեծել, ստեղծե՛ք: Էլ ինչո՞ւ եք հասարակությանը մատների վրա խաղացնում: Ինչո՞ւ եք հակառակ կողմից սկսում:

Իսկ վերոնշյալ ներուժը, ինչպես ասացի, անհրաժեշտ է ուղղել ոչ թե ղժղժան ակտիվիստների ու մինչ օրս երկրի ծանրագույն վիճակը չգիտակցող ընդդիմադիրներին լռեցնելու փորձերով, այլ՝ գործով զբաղվելով:

Սույն հրամանագրի մեկ այլ կետի համաձայն՝ ոստիկանությունն իրավասու է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապահովելու հրապարակված հաղորդումների ու տեղեկությունների վերացումը, իրականացնել տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք։

Երբ սպառվում է «կրեատիվը», գլուխ են բարձրացնում «առգրավումն» ու «կալանքը»։

Մեկնաբանել