Վրաստանում ռուս ներգաղթյալները սառն ընդունելության են արժանանում

Շոթա Կինչա, OC Media

Փետրվարի վերջին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից ի վեր Ռուսաստանի հազարավոր քաղաքացիներ փախել են քաղաքական ճնշումներից, տնտեսական խնդիրներից և հնարավոր զորակոչից: Հարևան Վրաստանում այդքան էլ ոգևորված չեն նրանց ներհոսքով։

«[Վրաց-ռուսական սահմանի] թունելն անցնելուց անմիջապես հետո սկսում ես հասկանալ, որ թողել ես ինչ-որ դիստոպիա և մտել քաղաքակիրթ երկիր»,- ասում է Ալեքսանդր Բելինսկին։

35-ամյա մերսողն ու ավտոխորհրդատուն Վրաստան է ժամանել մարտի կեսերին։ «Դու թեթևանում ես, հասկանում ես, որ քեզ բանտ չեն նետի Ինստագրամում ինչ-որ գրառման համար,- ասում է Բելինսկին OC Media-ին։- Այստեղ գոնե կարող եմ խոսել»։

Բելինսկին կտրականապես դեմ է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին․ ըստ նրա՝ պատերազմին և Ռուսաստանի քաղաքական մթնոլորտին հետևելն իր համար «անվտանգության խնդիր» էր։

Ըստ Բելինսկու՝ ինքն ու իր ընկերները լսել էին Վրաստանում ռուսատյացության մասին և ակնկալում էին, որ «արհամարհված կլինեն, որ ռուսերեն խոսելիս կլինեն ագրեսիվ արձագանքներ»։ Բայց բոլորը, ում հանդիպել է, «շատ մարդամոտ են»:

Ոչ այնքան ջերմ ընդունելություն

Սակայն Վրաստան տեղափոխված ռուսներից շատերի համար ընդունելությունն նվազ ջերմ է եղել: Ապրիլի 11-ին Բաթումիի կենտրոնում ռուս ներգաղթյալները ենթարկվեցին մեգաֆոններով ակտիվիստների վիրավորանքների ալիքին:

«Պուտին «хуйло» [առնանդամի գլուխ]։ Ռուսաստանը օկուպանտ է։ Երկրի 20 տոկոսը, որտեղ դուք հիմա գտնվում եք, օկուպացված է: Մենք ուրախ չենք ձեզ այստեղ տեսնել […] Մենք ձեզ չենք վստահում: Մենք չենք կարող վստահ լինել, որ ձեր կառավարությունը չի ներխուժի Վրաստան՝ ձեզ պաշտպանելու համար»,- զբոսաշրջիկներին այսպիսի մեղադրանքներ էին ուղղվում։

Նմանատիպ տրամադրություններ արտահայտեցին Վրաստանի ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, ներառյալ «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը, որի անդամ Գիորգի Կանդելակին սոցցանցերում հրապարակեց Վրաստան տեղափոխվել ցանկացող որոշ ռուսների «ամբարտավան» և «հակավրացական» ուղերձները։

Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» որոշ անդամներ նույնպես ահազանգեցին ռուսների ժամանման մասին: Մարտին պատգամավոր Նոնա Մամուլաշվիլին խոստացել էր «ամեն ինչ անել, որպեսզի զանգվածաբար [Վրաստան] տեղափոխված Ռուսաստանի քաղաքացիները ոչ հարմարավետ զգան իրենց»։

«Այստեղ նրանց ոչ ոք չի սպասում։ Մենք այդ՝ այսպես կոչված «ռուս զբոսաշրջիկներին» անվանում ենք դիվերսանտներ»,- ասել էր Մամուլաշվիլին Ուկրաինայի Channel 24 ալիքին տված զրույցում։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ փետրվարի 24-ից մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 35 028 քաղաքացի՝ շուրջ 8 000-ով ավելի, քան հունվարին։ Անհասկանալի է, թե քանիսն են երկարաժամկետ մնալու Վրաստանում, սակայն, ըստ ամենայնի, թվերն ավելի մեծ են, քան նախկինում:

Թեև «ներհոսքը» կարող էր չափազանցված լինել, դրա ակնկալիքն անմիջապես զգացվեց, հատկապես մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ վարձակալության գները արագո աճեցին: Բացի այդ, Վրաստանի հանրային ռեգիստրը նախորդ տարվա համեմատ ավելի շատ դիմումներ է ստացել ռուսաստանցի քաղաքացիներից, որոնք ցանկանում էին գրանցել իրենց բիզնեսը։

Ըստ ռուսական «OK Russia» ՀԿ-ի, որը նպատակ ունի օգնել Ուկրաինա ռուսական ներխուժմանը դեմ և տարհանվել ցանկացող ռուսներին, Վրաստանը, Թուրքիան և Հայաստանը գլխավորել են այն երկրների ցանկը, ուր պատերազմից անմիջապես հետո մեկնել են ռուսները:

«Պատերազմի աջակիցներ»

Վրաստանում ռուսներին ընդդիմանալու ջանքերը հաճախ կապվում են արտասահմանում Ռուսաստան պետության հանցագործությունների մասին նրանց կրթելուն: Նրանք, ովքեր քննադատաբար են մոտենում Վրաստան ռուսների ժամանմանը, հաճախ վերջիններիս մեղադրում են Կրեմլի ռազմական ներխուժումն Ուկրաինա աջակցելու կամ դրա նկատմամբ անտեղյակ կամ անտարբեր լինելու մեջ:

Այս առումով, «Գիրչի» ազատական կուսակցությունը նախընտրել է Վլադիկավկազ-Թբիլիսի մայրուղու վրա «իրազեկող» պաստառներով ողջունել «օկուպանտ Ռուսաստանից» ժամանած հյուրերին։

«Գիրչի»-ի անդամները՝ մարտի 28-ին Ուկրաինայում զոհված ռուս զինվորականների մասին տեղեկացնող ցուցապաստառներով։ Նկարը՝ Գիրչիի

Մարտի սկզբին մի խումբ վրացիներ Վրաստանում կացարան փնտրող ռուսների համար փողոցում խայծ-պաստառներ էին փակցրել, որտեղ խոստանում էին տեղեկատվություն տրամադրել սպառողական ծառայությունների և զեղչերի մասին: Նշաններում ներառված QR կոդերը օգտատերերին ուղղորդում էին դեպի YouTube տեսանյութեր, որոնք ցույց էին տալիս պատերազմի և Ուկրաինայում զոհերի տեսարաններ՝ ուղեկցվող նման վերնագրերով․ «մեղավոր է ոչ միայն Պուտինը» և «բողոքե՛ք ռուսական ագրեսիայի դեմ»:

Երկլեզու խայծ-պաստառներ Թբիլիսիի կենտրոնում. ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. QR կոդերը տանում են Ուկրաինայի պատերազմի գրաֆիկական պատկերների: Լուսանկարը՝ Շոթա Կինչայի, OC Media.

Զենքի վերածվող քաղաքացիություն

Կա նաև լայնորեն արտահայտվող տեսակետ, այդ թվում՝ Բաթումիում ռուսներին թիրախավորող ակտիվիստների շրջանում, որ Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների ավելի մեծաթիվ ներկայությունը գոյաբանական անվտանգության վտանգ է ներկայացնում։

Նրանք վկայակոչում են Կրեմլի «մերձավոր արտասահմանի» քաղաքականությունը, որը կարևորում է սահմանամերձ երկրներում, այդ թվում Վրաստանում, Ուկրաինայում և բալթյան երկրներում բնակվող ռուս քաղաքացիների և ռուսախոսների իրավունքները պաշտպանելը:

«Մենք չենք ցանկանում, որ այսքան շատ ռուս ապրի Վրաստանում, քանի որ Պուտինը կարող է մի օր ասել, որ պետք է պաշտպանի իր քաղաքացիներին ու սկսի ռմբակոծել մեր երկիրը»,- գրել է առցանց խնդրագրի մոտ 16 000 ստորագրողներից մեկը, որը պահանջում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ գործարկել։

Ընդդեմ ռուսների, և Ուկրաինային աջակցող ռուսների կողմից արված գրաֆիտի Թբիլիսիում

Կառավարության քննադատները պնդում են, որ ռուսների համեմատաբար հեշտ մուտքը Վրաստան և նրանց՝ առնվազն մեկ տարի առանց վիզայի Վրաստանում մնալու թույլտվությունը անքակտելիորեն կապված են Ռուսաստանի դեմ Վրաստանի կողմից պատժամիջոցների բացակայության հետ:

Նրանք նաև կարծում են, որ Վրաստանը կարող է «սև խոռոչ» դառնալ նրանց համար, ովքեր ձգտում են խուսափել միջազգային պատժամիջոցներից։

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Վրաստանի» (CRRC) վերջին հարցումը ցույց է տվել, որ վրացիների 59 տոկոսը կողմ է ռուսների մուտքը երկիր սահմանափակելուն: Աջակցությունը հատկապես մեծ է եղել երիտասարդների և ընդդիմադիր մտածողությամբ մարդկանց շրջանում։

Բանկեր ու բիզնեսներ

Արձագանքը չի սահմանափակվում հանրային բողոքներով և քաղաքական գործիչներով: Վրացական մի քանի ձեռնարկություններ և փոքր բիզնեսի սեփականատերեր, այդ թվում՝ երկրի երկու խոշորագույն բանկերը, նույնպես միացել են հակառուսական տրամադրությունների ալիքին:

Հաղորդվում է, որ ի ծնե Վրաստանում բնակվող ազգությամբ ռուսները, Թբիլիսիում բնակվող, Կրեմլին ընդդիմադիր ռուս ակտիվիստները և նույնիսկ սլավոնական արտաքին ունեցող վրացիները Վրաստանում թշնամական վերաբերմունքի են արժանանում։

Ուկրաինա ներխուժելուց հետո Bank of Georgia-ի առնվազն մեկ մասնաճյուղ հաշիվ բացել ցանկացող Ռուսաստանի քաղաքացիներին պարտավորեցրել է ստորագրել ձևաթղթեր, որտեղ նշված է, որ նրանք ճանաչում են Ռուսաստանը որպես «ագրեսոր» և «օկուպանտ»՝ ինչպես Վրաստանի, այնպես էլ Ուկրաինայի նկատմամբ: Ձևաթղթերը հետագայում պարտավորեցնում էին ռուս հաճախորդներին «պայքարել ռուսական քարոզչության դեմ»։

Բազմաթիվ աղբյուրներ, այդ թվում 20-ն անց ընդդիմադիր բելառուս մի բլոգեր, որը խնդրել է անանուն մնալ, մարտին OC Media-ին ասել էր, որ մեկ այլ խոշոր վրացական բանկ՝ TBC-ն, հրաժարվում է հաշիվներ բացել իրենց և իր ծանոթ ռուսաստանցի այլ քաղաքացիների համար՝ բացատրելով, որ իրենք չեն ցանկանում «օգնել Ռուսաստանի քաղաքացիներին խուսափելու պատժամիջոցներից»։

28-ամյա ռուս ՏՏ մասնագետ Դմիտրին շարունակում է․

«Պուտինը ամբողջ Ռուսաստանը չէ։ Մենք դեմ ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում»,- ասում է նա OC Media-ին` պնդելով, որ իրեն հանդիպած վրացիները «հրաշալի էին» և պատրաստակամ՝ օգնելու իրեն և այլոց:

Ռուսաստանի և Բելառուսի ժողովրդավարամետ ակտիվիստները մարտի 17-ին այրում են Պուտինի խրտվիլակը Թբիլիսյան ծովում: Լուսանկարը՝ Վասիլի Կրեստյանինովի։

Թբիլիսիաբնակ ռուս ակտիվիստ Նիկոլայ Լևշիցը, որը Ռուսաստանի կողմից «հատուկ գործողության» մասին հայտարարությունից րոպեներ անց Թբիլիսիում կազմակերպել էր հակապատերազմական ցույց, ասում է, թե ստացել է հաղորդումներ այն մասին, որ տաքսու վարորդները և սրճարանները մերժել են սպասարկել ռուսների ու բելառուսների, նրանց նույնիսկ մերժել են վարձով բնակարաններ տալ՝ ելնելով ազգությունից։

Լևշիցը ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող «Ազատ Ռուսաստան հիմնադրամ» ժողովրդավարամետ կազմակերպության գիտաշխատող է:

Ապրիլի 3-ին Թբիլիսիի կենտրոնում ուկրաինամետ ցույցի ժամանակ «Արտաքսել ռուսներին» գրությամբ պաստառ․ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media.

«Ագրեսորը ռուսական ռեժիմն է, ոչ թե այլ երկրներում և հատկապես Վրաստանում բնակվող բոլոր ռուսախոս մարդիկ»,- ասել է Լևշիցը մարտի 1-ին վրացիներին ուղղված կոչում։

«Հավատացեք ինձ, մեզանից շատերն այժմ սարսափած են այն ամենից, ինչ կատարվում է Ուկրաինայում»։

Ըստ «OK Russia»-ի, որը մինչև մարտի վերջը հարցազրույց է անցկացրել 1 500 ռուս ներգաղթյալների հետ, Ռուսաստանից մեկնողների 50 տոկոսը մինչև իրենց երկիրը լքելը առերեսվել է «քաղաքական ճնշմումների»:

«Ազատության կղզի՞»

Վրաստան եկող ռուսների նկատմամբ նախնական հակազդեցությունը և ընդհանուր մոտեցումն օգնել են Կրեմլին Վրաստանում ռուսատյացության առկայության մասին պնդումներ անել: Հնարավոր է, որ դա օգնել է Վրաստանի կառավարությանը խուսափելու Կրեմլի քննադատների մուտքը երկիր մերժելու արձագանքներից։

Մարտի սկզբին էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին Վրաստանը հռչակեց «ազատության կղզի» նրանց համար, ովքեր փախչում են ռեպրեսիվ վարչակարգերից։

Բայց ոչ բոլորը կհամաձայնեն Դավիթաշվիլիի հետ, հատկապես այն անկախ ռուս լրագրողներն ու կառավարության քննադատները, որոնց մուտքն արգելված է:

Ռուսական «Մեդիազոնա» թվային ցանցի հայտնի թղթակից Դեյվիդ Ֆրենկելին թույլ չեն տվել Վրաստան մուտք գործել մարտի 10-ին՝ չորս օր անց այն բանից հետո, երբ ՌԴ իշխանությունները Ուկրաինա ներխուժման մասին լուրերը գրաքննելուց հրաժարվելու համար ամբողջությամբ արգելափակել էին «Մեդիազոնան»:

Ֆրենկելի կինը՝ Վարյա Միխայլովան, ասում է, որ իրենք 14 ժամ արգելափակված են եղել վրացական սահմանին, մինչև ամուսնու՝ Վրաստան մուտքի մերժումը ստանալը։

Ֆրենկելը կասկածում է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի այն պնդմանը, թե ժամանողների մերժումները վերևից չեն որոշվել։ Նա ասում է, որ սահմանային ոստիկանությունը 14 ժամ հեռախոսային կապի մեջ է եղել և սպասել վերադասների կողմից իրենց մուտքի մասին որոշմանը:

Մեկ այլ նշանավոր լրագրող՝ Միխայիլ Ֆիշմանը, որը ռուսական անկախ «Դոժդ» հեռուստաալիքի հաղորդավար է, պատմել է մարտի 5-ին իր ունեցած նմանատիպ փորձի մասին:

«Դոժդը» դադարեց հեռարձակումը անմիջապես այն բանից հետո, երբ Պուտինը ստորագրեց Ռուսաստանի զինված ուժերի մասին «կեղծ» տեղեկություններ տարածողներին մինչև 15 տարվա ազատազրկման դատապարտող օրենքը:

Ֆիշմենը OC Media-ին ասել է, որ ինքը պատճառ կամ պարզաբանում չի ստացել այն մասին, թե ինչու են իրեն արգելել մուտք գործել Վրաստան:

«Ես հասկանում եմ, որ ինձ թույլ չեն տվել երկիր մտնել այն պատճառով, թե ով եմ ես և ինչ եմ անում։ Սա ինձ համար միանգամայն պարզ է»,- ասել է նա և հավելել, որ կրկին չի փորձելու Վրաստան մուտք գործել։

Իրոք, Վրաստանը Ռուսաստանի կառավարության քննադատներին անորոշ պատճառներով երկիր ներս չթողնելու փորձ ունի, ինչպես Ֆիշմանի և Ֆրանկելի դեպքում:

Իշխանությունները նաև արտահանձնել են Ռուսաստանի պահանջած անձանց մեծամասնությանը։ Թբիլիսիում տեղակայված Սոցիալական արդարադատության կենտրոնի տվյալներով՝ 2013-2019-ին Վրաստանը Ռուսաստանի խնդրանքով արտահանձնել է Ռուսաստանի 23 քաղաքացիներից 14-ին, այդ թվում՝ նրանց, ովքեր պնդում էին, որ իրենց հայրենիքում կարող են ենթարկվել հետապնդումների, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի։

Բայց այն ռուսներից շատերի համար, որոնք հասել են Վրաստան, երկիրը, այնուամենայնիվ, ապաստարան է:

Ալեքսանդր Բելինսկին հիշում է, որ առաջին անգամ իր հայրենի Նովոսիբիրսկում ականատես եղավ այլախոհության դեմ բռնություններին 2009-2010 թթ․, երբ ոստիկանությունը գործողություններ ձեռնարկեց արտասահմանյան մեքենաների ներկրման արգելքի դեմ բողոքող բնակիչների նկատմամբ։ Ներկրումը այն ժամանակ նրանց եկամտի զգալի աղբյուրն էր:

«Ես ականատես եղա ոստիկանության անմարդկային և բռնի վարքագծին»,- ասում է նա:

Ըստ Բելինսկու՝ իշխանությունները ռուսների մեջ «գրեթե գենետիկ մակարդակով» իրենց ձայնը բարձրացնելու վախ են սերմանել: «Յուրաքանչյուր ընտանիք ունի հարազատներ, որոնք ձերբակալվել, մահապատժի են ենթարկվել կամ արտաքսվել ռուսական հեղափոխությունից հետո»:

«Ամենավատն այն է, որ դու սովոր ես դրան. դա նման է մազերի, որը աճում է քո գլխին, դանդաղ է տեղի ունենում, և դու դա չես նկատում»: Նա ասում է, որ մինչև 2014-ը իր համար «չափազանց պարզ էր», որ Ռուսաստանում քաղաքական մթնոլորտը «միայն վատթարանալու է»:

Բելինսկին OC Media-ին ասել է, որ չի պատրաստվում վերադառնալ Ռուսաստան։

«Նրանք պարզապես ավերել են իմ հայրենիքը»։

Մեկնաբանել