Փաշինյանն ու Միշելը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Ապրիլի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի մասին»,- ասված է հաղորդագրությունում։

Փաշինյանն ու Միշելը քննարկել են նաև ԵՄ-ի կողմից Հայաստանին 2,6 միլիարդ եվրո հատկացնելու պայմանավորվածության կատարման ընթացքը․ «Շառլ Միշելը վերահաստատել է Հայաստանի համար նախատեսված ներդրումային ծրագիրը լիարժեք կերպով իրականացնելու ԵՄ հանձնառությունը և ընդգծել ծրագրերի գործնական իրագործման փուլը հնարավորինս արագ սկսելու կարևորությունը»։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 19-20-ին երկօրյա պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: