Վրաստանը խորհրդարանական պատվիրակություն է ուղարկել Ուկրաինայի Բուչա և Իրպին քաղաքներ

Շալվա Պապուաշվիլին (կենտրոնում) և Ռուսլան Ստեֆանչուկը (աջից)՝ Ուկրաինայում: Լուսանկարը՝ Շալվա Պապուաշվիլիի ֆեյսբուքյան էջից։

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է պատերազմի հետևանքով ավերված ուկրաինական Բուչա և Իրպին քաղաքներ, որտեղ խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին խոստացել է, որ Վրաստանը չի աջակցի Ռուսաստանին պատժամիջոցներից խուսափելու հարցում:

Ուկրաինական այս երկու քաղաքներ շաբաթ իր ղեկավարած պատվիրակության այցի ժամանակ Պապուաշվիլին խստորեն դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ Նույն օրը անսպասելի այցով Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», իր առանձին պատվիրակությունն է ուղարկել Կիև։ Պատվիրակության կազմում էին կուսակցության նախագահ Նիկա Մելիան և Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։

«Ողջ պատվիրակության անունից ցանկանում եմ համերաշխություն հայտնել ուկրաինացի խիզախ ժողովրդին, զինվորներին, կառավարությանը և անձամբ իմ գործընկերոջը»,- Բուչայում ասել է Պապուաշվիլին՝ նկատի ունենալով ուկրաինացի իր պաշտոնակցին՝ Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին, որը նրանց ընդունել է ապրիլի 16-ին։

Բուչա և Իրպին այցից առաջ նրանք նույն օրն ավելի վաղ Ստեֆանչուկի հետ հանդիպումներ էին ունեցել Ուկրաինայի խորհրդարանում՝ Գերագույն ռադայում, որը գտնվում է Կիևում։

Պապուաշվիլին համեմատություններ է անցկացրել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման և Աբխազիայի ու Հարավային Օսիայի հակամարտությունների միջև և ընդգծել, որ անհրաժեշտ է շտապ հետաքննության անցկացնել ռուսական ենթադրյալ ռազմական հանցագործությունների հարցով։

Վրաստանի խորհրդարանի խոսնակին ուղեկցում էին նրա երեք տեղակալները՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացնող Արչիլ Թալակվաձեն և Դավիթ Սերգեենկոն, ինչպես նաև «Քաղաքացիներ» կուսակցությունից Լևան Իոսելիանին։

Պատվիրակության կազմում կային նաև ընդդիմադիր պատգամավորներ, այդ թվում՝ Անա Նացվլիշվիլին՝ «Լելո», Վախթանգ Մերգրելիշվիլին՝ «Գիրչի – ավելի շատ ազատություն», Խաթունա Սամնիձեն՝ «Բարեփոխումներ» և Գիորգի Խոջևանիշվիլին՝ «Հանուն Վրաստանի» կուսակցությունից:

Կտրուկ շեղվելով Ուկրաինայի պատերազմի հարցում իր կուսակցության նախնական դիրքորոշումից՝ Պապուաշվիլին Կիևում կայացած մամուլի ասուլիսում հիշատակել է Ռուսաստանի անունը։

«Ռուսաստանը պետք է դադարեցնի այս պատերազմը և հարգի Ուկրաինայի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, [պետք է] հարգի ուկրաինացիների ընտրությունը»,- Կիևում հայտարարել է Պապուաշվիլին։

Վրաստանը մեկն է այն երեք երկրներից (մյուս երկուսն են Ուկրաինան և Մոլդովան), որոնք վերջերս են հայտ ներկայացրել Եվրամիությանն արագ կարգով անդամակցելու համար: Ապրիլի 17-ին Ուկրաինան դարձավ այդ երեք երկրներից առաջինը, որը հետ ուղարկեց անդամակցության հարցաթերթիկը ԵՄ հանձնաժողով:

Վրաստանը չի միանա պատժամիջոցներին, սակայն չի սատարի ՌԴ-ին դրանցից խուսափելու հարցում

Ուկրաինայի քաղաքներում իր վրացի գործընկեր Շալվա Պապուաշվիլիի հետ արված լուսանկարները «Ֆեյսբուք»-ի իր էջում տարածելով՝ Ստեֆանչուկը գրել է, որ «Վրաստանը ոչ մի կերպ չի օգնի Ռուսաստանին»՝ հավելելով, որ «սա այն եզրակացությանն է, որին հանգել է Վրաստանի խորհրդարանի նախագահը Բուչան և Իրպինը սեփական աչքերով տեսնելուց հետո»։

Շալվա Պապուաշվիլին (ձախից) և Ռուսլան Ստեֆանչուկը բռնել են Իրպին քաղաքի դրոշը։ Լուսանկարը՝ Ռուսլան Ստեֆանչուկի Ֆեյսբուքյան էջից։

Ստեֆանչուկն ավելի վաղ նշել էր, որ Կիևում Պապուաշվիլիի հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է «ագրեսոր երկրի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը»։

Այնուամենայնիվ, հաջորդ օրը վրացական «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում Պապուաշվիլին պնդել է, թե Ստեֆանչուկի հետ հանդիպմանը շեշտել է, որ Վրաստանը չունի պատժամիջոցների միջոցով Ռուսաստանի վրա ազդելու կամ այդ երկրին վնասելու որևէ գործիք, սակայն վստահեցրել է, որ «Վրաստանը չի դառնա երկիր, որտեղ Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից»։

Վրացական պատվիրակության այցն Ուկրաինա ակնհայտորեն թուլացնում է Վրաստանի և Ուկրաինայի իշխանությունների միջև առկա լարվածությունը։ Երկու երկրների միջև դիվանագիտական վեճը ծագեց ռուսական ներխուժման առաջին օրերին, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարվեց «միանալ» Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ինչպես նաև նպաստել Ուկրաինա վրացի կամավոր մարտիկների մեկնելուն:

Վրաստանը նաև հրաժարվել է փակել իր օդային տարածքը Ռուսաստանի համար։

Ուկրաինային սատարող և հակակառավարական բողոքի ցույց՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, 25 փետրվարի, Թբիլիսի, լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Երկու երկրների միջև լարվածությունն ավելի խորացավ ապրիլին, երբ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը Վրաստանի «քաղաքական ղեկավարությանը» մեղադրեց նրանում, թե «ռուս գործակալներին» թույլ է տվել երկրում մաքսանենգ ուղիներ ստեղծել, ինչը վրացական իշխանությունները կտրականապես հերքեցին:

Սկզբում «Վրացական երազանքը» դատապարտեց Բուչա այցելելու մասին վրացի պատգամավորներին և խոսնակ Պապուաշվիլիին ուղղված Ստեֆանչուկի կոչը՝ այն անվանելով «ոչ պատշաճ»՝ հաշվի առնելով մաքսանենգության մասին ուկրաինական կողմի «անհիմն» պնդումները։

Ուկրաինա կատարելիք այցի հարցում Պապուաշվիլիի դիրքորոշման կտրուկ փոփոխությունից առաջ «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն Ուկրաինայից պահանջել էր, որպեսզի վրացական «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ կապեր ունեցող մի քանի վրացիներ ազատվեն զբաղեցրած պետական պաշտոններից՝ Ուկրաինա վրացական «բարձր մակարդակի պատվիրակության» այցի դիմաց:

[Կարդացեք նաև «Վրացական երազանքը» Ուկրաինային պահանջներ է ներկայացրել՝ որպես Բուչա այցելելու նախապայման]

«Մաքսանենգության խնդիրն արդեն հաղթահարված է [Ուկրաինայի հետ – խմբ․],- կիրակի երեկոյան ասել է Շալվա Պապուաշվիլին,- Մենք պայմանավորվել ենք […] հետագայում մեկս մյուսի հետ ճշտել տեղեկատվությունը»։