ԶՊՄԿ-ն գրեթե քառապատկել է հարկերը, «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը չի ներառվել 1 000 հարկատուների ցանկում

mining armenia zangezur copper

2022-ի առաջին եռամսյակում Հայաստանի ամենախոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ վճարած ավելի քան 35,4 միլիարդ դրամի հարկերով։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերությունը գրեթե քառապատկել է վճարած հարկերը։ Այդ մասին տեղեկանում ենք Պետեկամուտների կոմիտեի հրապարակած՝ այս տարվա առաջին եռամսյակի 1 000 խոշոր հարկատուների ցուցակից։

2021-ի նույն ժամանակահատվածում ամենաշատ հարկերը վճարել էր «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 18,7 միլիարդ։ Ընկերությունն այս տարվա առաջին 3 ամիսների տվյալերով վճարել է ավելի քան 20 միլիարդ դրամի հարկեր։

Առաջին 3 ամիսների տվյալներով երկրորդ խոշոր հարկատուն եղել է հենց «Գազպրոմ Արմենիա»-ն, իսկ երրորդը՝ պաշտպանության նախարարությունը՝ վճարած 8,6 միլիարդ դրամով։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՊՆ-ն գրեթե կրկնակի նվազեցրել է հարկերը։

2022-ի առաջին երեք ամիսների 1 000 խոշոր հարկատուների առաջին հնգյակում կան ծխախոտի արտադրությամբ զբաղվող երկու ընկերություններ՝ «Գրանդ տոբակո»-ն և «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը։ Առաջինը վճարել է ավելի քան 7,8 միլիարդ դրամի հարկեր՝ անցյալ տարվա 3,1 միլիարդի փոխարեն, իսկ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ն ավելացրել է հարկերը՝ 4,1 միլիարդից հասցնելով 5,8 միլիարդի։

Ուշագրավ է, որ հանքարդյունաբերական խոշոր ընկերություններից «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքը, այս տարվա առաջին եռամսյակում չի հայտնվել 1 000 խոշոր հարկատուների ցանկում, մինչդեռ օրինակ անցյալ տարի ընկերությունը վճարել էր 3,7 միլիարդ դրամի հարկեր։

Պետեկամուտների կոմիտեից բացատրեցին՝ «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը այս տարվա առաջին եռամսյակում չի ընդգրկվել 1 000 խոշոր հարկատուների ցանկում, քանի որ ընկերության կողմից հաշվարկված ռոյալթիի ու հաշվարկված կանխավճարների հանրագումարի տարբերությունը կազմել է բացասական մեծություն, այդ պատճառով էլ վճարման ենթակա գումար ընկերության համար չի առաջացել։

Հանքարդյունաբերական ընկերություններից կտրուկ աճել են Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հարկերը։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի 680 միլիոն դրամի փոխարեն այս տարի կոմբինատը վճարել է 3,6 միլիարդ դրամ։ Հարկերը գրեթե կրկնապատել է նաև «Թեղուտ» ՓԲԸ-ն։

Հարկերը կտրուկ բարձրացրել է Հայաստանի էլեկտրական ցանցերը։ Նախորդ տարվա հունվար-մարտին ՀԷՑ-ը վճարել էր 616 միլիոն դրամ, իսկ այս տարի՝ գրեթե 3,5 միլիարդ։

Ընդհանուր առմամբ, առաջին եռամսյակում 1 000 խոշոր հարկատուների կողմից մուտքերը բյուջե կազմել են 327 միլիարդ դրամ, ինչը 25,7 տոկոսով ավել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։