«Պետք է տեսնել՝ ինչ կարելի է անել խաղաղապահների գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ապրիլի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մեկնարկին հայտարարել է, որ քննարկելու են Ղարաբաղում անվտանգության հետ կապված հարցեր։

ՌԴ նախագահի խոսքով՝ Փաշինյանի այցի ընթացքում ստորագրվելու է նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող փաստաթղթերի փաթեթ։

«Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում կլինեն անվտանգության հարցերը, այդ թվում՝ Ղարաբաղի հետ կապված»,- նշել է Պուտինը։

Փաշինյանը ևս նկատել է, որ բանակցությունների օրակարգի մեծ մասը կապված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ։ Վարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանը առանցքային դեր է խաղում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում։

«Ընդհանուր առմամբ, իհարկե, ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում ապահովում է անվտանգությունը։ Պետք է տեսնել, թե ինչ կարելի է անել խաղաղապահների գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- ասել է Փաշինյանը։

***

ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեության արդյունավետության հարցը Փաշինյանն ու Պուտինը քննարկել էին մարտի 25-ին՝ Փառուխի դեպքերից հետո։ Նիկոլ Փաշինյանը «հարցադրում էր արել ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին»։

Մարտի 24-ին` ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:

Մարտի 25-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հաղորդեց, որ 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։