Ընդդիմությունն առաջարկում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորել փուլային եղանակով

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորել փուլային եղանակով։ Այդ մասին ամրագրում կա «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» հայտարարության նախագծում, որի քննարկումը ԱԺ-ի՝ մեծությամբ երկրորդ ուժի նախաձեռնությամբ տեղի կունենա ապրիլի 21-ին։

Ընդդիմությունն առաջարկում է փուլային եղանակով հարաբերությունների կարգավորման «մեկնակետ ընդունել դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը»։

Հետագա հարաբերությունները, ըստ նախագծի, պետք է կառուցվեն՝ նկատի ունենալով 7 ելակետային կետեր։ Դրանցից առաջինի համաձայն՝ Հայաստանի քայլերը պետք է ներդաշնակ լինեն Սահմանադրական դատարանի 2010-ի հունվարի 12-ի որոշման մեջ ներակայացված իրավական դիրքորոշումներին և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին։

«Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բացառել որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Ցեղասանության իրողությունը։ Առաջնորդվել Հայաստանի և սփյուռքի միասնական կամքով։ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների հարցը ենթակա է լուծման համաձայն միջազգային իրավունքի հիմնարար և համընդհանուր նորմերի»,- նշված է նախագծում։

Ընդդիմությունը նաև ցանկանում է, որ խորհրդարանն ամրագրի՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը չի կարող ուղղակի կամ անուղղակի պայմանավորվել և ծառայեցվել Ադրբեջանի պահանջների բավարարմանը։ Այդ հարաբերությունների հաստատումը չի կարող խոչընդոտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և այն երաշխավորելու Հայաստանի հանձնառության կատարմանը»։

Նախագծի տեքստում հիշատակվում է նաև «Շուշիի հռչակագիրը» և 2020-ի պատերազմում Թուրքիայի մասնակցությունը։

Գևորգ Թոսունյան