200 000 մարդ հավաքելու մասին խոսքերը Վանեցյանին վերագրել են մերձիշխանական լրատվականները

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Ապրիլի 19-ին մի քանի լրատվամիջոցներ ու ֆեյսբուքյան էջեր տարածեցին հոդված, որը պնդում էր՝ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ և Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, թե «երբ ոտքը գետնին խփի, 200 000 մարդ դուրս կգա փողոց»։

Հոդվածը հատկապես մեծ տարածում գտավ մերձիշխանական Freenews.am և Araratnews.am լրատվականների վերատպումից հետո։

Այս հոդվածի և տեղեկության սկզբնաղբյուրը Armenianews.net կայքն է, որի հրապարակած հոդվածում նշվում է, թե Վանեցյանը վերոնշյալ հայտարարությունն արել է իր մտերիմների հետ զրույցում, ինչն անհնարին է դարձնում դրա ստուգումը։

Ապրիլի 20-ին Ազատության հրապարակում, որտեղ Վանեցյանն արդեն մի քանի օր է՝ բողոքի ցույց է իրականացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, նա հայտարարեց՝ նման բան չի ասել և հանդիմանեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին, որն իրեն ուղղել էր հարցը։

«Ես զարմանում եմ, որ «Ազատություն» ռադիոնակայանը՝ այդքան պրոֆեսիոնալ լրատվամիջոց, ֆեյք նյութերը ցիտում և ասում ա, որ ես երեկ այդպիսի բան եմ ասել։ Ես նման հայտարարություն երբևիցե չեմ արել։ Այդ հայտարարության սկզբնաղբյուրը նիկոլական փերֆեկտթիվիներն են և հիմար խոսակցություններ են»,- ասել էր Վանեցյանը։

Ովքեր են կանգնած լրատվամիջոցների հետևում

Infocom.am-ը դեռ ամսիներ առաջ պարզել էր, որ Armenianews.net կայքի հետևում կանգնած է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։ Կայքը գրանցված է հենց նրա անունով և ստեղծվել է 2019-ի հուլիսին։ Չախոյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2021-ի փետրվարին։

Armenianews.net կայքի մասին տեղեկատվություն who.is կայքում

Իսկ Freenews.am-ը պատկանում է «Ֆրի Նյուզ» ՍՊԸ-ին, որի երկու բաժնետերերն են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Ղալեչյանը և Հասմիկ Դանիելյանը։ Իսկ ՍՊԸ-ի տնօրենն է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, որը նաև լրատվականի խմբագիրն է։

Araratnews.am-ը ևս փոխկապակցված է Ալեն Սիմոնյանի հետ։ Նա է 2013-ին հիմնադրել «Արարատ մեդիա գրուպ» ՍՊԸ-ն և մինչև 2018 թվականը եղել է araratnews.am-ի և «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Իսկ 2019-ի դրությամբ Մարիամ Մարգարյանն է եղել գլխավոր խմբագիր։

Հատկանշական է, որ նախկինում Freenews.am-ը և Araratnews.am-ը վերահրապարակել են Չախոյանին պատկանող Armenianews.net-ի բամբասանքի ժանրի և որոշ դեպքերում՝ կեղծ լուրեր։