Չեղարկվել է ընդդիմության նախաձեռնած քննարկումը. «Հայաստան» խմբակցությունը մեղադրում է իշխանությանը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնած՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» հայտարարության նախագծի քննարկումը չեղարկվել է։ Այդ մասին հայտնում են Ազգային ժողովից՝ հայտնելով, որ լսումները չեն կայան «տեխնիկական խնդիրների պատճառով»։

Քիչ առաջ եղավ նաև խմբակցության հայտարարությունը՝ «իշխանությունների կողմից Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին խորհրդարանական լսումներին ապօրինաբար խոչընդոտելու վերաբերյալ»։

«Օրվա քաղաքական իշխանությունը, հերթական անգամ խախտելով Սահմանադությունն ու օրենքները, մինչև ապրիլի 24-ը հրաժարվում է Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումների անցկացման համար տրամադրել Ազգային ժողովի դահլիճը և ուղիղ հեռարձակում ապահովել՝ ներկայացնելով անհիմն տեխնիկական պատճառաբանություն»,- նշվում է հայտարարությունում։

Ըստ խմբակցության՝ «լսումների նպատակն էր լայն հանրությանը ներկայացնել այն «կարմիր գծերը», որոնք պետք է ուղեցույց դառնան Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելիս»:

«Իշխանությունների նախաձեռնած՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկայիս ընթացքը, դրանից բխող սպառնալիքների չգիտակցումը և դրսևորած այս ապօրինի վարքագիծը վկայում են, որ նրանք ուղղակի կամ անուղղակի գնում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու ճանապարհով։ Խորհրդարանական լսումների անցկացումը մնում է մեր օրակարգում, կկայանա առաջիկայում, որի մասին հավելյալ կտեղեկացնենք»,- հայտնում է ընդդիմադիր ուժը։

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» հայտարարության նախագծի միջոցով խմբակցությունն առաջարկում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել փուլային եղանակով՝ մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը

Մեկնաբանել