Խովաևն ակտիվորեն ներգրավվել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի աշխատանքներում․ Զախարովա

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն արդեն ակտիվորեն ներգրավվել է աշխատանքներում, իսկ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի առաջարկությունների հիման վրա։ Այս մասին ապրիլի 21-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Խովաևի գլխավոր խնդիրը հայ և ադրբեջանցի գործընկերներին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում աջակցություն ցուցաբերելն է: Հատուկ ներկայացուցիչն արդեն օգտակար խորհրդակցություններ է անցկացրել Երևանում, համաձայնեցվել է նրա այցը Բաքու»,- ասել է նա։

Զախարովան հայտնել է, որ երկխոսության հիմքը Ադրբեջանի առաջարկած «Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքներն են» և այդ առաջարկություններին «Երևանի կառուցողական արձագանքը»։

«Ռուսաստանի միջնորդական ջանքերը հիմնվում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների մշակման անփոխարինելի փորձի վրա, որոնք թույլ են տվել կանգնեցնել արյունահեղությունը տարածաշրջանում, բացել են հումանիտար խնդիրների լուծման, տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման իրական հեռանկարները»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

***

Նախորդ շաբաթ պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևն իր աշխատանքը կշարունակի նոր կարգավիճակով՝ որպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Մինսկի խմբի ճակատագրի մասին, ասել էր․ «Ֆրանսիան և ԱՄՆ-ը, ձգտելով ամեն ինչ չեղարկել ՌԴ-ի հետ, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի աշխատանքները՝ հայտարարելով, որ այդ ձևաչափով չեն շփվի (Ռուսաստանի հետ – խմբ.)»։

Ապրիլի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին, ապրիլի 18-ին՝ ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին։ ՀՀ վարչապետի գրասենյակի հաղորդագրություններում երկու դիվանագետները նշվել են որպես Մինսկի խմբի համանախագահներ։

Մեկնաբանել