«Ռոստելեկոմ»-ի վաճառքի գործընթացը տապալվել է

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի «Ռոստելեկոմ» ապրանքանիշը ներկայացնող «Ջիէնսի-Ալֆա» ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի գործարքը, ՍիվիլՆեթի տեղեկություններով, տապալվել է, և ընկերության վաճառքի հեռանկարը անորոշ է։ Պատճառը փետրվարի ռուս-ուկրաինական պատերազմն է, իսկ ավելի կոնկրետ՝ ռուսական ընկերությունների դեմ արևմտյան պատժամիջոցները, որոնք թույլ չեն տվել գնորդ կողմին վարկային միջոցներ ներգրավել և վերջնականացնել գործարքը։

Հայաստանյան «Ջիէնսի-Ալֆա»-ն ռուսական «Ռոստելեկոմ»-ի դուստր ընկերություններից է։ «Ռոստելեկոմ»-ի մայր ընկերության հիմնական բաժնետերը ռուսական պետական գերատեսչություններ են, ներառյալ «ՎՏԲ» բանկը։

«Ջիէնսի-Ալֆա»-ի ձեռքբերման գործըթնացը սկսվել էր նոյեմբերից, ՍիվիլՆեթը գրել էր, որ ընկերության գնորդը Կիպրոսում գրանցված Molitro holdings limited ընկերությունն է, որի բաժնետերերից մեկը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն է։ Մյուս բաժնետերը՝ Արման Ունանյանն է, ում անունը հանդիպում է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների հետ կապված բիզնեսներից մեկի ռեգիստրի փաստաթղթերում։ Վերջիններս, մինչդեռ նշել էին, որ Ունանյանը Խաչատրյանների բիզնեսների հետ փոխկապակցված անձ չէ, ուղղակի ունեն ծանոթություն վերջինիս հետ։ Խաչատրյանները և Կարապետյանը նաև ներգրավված են հեռահաղորդակցության մեկ այլ օպերատորի՝ «Յուքոմ»-ի բաժնետերերի ցանկում։

«Ռոստելեկոմ»-ի նախագահ Միխայիլ Օսեևսկին հունվարին հայտարարել էր, որ «Ջիէնսի-Ալֆա»-ի նախնական գինը 25 միլիոն դոլար է։ Ընկերության գնորդները խոստացել էին առաջիկա հինգ տարիներին ներդնել 2,5 միլիարդ դրամ։

Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն էին տվել այս գործարքին։

Հայաստանյան «Ռոստելեկոմ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց՝ ընկերության վաճառքը չի կայացել։ «Չեմ կարող մեկնաբանել, չգիտեմ՝ ինչի հետ է կապված»,- նշեց Ֆարամազյանը։ Վերջինիս խոսքով՝ ընկերության ներկա բաժնետերերը, նաև ընկերությունը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ շարունակում է իր բնականոն գործունեությունը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների բաժնի պետ Արմեն Հունանյանը հիշեցրեց՝ կա ՀԾԿՀ-ի որոշում, որով գործարքն ավարտելուց հետո ընկերությունը պիտի համապատասխան փաստաթղթեր ներկայացնի Հանձնաժողովին. նման փաստաթղթեր մինչ այժմ ներկայացված չեն։

«Ռոստելեկոմ»-ը Հայաստանի քաղաքներում ունի 92 տոկոս ներկայություն, տվյալների հաղորդման օպտիկական համակարգեր, 3 000-կիլոմետրանոց ցանց։

Մկրտիչ Կարապետյան