Դրամի արժևորման «առեղծվածը» անկայուն ժամանակաշրջանում

Վերջին մեկ ամսվա ընթացքում հայկական դրամն անշեղորեն ամրապանդում է իր դիրքերը փոխարժեքի շուկայում՝ հատկապես դոլարի և եվրոյի նկատմամբ: Այդ ընթացքում դրամն արժևորվել է շուրջ 5 տոկոսով, ինչը մասնագետները հիմնականում պայմանավորում են փետրվարի վերջից ՌԴ քաղաքացիների՝ Հայաստան շարունակական ներհոսքով, ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումներով և սեզոնայնությամբ: Վերջին օրերին որոշ փոխանակման կետեր անգամ ժամանակավորապես դադարեցնում են աշխատանքը՝ պատճառաբելով, որ դրամ չունեն: Սա ՀՀ փոխարժեքի շուկայի համար աննախադեպ իրավիճակ է:

Այսօր՝ ապրիլի 21-ին, կենտրոնական բանկը հրապարակել է դրամ-դոլար փոխարժեը՝ 1 դոլարը համարժեք է 469 դրամի, որը շուրջ 5 տոկոսով զիջում է մեկ ամիս առաջվա ցուցանիշին` 490 դրամ:

Փոխարժեքի տատանում՝ պայմանավորված ՌԴ քաղաքացիների ներհոսքով

Կենտրոնական բանկը ՌԴ քաղաքացիների ներհոսքով պայմանավորված փոխարժեքի տատանումների կանխավարկածը չի հերքում՝ նշելով, որ Հայաստան տեղափոխված ռուսաստանցիներն ավելացնում են արտարժույթի առաջարկը ՀՀ ֆինանսական շուկայում: «Ռուսաստանից քաղաքացիների ներհոսքը Հայաստան փոխարժեքի վրա ազդող բազմաթիվ գործոններից մեկն է՝ այն ավելացնում է արտարժույթի առաջարկը ՀՀ ֆինանսական շուկայում», – հայտնում են ԿԲ-ի մամուլի ծառայությունից ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան։

Դրամի արժևորումը համընկավ ուկրաինական պատերազմի և հակառուսական պատժամիջոցների հետևանքով ՌԴ քաղաքացիների` Հայաստան ներհոսքի հետ: Ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հրապարակած տվյալների՝ ուկրաինական իրադարձությունների սկզբից Հայաստան է տեղափոխվել 70-100 հազար ռուսաստանցի: Նրանց մի մասը ՀՀ-ում սկսել է տնտեսական գործունեություն ծավալել` բացելով հայկական բանկերում տասնյակ հազարավոր հաշվեհամարներ, գրանցելով նոր ընկերություններ:

«Ուկրաինական հակամարտության սկզբից և մինչ այժմ հայաստանյան բանկերում բացվել է 30 հազար հաշիվ ոչ ռեզիդենտների համար։ Մոտավորապես սա այն մարդկանց թիվն է, ովքեր այսպես թե այնպես կմնան Հայաստանում, կընդլայնեն իրենց բիզնեսը, Հայաստանում կբացեն իրենց անձնական տնտեսական շահերի նոր կենտրոն», – հայտարարել է Վահան Քերոբյանը Forbes Global Russians արտերկրում բիզնեսի ընդլայնման «Նոր հորիզոններ. Հայաստան» վեբինարի ժամանակ:

Ակտիվների ներհոսք Ռուսաստանից Հայաստան

Դրան զուգահեռ տեղի է ունենում ՌԴ-ից ակտիվների ներհոսք Հայաստան: Նույն ժամանակահատվածում ՌԴ քաղաքացիները Հայաստանում գրանցել են ավելի քան 300 նոր ընկերություն: Օրինակ, միայն «Յանդեքս»-ի մոտ 100 աշխատակիցներ ուկրաինական ճգնաժամից ի վեր Հայաստան են տեղափոխվել, դեռևս մարտի 17-ին գրել էր Forbes-ի ռուսական տարբերակը։

«Ենթադրաբար, դրամի արժևորմանը նպաստող գործոններից մեկը ծառայությունների արտահանման առաջանցիկ աճն է: Ռուսաստանցի ՏՏ մասնագետները կամ ընկերությունները, որոնք հանգրվանել են Հայաստանում, իրենց ծառայությունների դիմաց վճարվում են դոլարով, որի մի մասն էլ փոխարկում են դրամի սպառման նպատակով», – ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը:

Կենտրոնական բանկը՝ դրամի արժևորման մասին

Ազատ լողացող փոխարժեքի պայմաններում տատանումները բնական գործընթաց են և որոշվում են շուկայում առաջարկի և պահանջարկի հարաբերությամբ։ «Վերջին ժամանակում արտարժույթի առաջարկը ՀՀ ֆինանսական շուկայում գերազանցում է արտարժույթի պահանջարկը, ինչի պատճառով և նկատվում է ՀՀ դրամի արժևորում», – հայտնում են ԿԲ-ից` հավելելով, որ Կենտրոնական բանկը վերջին մեկ ամսում արտարժույթի շուկայում գործառնություններ (ինտերվենցիա) չի իրականացրել։

Բացի վերոնշյալից՝ դրամի արժևորման պատճառ նշվում է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումների կատարումը, որի հետ ԿԲ-ում համամիտ չեն: Վերջերս ՍիվիլՆեթին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերաբյանը հայտնել էր, որ ռուսական գազի դիմաց հայկական կողմը վճարում է ռուբլով, սակայն գնանշումը տեղի է ունենում դոլարով:

Մինևնույն ժամանակ ԿԲ-ում կարծում են, որ վճարման արժույթի ընտրությունը արտարժույթի շուկայի վրա չի կարող էական ազդեցություն ունենալ, քանի որ ներկայումս ֆինանսական շուկաներում ռուսական ռուբլին և ԱՄՆ դոլարը ազատորեն փոխարկվում են։