Մհեր Գրիգորյանը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է ապաշրջափակման հարցը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 21-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի նախագահի 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացման՝ տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ կարևորելով այս գործընթացը որպես տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդման երաշխիք»,- ասված է հաղորդագրությունում։

Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել 2021-ի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը երկաթուղու վերագործարկման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։