Կառավարությունն օրենք է փոփոխում Ապարանում խաղատուն կառուցելու համար

Կառավարությունը օրենքի նախագծերի փաթեթ է ներկայացնելու խորհրդարան՝ հատուկ «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման համար։ Մասնավորապես, էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխել խաղատների մասին օրենքն ու այն հարմարեցնել «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ընկերության կողմից ներկայացված ծրագրին։

Այս ծրագրով Ապարան համայնքում ու դրա շրջակայքում հիմնվելու է լեռնադահուկային համալիր,որը կունենա նաև ճոպանուղի, ռեստորանային և հյուրանոցային համալիրներ։ Ծրագիրը ներառելու է նաև խաղատան կառուցում ու շահագործում։ Օրենսդրական ներկա կարգավորումներով խաղատան շահագործում կարող է թույլատրվել, եթե դրանք լինելու են Ծաղկաձոր, Սևան, Մեղրի, Ջերմուկ քաղաքներում կամ եթե կառավարության կողմից ներդրումային հաստատված ծրագիրը գերազանցում է 40 միլիարդ դրամը, այնինչ «Մայլեռ»-ի դեպքում նախատեսվող ներդրումները հեռու են այս թվից։

Նախագծերի փաթեթով Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է «ընդհանուր սկզբունքներից տարբերվող արտոնության տրամադրում», ինչը նշանակում է, որ Ապարան համայնքում ևս կարող է խաղատուն շահագործվել։ Էկոնոմիկայի նախարարությունը որոշման հիմնավորումներում նշել է, որ կա նաև որոշման նախադեպ, երբ օրենսդրական դաշտը հարմարեցվել է առանձին ներդրումների համար ու օրինակ է բերել Դիլիջանի միջազգային դպրոցը։

Ըստ ներդրումային ծրագրի՝ «Մայլեռ մաունթայն ռեզորթը» նախատեսում է 15 միլիարդ դրամ ներդնել այս ծրագրում, ևս 15 միլիարդ ներգրավել այլ մասնավոր ներդրողներից։ Համալիրի կառուցման գործում ընդգրկված կլինեն 250 աշխատողներ, իսկ ներդրումային ծրագրի ավարտից հետո կստեղծվի 1 500 հիմնական աշխատատեղ։

«Մայլեռ մաունթայն ռեզորթ»-ը պատկանում է Տիգրան Հարությունյանին՝ դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին ղեկավար, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի մորեղբոր որդուն։