Բանակում կանանց ներգրավվածություն, Արցախից տեղահանվածներ ու անվտանգություն․ ՄԻՊ զեկույց

Բանակում կանանց թիվը նվազ է, և կին զինծառայողները «հիմնականում զրկված են առաջխաղացման հնարավորությունից»․ այս փաստն արձանագրվում է Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2021-ի զեկույցում։

«Կանայք առավել մեծ թիվ են կազմում միայն շարքային և ավագ ենթասպայական կազմի պաշտոններում, մինչդեռ սպայական կազմում կին զինծառայողների հարաբերակցությունը բավական ցածր է: Կին զինծառայողները բախվում են խոչընդոտների նաև սպայական կոչում ստանալիս: Այս մտահոգության մասին զորամասեր այցերի և առանձնազրույցների ընթացքում մեզ հայտնել են հենց կին զինծառայողները»,- ասված է զեկույցում։

Ըստ պաշտպանության նախարարության ներկայացրած տեղեկության՝ 2021-ի դրությամբ ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայողների ընդհանուր թվաքանակի 9,5%-ը կազմում են կին զինծառայողները:

Կին զինծառայողների թվաքանակը Երևանում տեղաբաշխված զորամասերում կազմում է 34,6%, իսկ մարզերում՝ 65,4%:

Ուշագրավ է, որ Զինված ուժերի պայմանագրային զինծառայողների ընդհանուր թվաքանակի 9,1%-ը 2019-ին կազմել են կին զինծառայողները՝ 2020-ի 8․ 5%-ը։

Արցախից Հայաստան տեղահանվածների մասին

Հետպատերազմյան շրջանում Արցախն ու Հայաստանը հայտնվեցին շուրջ 100 հազար բռնի տեղահանված անձանց կյանքի, առողջության, անվտանգության և նվազագույն կենսապայմանների ապահովման մեծածավալ և տարաբնույթ խնդիրների առջև:

Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համաձայն՝ 2020-ի պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանում տեղահանված արցախցիների թիվը հասել է շուրջ 96-98 հազարի։

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության համաձայն՝ 2021-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ կազմակերպությունում որպես շահառու հաշվառված է Արցախից տեղահանված 3 753 ընտանիք՝ շուրջ 15 415 անձ:

Արցախի կառավարության օպերատիվ շտաբի հայտնած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ տարբեր մարզերում ժամանակավորապես ապաստանած Արցախի քաղաքացիների թիվը կազմում է շուրջ 21 000 մարդ՝ 5 400 ընտանիք:

ՄԻՊ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեղահանված արցախցիների 76%-ը պատերազմից հետո որևէ եկամտաբեր աշխատանք չի կատարել, «ինչը պայմանավորված է եղել տեղահանման խնդիրներով, տվյալ ժամանակաշրջանում անկայունությամբ, տեղահանված անձանց՝ Հայաստանում մնալու ոչ երկարաժամկետ պլաններով և այլն»:

Ադրբեջանական ներխուժման հետևանքները․ ջրային և անվտանգային հարցեր

ՄԻՊ-ի ուսումնասիրությունները պարզել են, որ ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրի հատվածում մոտ 6 կմ առաջ են եկել, արդյունքում սարատեղիում գտնվող ջրամբարը հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ, ինչի պատճառով տարածաշրջանի գյուղական բնակավայրերում՝ Վերին Շորժա, Այրք, Շատջրեք, Ջաղացաձոր և այլն, ջրից անվտանգ օգտվելու կենսական կարևոր նշանակություն ունեցող խնդիրներ են առաջացել:

Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Ալ լճերից սնուցվող ջրահավաք ավազանները, որոնք ապահովում են Վարդենիսի համայնքի որոշ գյուղական բնակավայրերի խմելու ջրի պաշարները, սակայն ներկայում մի շարք վտանգավոր ազդեցությունների հետևանքով առկա է վտանգ մարդկանց կյանքի և առողջության պահպանման, բարենպաստ շրջակա միջավայր ապահովելու համար: Նորաբակ գյուղական բնակավայրի խմելու ջրի ավազանները գտնվում են սահմանային տարածքում, և ստեղծված իրավիճակում նշված տարածքներում աշխատանքներ կատարելը դարձել է վտանգավոր:

Նշվում է նաև, որ կարևոր հիմնախնդիրներից է Սյունիքի մարզի Մեղրի գետի Զվարագետ վտակի հունը փոխելու հարցը, «քանի որ ադրբեջանական զինված ծառայողները թույլ չեն տալիս, որպեսզի Մեղրի գետի Զվարագետ վտակը միանա մայր գետին և բավարար խմելու և ոռոգման ջուր ապահովի համայնքի բնակչության համար»:

Բացի այդ, ՄԻՊ-ն արձանագրել է, որ բավականին տուժել են Սյունիքի մի շարք գյուղեր, երբ ադրբեջանական կողմը մոտեցել է մարզի սահմաններին։

«Սյունիքի մարզի Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ և այլ գյուղական բնակավայրերի բնակիչներն ահազանգել են, որ կրակոցներ են արձակվել այն պահին, երբ իրենք գյուղատնտեսական աշխատանքներով զբաղված են եղել իրենց պատկանող հողերում՝ իհարկե, ցերեկային ժամերի: Մի շարք դեպքերում նրանք եղել են իրենց երեխաների (նաև թոռնիկների) հետ»,- նշված է տեքստում։

Ներկայացվում են նաև մի շարք այլ գյուղերի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների բողոքները։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել