«Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի հետ կապված կորսված վիճակ է, կատարվելիքը կատարվել է»

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատան գործարքի հարցով «ըստ էության ունենք կորսված իրավիճակ», և «կատարվելիքը արդեն կատարվել է»։ Նման ձևակերպումներով պատասխանեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արփի Դավոյանի հարցին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի առանձնատունը արգելանքից հանելու ու վաճառքը թույլ տալու գործընթացին։

ՍիվիլՆեթը մարտի 7-ին հայտնել էր, որ Աբրահամյանի ընտանիքին պատկանող առանձնատունը վաճառվել է գործարար ներկայացող Նարեկ Նալբանդյանի ընտանիքին՝ 5,2 միլիոն դոլարով։ Տունը վաճառվել էր այն դեպքում, երբ դրա հետ կապված կար քրեական գործ, ու այն սահմանափակումների տակ էր․ գործարք չէր կարող թույլատրվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն, սակայն, վերացրել էր սահմանափակումները, չէր սպասել Դատախազության կողմից դատական ակտի բողոքարկմանը, ու օրեր անց առանձնատունը վաճառվել էր։

Սա բերել է Հակակոռուպցիոն կոմիտեի ու Դատախազության միջև առճակատման․ երկու մարմինները միմյանց էին մեղադրում Աբրահամյանի տան գործարքի կայացման հարցում։ Ներկայում այս հարցով ԱԱԾ-ում հարուցված է քրեական գործ, առանձնատունը նորից վերցվել է արգելանքի տակ։ Չնայած դրան, ըստ գլխավոր դատախազի, «ըստ էության կա կորսված վիճակ»։

«Նույնիսկ եթե Վերաքննիչը բավարարի մեր բողոքը, միևնույն է, կատարվելիքը կատարվել է։ ԱԱԾ-ում քրեական գործով կպարզվի՝ մենք այդ գործով առանձնատունը ճանաչել ենք իրեղեն ապացույց, նորից սահմանափակումներ ենք կիրառել, որ գոնե նոր գործարքներ չլինեն։ Նոր քննությունը պիտի պատասխանի՝ բարեխիղճ ձեռքբերում կա թե ոչ»,- ասաց Արթուր Դավթյանը։

Վերջինիս խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն պիտի սպասեր Դատախազության կողմից վերաքննիչ բողոքի արդյունքներին. «Այս իրադրության մեջ դատախազին ի՞նչ էր մնում անել, մնում էր քննիչի ձեռքը բռնած պահել այդ օրերի ընթացքում, դա էլ պիտի արվեր, եթե կասկած կար։ Չէր եղել երբեք այսպիսի բան»,- ասաց Գլխավոր դատախազը։

ՍիվիլՆեթն ապրիլի 8-ին հայտնել էր, որ Ազատության պողոտայում իրենց հողերը վաճառել են նաև նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին և գեներալ Սեյրան Սարոյանը։ Այս հողերը իրեղեն ապացույց էին Ազատության պողոտայում գտնվող հողամասերի առանձնատների հետ կապված քրեական գործով։

Մեկնաբանել