Հանցագործությունները, բանակում մահվան դեպքերն ու կոռուպցիան 2021-ին. դատախազության թվերը

2021-ին գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության վարույթում առկա է եղել 279 ուսումնասիրություն, որոնք նախաձեռնվել են 2020-2021թթ․։ Ավարտված ուսումնասիրություններով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ և 23 շարժական գույք, 23 ընկերությունում մասնակցություններ, ինչպես նաև ընդհանուր հաշվով ավելի քան 27 մլրդ դրամի չափով գումար։

Դատարան է ներկայացվել 3 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ Հայաստանի բռնագանձել 18 անշարժ ու 7 շարժական գույք, որոնց միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 13 մլրդ դրամ, 3 իրավաբանական անձի մասնակցություն և շուրջ 6 մլրդ դրամի չափով գումար։ Հայցադիմումներն ընդունվել են վարույթ։

2021-ին՝ նախորդող տարվա համեմատ, 91%-ով պակաս գումար է վերականգնվել բյուջե

2021-ին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1 409 նյութ (2020-ին՝ 1 810 նյութ), որոնցից 798-ով (2020-ին՝ 1 232) հարուցվել են քրեական գործեր։ Ըստ դատախազության՝ 2020-ի համեմատ, 2021-ին 401-ով կամ 22,2%-ով նվազել են կոռուպցիոն բնույթի դեպքերը, իսկ հարուցված քրեական գործերի քանակը՝ 35,2%-ով կամ 434-ով՝ կազմելով 798։

2021-ին ավարտվել է կոռուպցիոն բնույթի 730 քրեական գործի վարույթ, որը նախորդող տարվա արդյունքից ընդամենը 2%-ով է շատ։

2021-ին շուրջ 91%-ով կամ ավելի քան 4 մլրդ դրամով պակաս գումար է վերականգնվել բյուջե, քան 2020-ի ընթացքում (2020-ին` 4,5 մլրդ դրամ, իսկ 2021-ին՝ ընդամենը 400 մլն դրամ): Այլ կերպ ասած, 2021-ին ավարտված քրեական գործերով պատճառված վնասից վերականգնվել է 9%-ը, մինչդեռ 2020-ին՝ 71,4% տոկոսն էր։

Loading...

Loading…

Հանցագործության ընդհանուր դեպքերի աճ է արձանագրվել

2021-ին հանրապետությունում արձանագրվել է հանցագործությունների 30 245 դեպք (2020-ին՝ 26 468), որոնցից 16 438-ը՝ Երևանում։ Այսինքն՝ նախորդ տարվա համեմատդեպքերն աճել են 3 777-ով կամ 14,3%-ով։

Loading...

Loading…

Ըստ դատախազության՝ հանրապետությունում հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորվել է հասարակական անվտանգության և կարգի, բնակչության առողջության, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճով։ Էականորեն աճել են թմրամիջոցների մաքսանենգության (89,2%-ով), համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված (74,5%-ով), ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության (28%-ով) դեպքերը։ Նվազել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը․ 2021-ին արձանագրվել է 57 նման դեպք, մինչդեռ նախորդ տարի 83 էր, այսինքն՝ 26-ով կամ 31,3%-ով ավելի։

Ավելացել է մարդու դեմ ուղղված ամենածանր հանցագործությունների թիվը

2021-ին մարդու դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 4 375։ Դատախազությունում մտահոգված են՝ աճել են մարդու դեմ ուղղված ամենածանր հանցագործությունների դեպքերը։ Այսպես՝ 2020-ի համեմատ 2021-ին սպանությունները աճել են 10-ով կամ 20%-ով (50-60), իսկ սպանության փորձի դեպքերը 7-ով կամ շուրջ 18%-ով (39-47): Սպանության դեպքերի թվի աճն արձանագրվել է մայրաքաղաքում կատարված դեպքերի հաշվին։ 2021-ին հանրապետությունում արձանագրված սպանության 60 դեպքից 50-ը բացահայտվել է։

Loading...

Loading…

2021-ին արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 564 դեպք՝ նախորդ տարվա 663-ի դիմաց։ Դատախազության տվյալներով՝ այս գործողություններին դիմած անձանց գերակշիռ մասը գործազուկ է եղել կամ թոշակառու։

2021-ին Հայաստանում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված 15 149 հանցագործություն, որը 15,4%-ով շատ է, քան 2020-ին (13 129): Սեփականության դեմ հանցագործությունների բացարձակ մեծամասնությունը հափշտակություններ են։

2021-ին ծառայության հետ կապված մահացել է 42 զինծառայող

2021-ին զորամասերում արձանագրվել է հանցագործության 6 195 դեպք, նախորդ տարվա 5 601-ի դիմաց։

ՀՀ Զինված ուժերում արձանագրված առանձնապես ծանր հանցագործության 417 դեպքից 10-ը հակառակորդի կողմից կատարված սպանություն է, իսկ 40-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության փորձի, 3-ը՝ ծառայակցի կողմից կատարված սպանության դեպքերն են։ Այս թվում գերակշիռ մաս են կազմում ռազմական դրության ժամանակ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու դեպքերը՝ 280։

Դատախազությունը նաև ներկայացրել է Զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը՝ նշելով, թե տարվա ընթացքում ծառայության հետ կապված մահացել է 42 զինծառայող՝ նախորդ տարվա 46-ի դիմաց։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել