Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին բազմաթիվ գործընկերներ են խոսել․ Արմեն Գրիգորյան

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է, որ Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու մասին խոսել են միջազգային հանրությունը ներկայացնող բազմաթիվ գործընկերներ։

Գրիգորյանը, սակայն, հայտնել է, որ «այս պահին կոնկրետ անուններ չի կարող ասել»։

Նշաձողն իջեցնելու դեպքում անվտանգության երաշխիքների մասին Արմեն Գրիգորյանը նշել է, որ դրանք պետք է բանակցությունների ընթացքում ձևավորվեն։

«Այնպես չէ, որ ասել են՝ եթե նշաձողն իջեցնեք, սրանք են լինելու անվտանգության երաշխիքները։ Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացում և միջազգային հանրության աջակցությամբ ստեղծելու ենք այդ անվտանգության երաշխիքները։ Եթե անվտանգության երաշխիքներ չլինեն, բնականաբար, մենք այդ ուղղությամբ չենք շարժվի, կպահպանվի ստատուս քվոն»,- ասել է ԱԽ քարտուղարը։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Արցախի կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողն իջեցնելու մասին: Նրա խոսքով՝ Երևանի համար այլևս առաջնահերթություն է արցախցիների անվտանգության և իրավունքների պաշտպանության թեզը, որից, ըստ հայկական կողմի, պետք է բխեցվի Արցախի կարգավիճակը:

«Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, դրանից բխեցնելով կարգավիճակը»,- Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցը ներկայացնելիս ասել է վարչապետը։

Մեկնաբանել