Արցախը առարկա չէ, որ հանձնես կամ ոչ, Արցախը այնտեղ ապրող մարդն է․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության՝ ապրիլի 22-ի նիստի մեկնարկին հանգամանալից անդրադարձավ մոսկովյան բանակցություններին, ղարաբաղյան հարցին և Մինսկի խմբի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Նա շեշտեց՝ Մինսկի խմբի լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն․ համանախագահ բոլոր երկրները կարգավորման իրենց մանդատին հավատարիմ են։ Փաշինյանը նաև ասաց, որ փաստաթղթի ոչ մի սևագիր սեղանին չկա, ինչ վերաբերում է Արցախը հանձնելու մասին խոսակցություններին՝ «Արցախը իր չէ, որ հանձնես կամ չհանձնես»։

Ներկայացնելով Ռուսաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումները՝ Փաշինյանն ասաց, որ օրակարգային էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը․ երկուստեք ընդգծվել է «կարգավորման համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի կարևորությունը՝ դրանից բխող քաղաքական հետևանքներով»։

«Մոսկովյան այցին նախորդող օրերին Հայաստան էին այցելել համանախագահողները։ Կարող ենք ասել,որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն»,- ասաց Փաշինյանը՝ խոստովանելով, որ Ուկրաինայում ծավալված իրադարձությունները ազդել են համանախագահող երկրների միջև հարաբերությունների վրա, բայց փաստը, որ համանախագահներն այցելում են տարածաշրջան, կարևորում ԼՂ հակամարտության կարգավորումը և լավատեսության հիմքեր է տալիս։

Փաշինյանը վստահեցրեց՝ Պուտինի հետ հանդիպման՝ արցախյան հակամարտությանը վերաբերող տեղեկություններով կիսվել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, և «այդպես է արել միշտ»։

«Չկա ԼՂ հակամարտության կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված լինի։ Նման ոչ մի նախագիծ չի եղել 2020 նոյեմբերի 9-ից հետո։ Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն՝ ստիպված եմ արձանագրել՝ Արցախը իր կամ առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես, Արցախն այնտեղ ապրող մարդն է»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա բացառեց, որ «գոյություն ունենա ստորագրմանը մոտ փաստաթուղթ, որը ստորագրվի առանց հանրային լայն քննարկման»՝ այդ թվում արցախյան հանրային շրջանակների հետ։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի խնդիրն է ապահովել արցախյան կարգավորման այնպիսի լուծում, որ «արցախցին ապրի Արցախում ու ապրի այնպես, որ իրեն զգա, իրեն համարի արցախցի և հայ»։

«Լեռնային Ղարաբաղի խնդրի որևէ հանգուցալուծում ու որևէ իրադրություն, որ այդ պայմանները չեն ապահովվի ու չեն երաշխավորվի, ընդունելի չէ, ընդունելի չի լինի երբեք»,- հայտարարեց կառավարության ղեկավարը։