Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստվել է 992 195 մարդ

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր ապրիլի 24-ի դրությամբ` կատարվել է 2 164 083 պատվաստում, որից 1 124 381-ը պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացածներն են, 992 195-ը՝ երկրորդ դեղաչափը, 44 175-ը՝ երրորդ դեղաչափը կամ բուստերը։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առաջին դեղաչափով պատվաստվածների թիվն ավելացել է 3 577-ով, երկրորդ դեղաչափով պատվաստվածներինը՝ 4 682-ով:

Հայաստանում պատվաստումներ իրականացվում են «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդեռնա» և Pfizer պատվաստանյութերով։ Կարող են պատվաստվել 12 և բարձր տարիքի անձինք՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

«Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։ Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։ Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են»,- հայտնում են նախարարությունից։