Բացահայտվել է զինծառայողի կողմից դավաճանության հերթական դեպքը․ ԱԱԾ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) բացահայտել է զինծառայող հանդիսացող, կոչումով սպա ՀՀ քաղաքացու կողմից պետական դավաճանություն կատարելու հերթական դեպքը։

Ըստ հաղորդագրության՝ սպան հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, տվել է իր գրավոր համաձայնությունը և ստացել է համապատասխան ծածկանուն։

«1 400 դոլար վարձատրության դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններին է հանձնել արտերկրում ռազմական ակադեմիան ավարտած համակուրսեցիների, ծառայության N զորամասի հրամանատարական կազմի, հրթիռահրետանային վարչության ղեկավար անձնակազմի, «էքսպո-ռազմական» ցուցահանդեսին մեկնած սպայական կազմի կենսորոշիչ տվյալները, բջջային հեռախոսահամարները՝ տրամադրելով նաև իր ծառայության N զորամասի N դիվիզիոնի զինծառայողների հաստիքացուցակը, ինչպես նաև նույն զորամասում առկա հրթիռային համակարգի թվաքանակի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում զինտեխնիկայի կորստի, հրթիռահրետանային համազարկերի գտնվելու վայրերի, զորավարժության վայրերի, կիրառված զինտեխնիկայի, զորավարժությանը մասնակից ղեկավար սպայական կազմի վերաբերյալ տվյալներ»,- հայտնում է ԱԱԾ-ն։

Ծառայությունից հայտնում են, որ նույն զինծառայողը 44-օրյա պատերազմի ժամանակ, զբաղեցնելով հրթիռային համակարգի մարտկոցի հրամանատարի տեղակալի պաշտոնը, մարտական առաջադրանք կատարելիս արդյունավետ և նպատակային խոցումներ չի կատարել։

«Պարզվել է նաև, որ նույն զինծառայողը, ունենալով գաղտնիության թույլտվության համապատասխան աստիճան, 8 000 դոլար վարձատրության դիմաց փոխանցելու նպատակով հավաքել է N զորամասի գաղտնի դրոշմագրով մարտական քարտեզներ, սակայն բացահայտվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից՝ չկարողանալով իր հանցավոր գործունեությունն ավարտին հասցնել»,- նշված է հաղորդագրությունում։

Ապրիլի 20-ին զինծառայողը ձերբակալվել է և տվել է խոստովանական ցուցմունքներ: