Վրաստանում որսորդության համար 1 000 քառ․ կմ տարածք են հանել աճուրդի

Աճուրդի հանված հողամասի մի հատված: Լուսանկարը՝ Թինաթին Արվելաձե։

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը աճուրդի է հանել 1 000 քառակուսի կիլոմետր անտառ` սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության, որն ըստ գործակալության, աճուրդի միակ մասնակիցն էր։

Մարտի 11-ի աճուրդում հաղթող է ճանաչվել HG Capra Caucasica ընկերությունը, որը 1 միլիոն լարիով (330 000 դոլար) Վրաստանի Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի մարզում ձեռք է բերել որսի հատուկ արտոնագիր: Արտոնագիրն ընդգրկում է Օնի, Ամբրոլաուրի և Լենտեխի անտառները:

Անտառները և նրանց էնդեմիկ վայրի բնությունը ներառված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում և պաշտպանված են Բեռնի կոնվենցիայով:

«Աճուրդին մասնակցել է միայն մեկ հայտատու, հետևաբար արտոնագիրը տրվել է հաղթող մասնակցին»,- OC Media-ին ասել է Շրջակա միջավայրի ազգային գործակալության ներկայացուցիչը։ «Այս տարվա մարտի 23-ին [HG Capra Caucasica]-ին տրվել է որսի հատուկ արտոնագիր»,- նշել է նա։

Գործակալությունից ավելացրել են, որ HG Capra Caucasica-ի վարձակալած տարածքում որսը «թույլատրվելու է միայն կոնկրետ և ոչ բոլոր կենդանատեսակների համար՝ պետության կողմից սահմանված չափաբաժինների շրջանակում»:

Վայրի բնության պահպանության ՀԿ-ի՝ Sabuko-ի տնօրենի պաշտոնակատար Թինաթին Արվելաձեն OC Media-ին ասել է, որ կասկածներ ունի վրացական իշխանությունների կողմից որսի կանոնները արդյունավետ պարտադրելու հնարավորության վերաբերյալ։

«Մեր երկրում, որտեղ չկան կենսաբազմազանության մոնիտորինգի գործուն համակարգեր, Բնապահպանական վերահսկողության բաժանմունքը չունի բավարար ռեսուրսներ նման մեծ տարածքում բացահայտելու բոլոր խախտումները»,- ասել է նա OC Media-ին:- Հետևաբար, երբ մենք չգիտենք տեսակների կարգավիճակն ու թիվը, 49 տարով արտոնագիր տալը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում»։

Ըստ Վրաստանում գործող ընկերությունների ռեգիստրի՝ CompanyInfo-ի՝ HG Capra Caucasica-ի տնօրենը Կախա Ամիսուլաշվիլին է։ Թեև ընկերության մասին տեղեկատվությունը քիչ է, Ամիսուլաշվիլին, ըստ երևույթին, կապված է մի քանի այլ հոլդինգների հետ, այդ թվում՝ նա թվային մարքեթինգային գործակալության GVG Holdings-ի տնօրենն է:

HG Capra Caucasica-ին վարձակալությամբ տրված տարածքը․ Նկարը՝ աճուրդի պաշտոնական փաստաթղթերից

Կես դար

Վրաստանում ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության առավելագույն ժամկետը 49 տարի է։

1 000 քառակուսի կիլոմետր որսի գոտում բնակվում են մի շարք կենդանատեսակներ, որոնցից մի քանիսը վտանգված են, այդ թվում՝ ոսկե արծիվը, կովկասյան կաքավը, ոչխարը, լուսանը, ջրասամույրը և արջերը:

Բացի որսի կանոնակարգերից, արտոնագիրը պահանջում է, որ ընկերությունը պայմանագրի ողջ ընթացքում կատարի դրույթներն ու պարտավորությունները, օրինակ՝ թույլ տա տեղի բնակչությանը ազատ տեղաշարժվել և վառելափայտ հավաքել տարածքում:

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը սահմանել է նաև, որ HG Capra Caucasica-ն առաջիկա հինգ տարիների ընթացքում պետք է առնվազն 5 միլիոն լարիի (1,6 մլն դոլար) ներդրումներ անի տարածքում, և որ ծրագրի շրջանակում աշխատողների 80 տոկոսը պետք է լինեն տեղական համայնքների բնակիչներ:

«Լիցենզավորված կազմակերպությունը [HG Capra Caucasica] պարտավոր է որսորդական տարածքում տեղադրել համապատասխան զբոսաշրջային ենթակառուցվածք՝ արկածային և էկոտուրիզմի զարգացման համար, ինչպես նաև չխոչընդոտել լիցենզիայով տրված տարածքի ներսում պահպանվող տարածքների ստեղծմանը»,- OC Media-ին հայտնել է Շրջակա միջավայրի գործակալության ներկայացուցիչը:

Ի նշան վարձակալության թույլտվության դեմ բողոքի՝ Sabuko-ն հրապարակայնորեն հայտարարել է գործակալության դեմ հայց ներկայացնելու իր մտադրության մասին: