Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում. Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանն ասել է, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում, և ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ, հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 25-ին տեղի է ունեցել կառավարության ընդլայնված նիստ, որի ընթացքում նա ներկայացրել է Հանրապետությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը և Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ վերջերս Հայաստանի վարչապետի մասնակցությամբ Բրյուսելում և Մոսկվայում կայացած հանդիպումների համատեքստում։

«Անդրադառնալով հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ հետպատերազմյան շրջանում էլ ավելի է մեծացել Արցախի և Հայաստանի պետական կառավարման համակարգերի միջև սերտ կապեր ունենալու և ՀՀ գործընկեր գերատեսչությունների հետ փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում նա հանձնարարել է կառավարության անդամներին ցուցաբերել նախաձեռնողականություն՝ ընդգծելով, որ պետական մակարդակով առաջիկայում քայլեր կձեռնարկվեն այդ կապերն ավելի ամրապնդելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Արայիկ Հարությունյանը հայտնել է նաև, որ բնակարանաշինական աշխատանքները շարունակվելու են ողջ ծավալով, սակայն առաջնահերթություններից ելնելով՝ վերանայվելու են կապիտալ ներդրումների մի շարք ծրագրեր: