Օսման Քավալան դատապարտվեց ցմահ ազատազրկման

Ապրիլի 25-ին թուրքական դատարանը թուրք իրավապաշտպան, «Անադոլու քուլթուր» հասարակական կազմակերպության հիմնադիր Օսման Քավալային դատապարտել է ցմահ ազատազրկման՝ առանց ներման իրավունքի։

Դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել գործով անցնող ևս յոթ անձանց, նրանց թվում՝ Չիդեմ Մաթերը, Մյուջելլա Յափըջըն, Ջան Աթալայը և Թայֆուն Քահրամանը։ Վերջիններս մեղադրվում են կառավարության տապալման փորձին աջակցելու մեջ։

Օսման Քավալան բանտում անցկացրել է 4,5 տարի՝ առանց դատավճռի։ Գործով անցնող բոլոր անձինք հերքում են մեղադրանքներն ու բողոքարկելու են որոշումը։

Օսման Քավալայի գործի մասին

Ի սկզբանե իրավապաշտպանը ձերբակալվել է 2013-ի Գեզիի բողոքի ցույցերի ֆինանսավորման ու կազմակերպման համար։ 2020 թվականի փետրվարին դատարանը նրան արադարացրել է այդ մեղադրանքով։

Նույն օրը դատախազությունը Քավալայի ձերբակալության նոր օրդեր է արձակել՝ հայտարարելով 2016-ին Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձերում ներգրավվածության մասին։ 2021 թվականի հունվարին վերաքննիչ դատարանը չեղարկել է արդարացնող առաջին որոշումը։

ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը

ԱՄՆ Պետքարտուղարությունը քննադատել է Քավալայի դեմ կայացրած վճիռը՝ այն համարելով «անարդար» և «անպատեհ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության տեսանկյունից»։

«Կոչ ենք անում Թուրքիային ազատ արձակել Օսման Քավալային՝ հետևելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին, ինչպես նաև ազատել բոլոր նրանց, ովքեր կամայական բանտարկության են ենթարկել։

Խորապես մտահոգված ենք քաղաքացիական հասարակության, մեդիայի, քաղաքական և բիզնես ոլորտների առաջնորդների դեմ շարունակական դատական հետապնդումներով»,- ասված է հայտարարությունում։ Նշվում է, որ Թուրքիայի հանրությունը արժանի է իրացնելու իր իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ առանց պատժի ենթարկվելու վախի։

Թեմայի շուրջ ավելին՝

Մեկնաբանել