«Վրացական երազանքը» հսկողության մասին նոր օրինագիծ է ներկայացրել

Վրաստանի պետական անվտանգության ծառայության շենքը, պաշտոնական լուսանկար։

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի իշխող կուսակցության անդամները ներկայացրել են առաջարկներ, որոնք ընդլայնում են իրավապահ մարմինների և անվտանգության ծառայությունների լիազորությունները և հնարավորություն տալիս անժամկետ հսկել քրեական գործերով անցնող կասկածյալներին:

«Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներն այս նախագիծը ներկայացրել են դիտորդական խմբերի բողոքի ֆոնին, որոնք ասում են, որ այս փոփոխություններն անհարկի են և ներխուժում են մարդկանց անձնական կյանք։

Քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ զբաղվող 11 կազմակերպություն, այդ թվում՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ը, Սոցիալական արդարադատության կենտրոնը և Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, հինգշաբթի

հրապարակել են համատեղ հայտարարություն, որում քննադատում են օրինագիծը՝ այն անվանելով «հետքայլ» 2014-ին ընդունված կանոնակարգերից:

Նրանք մտահոգություն են հայտնել ժամանակահատվածի և այն մեթոդների վերաբերյալ, որոնցով իրավապահներին թույլ է տրվելու հսկողություն իրականացնել:

Օրենքի նախագիծը ներկայացրել են «Վրացական երազանքի» պատգամավորներ Իրակլի Բերայան, Ալեքսանդր Տաբատաձեն, Վլադիմեր Չաչիբայան և Ռատի Իոնատամիշվիլին։

«Նրանք աստիճանաբար իջեցնում են նշաձողը, և շուտով կարող ենք հայտնվել մի իրականությունում, երբ հսկողությունը թույլատրված է Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածներով հարուցված քրգործերի շրջանակում ընթացող հետաքննության համար»,- OC Media-ին ասել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ծրագրերից մեկի ղեկավար Լիկա Սաջայան:

Օրենսդրական փոփոխությունները հիմնավորելու նպատակով «Վրացական երազանք»-ը վկայակոչել է մի քանի միջադեպեր, որոնք վերաբերում են պետական անվտանգությանը և հակաահաբեկչական գործողություններին: Այնուամենայնիվ, Լիկա Սաջայան դրանք հիշատակելն ավելորդ է որակել, քանզի օրենքն արդեն թույլ է տալիս հսկողություն իրականացնել այդ դեպքերում:

Վրաստանի «Հակահետախուզական գործունեության մասին» օրենքը Պետական անվտանգության ծառայությանը թույլ է տալիս անվտանգության և ահաբեկչական գործողությունների շրջանակում հսկողություն իրականացնել առանց դատարանի որոշման:

Առաջարկվող փոփոխությունները իրավապահներին թույլ կտան Քրեական օրենսգրքի առնվազն 100 հոդվածի շրջանակում մարդկանց նկատմամբ հետաքննություն իրականացնել անսահմանափակ ժամանակով, միևնույն ժամանակ ընդլայնելով իրավապահների լիազորությունները մնացած հոդվածների դեպքում, որոնք թույլ են տալիս հսկողություն իրականացնել:

Ընդունվելու դեպքում այս փոփոխություններն իրավապահ մարմիններին թույլ կտան նաև այս 100 հոդվածների շրջանակում հսկողության տակ հայտնված անձանց չծանուցել, որ իրենք մոնիտորինգի են ենթարկվել։

«Դա նշանակում է, որ մարդուն կարող են գաղտնալսել ողջ կյանքում, իրավապահների մշտապես ընդլայնվող լիազորություններով, և մարդիկ երբեք չիմանան այդ մասին»,- ասել է Սաջայան։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ծրագրի ղեկավար Լիկա Սաջայան, լուսանկարը՝ Netgazeti լրատվական կայքի։

«Փաստացի սա իրական սպառնալիք է անձնական կյանքի գաղտնիության պաշտպանությանը, քանի որ եթե դուք երբևէ չիմանաք, որ ձեզ գաղտնալսել են, երբեք չեք կարողանա դա վիճարկել դատարանում։ Սա ուղղակիորեն կապված է մարդու սահմանադրական իրավունքների, այդ թվում՝ արդար դատաքննության իրավունքի հետ, որն այլևս հնարավոր չի լինի կիրառել»,- ասել է Լիկա Սաջայան:

Օրենսդրական այս նախաձեռնությունից ընդամենը յոթ ամիս առաջ Պետական անվտանգության ծառայությունից տեղի էր ունեցել իրականացված հսկողության վերաբերյալ ֆայլերի զանգվածային արտահոսք, ինչը ենթադրում է, որ համատարած հսկողություն արդեն տեղի է ունենում:

Արտահոսած ֆայլերը հիմնականում գաղտնալսված շփումներ էին և պատկերում էին վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականների ֆիզիկական հսկողության տեսարաններ, կար ինֆորմացիա նաև լրագրողների և Թբիլիսիում գտնվող օտարերկրյա դիվանագետների վերաբերյալ:

Չնայած արտահոսքի բովանդակության շուրջ սկանդալին, վրացական իշխանությունները հետաքննություն են սկսել միայն պարզելու համար, թե ով է կանգնած դրա հետևում, և չեն անդրադառնում բազմաթիվ ենթադրյալ ապօրինություններին, որոնք ներկայացված են այդ ֆայլերում, այդ թվում՝ որոշ հոգևորականների կողմից երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերը:

«Վրացական երազանք» կուսակցության օրենսդիրները նաև հրաժարվել են աջակցել խորհրդարանական հանձնաժողովի ստեղծմանը, որը կուսումնասիրի այդ արտահոսքերը։ Փոխարենը, առանց որևէ ապացույցի, նրանք ենթադրել են, որ իրենց նախկին առաջնորդ և նախկին վարչապետ Գիորգի Գախարիան է կանգնած այդ արտահոսքի հետևում:

«Զանգվածային ապօրինի ներխուժումների ֆոնին, մարդու իրավունքների պաշտպանության չափանիշները բարելավելու փոխարեն, իշխող կուսակցությունն իրավապահ մարմիններին տալիս է ավելի շատ օրինական լիազորություններ, ինչը իր հերթին ստեղծում է մարդկանց անձնական կյանք կամայական և անհիմն ներխուժման լրացուցիչ ռիսկեր»,- ասվում է իրավապաշտպան խմբերի համատեղ հայտարարությունում։