Բայրամովն ու Խովաևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը վերաբերող հարցեր։

Ապրիլի 14-ին պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևն իր աշխատանքը կշարունակի նոր կարգավիճակով՝ որպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Մինսկի խմբի ճակատագրի մասին, ասել էր․ «Ֆրանսիան և ԱՄՆ-ը, ձգտելով ամեն ինչ չեղարկել ՌԴ-ի հետ, չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի աշխատանքները՝ հայտարարելով, որ այդ ձևաչափով չեն շփվի (Ռուսաստանի հետ – խմբ.)»։

Ապրիլի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին, ապրիլի 18-ին՝ ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին։ ՀՀ վարչապետի գրասենյակի հաղորդագրություններում երկու դիվանագետները նշվել են որպես Մինսկի խմբի համանախագահներ։