Մենք նոր էջ ենք բացում հայ-հնդկական տնտեսական համագործակցության պատմության մեջ․ Միրզոյան

Ապրիլի 26-ին Նյու Դելիում տեղի է ունեցել հայ-հնդկական գործարար համաժողով, որի ներկա է եղել նաև աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Միջոցառման բացման արարողությանը Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է․ «Սա առաջին անգամն է, որ հայաստանյան գործարար և ներդրումային շրջանակների ներկայացուցիչների այսքան մեծ պատվիրակություն է ուղևորվել Հնդկաստան՝ հանդիպելու և ողջունելու իրենց գործընկերներին, հաստատելու փոխշահավետ համագործակցություն, փոխգործակցելու՝ ժամանակակից աշխարհի մարտահրավերները հաղթահարելու և մեր հասարակությունների համար արժեք ստեղծելու համար: Այսօր մենք իրապես նոր էջ ենք բացում հայ-հնդկական տնտեսական համագործակցության պատմության մեջ, և թույլ տվեք ասել՝ վերականգնում ենք մեր ժողովուրդների միջև առևտրի, զարգացման և բարգավաճման հիանալի ավանդույթները»։

ՀՀ արտգործնախարարի խոսքով՝ տարիների ընթացքում Հնդկաստանը դարձել է Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերը։ Նրա կարծիքով, սակայն, կա չօգտագործված հսկայական ներուժ, որի իրացման համար պետք է աշխատել։

Ապրիլի 25-ին Արարատ Միրզոյանը հանդիպել էր Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ ԱԳՆ ղեկավարները քննարկել էին առևտրի, մշակույթի և ուսուցման ոլորտներում համագործակցության հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։

Մեկնաբանել