Ալիևը Օվերչուկի հետ հանդիպմանը գանգատվել է Հայաստանից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 26-ին ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Ադրբեջան-Ռուսաստան երկկողմ տնտեսական հարաբերություններից բացի Օվերչուկի այցի ընթացքում քննարկվելու է Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ գործող եռակողմ հանձնաժողովի գործունեությունը, մասնավորապես, տրանսպորտային հաղորդակցության ուղիների բացման հարցը:

Ալիևը նշել է, որ Ադրբեջանի տարածքում արդեն կառուցվել է երկաթուղու 60 կմ հատվածը, իսկ շինարարությունն ամբողջությամբ կավարտվի հաջորդ տարի:

«Ավտոմոբիլային ճանապարհի հետ կապված աշխատանքները ադրբեջանական կողմը իրականացնում է ժամանակացույցին համապատասխան։ Ցավոք, Հայաստանը ոչ մի աշխատանք չի սկսել այդ կապակցությամբ, նույնիսկ չի նշել իր տարածքով ավտոմոբիլային ճանապարհի ենթադրյալ երթուղու աշխարհագրական կոորդինատները։ Չնայած Ադրբեջանը բազմիցս բարձրացրել է այդ հարցը, հայկական կողմից պատասխան չի եղել»,- ասել է նա։

***

2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքներով ստեղծվել էր տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ։

2020-ի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած եռակողմ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել էին երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։