Արցախի խնդիրն ու Մարիա Կարապետյանի մոլորեցնող պնդումները

maria karapetyan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիի 13-ի ելույթից հետո, երբ նա հայտարարեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը իջեցնելու վերբերյալ միջազգային հանրության պահանջի մասին, իշխանական մի շարք գործիչներ սկսել են քարոզչական ակտիվ աշխատանքներ տանել հանրության հետ: Վերջին օրերի ընթացքում իշխող ուժի մի շարք ներկայացուցիչներ հարցազրույցներ են տալիս տարբեր լրատվամիջոցների՝ փորձելով հասարակությանը հրամցնել մի շարք թեզեր:

Այդ թեզերից գլխավորը այն է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցային սեղանին երբեք չեն եղել փաստաթղթեր, որոնք Լեռնային Ղարաբաղի համար նախատեսում էին Ադրբեջանից դուրս կարգավիճակ: Այս հարցում առանձահատուկ եռանդ է ցուցաբերում իշխող «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը: Տիկին Կարապետյանը ապրիլի 18-ին հարցազրույց էր տվել ՍիվիՆեթին և մոլորեցնող հայտարարություններ արել Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Հարցազրույցի առաջին րոպեներից տիկին Կարապետյանը մի շարք պնդումներ էր անում, որոնք ամբողջովին աղավաղում էին Ղարաբաղյան հակամարտության էությունը: Նա, մասնավորապես, Ղարաբաղյան առաջին պատերազմը անվանում է «այսպես կոչված հաղթանակած պատերազմ»: Ըստ նրա՝ հաղթանակը «այսպես կոչված» էր, քանի որ հայկական կողմը զոհեր էր ունեցել: Կարապետյանը Ղարաբաղյան առաջին պատերազմը անվանում է նաև «տարածքային հողահավաքչության մեծ պրոյեկտ»:

Եթե շարժվենք Մարիա Կարապետյանի տրամաբանությամբ, ապա պիտի արձանագրենք, որ պատմության մեջ ոչ մի պատերազմում հաղթողներ չեն եղել, քանի որ բոլոր պատարեզմներում էլ զոհեր են եղել: Հետաքրքիր մոտեցում է, երբ խաղաղաշինական ծրագրի մասնակից կամ կազմակերիչ ես, բայց քաղաքական գործչից նմանատիպ անլուրջ հայտարարություններ լսելը, ինչ խոսք, անսովոր է:

Այնուամենայնիվ, Կարապետյանի խոսքի այս հատվածում առավել վտանգավոր է նրա հնչեցրած միտքն այն մասին, որ «Ղարաբաղյան առաջին պատերազմը տարածքային հողահավաքչական մեծ պրոյեկտ էր»: Սա ադրբեջանցիների կողմից վերջին տասնամյակների ընթացքում շրջանառության մեջ մտցված թեզ է, որին վերջում շրջանում փորձել էին գիտական փաթեթավորում տալ հակամարտությամբ զբաղվող որոշ միջազգային փորձագետներ: Այդ առումով այս կեղծ թեզերը դաշտ մտցնող բոլոր մարդկանց հարկ է մի քանի անհերքելի իրողություններ հիշեցնել առաջին պատերազմի վերաբերյալ:

Ղարաբաղյան առաջին պատերազմը հայկական կողմը չի սկսել: Սա արձանագրված փաստ է: Ավելին, պատերազմի առաջին փուլում ինքնին Լեռնային Ղարաբաղի գոյությունն էր վտանգված: Օրինակ, 1992-ի ամռանը Ադրբեջանը օկուպացրել էր նախկին ԼՂԻՄ-ի տարածքի 40 տոկոսից ավելին: Ստեփանակերտը լցված էր Մարտակերտի ու Շահումյանի շրջաններից տասնյակ հազարավոր փախստականներով: Միջնորդ երկրները այս փուլում մտահոգություն էին հայտնում, որ շուտով բանակցությունների առարկան գոյություն չի ունենալու:

ԼՂԻՄ-ի տարածքից դուրս շրջանների նկատմամբ վերահսկողության հաստատումը ևս պրագմատիկ նպատակ էր հետապնդում: Այսպես, առանց Քելբաջարի նկատմամբ վերահսկողության հաստատման հնարավոր չէր, օրինակ, ազատագրել Մարտակերտը: Այդ տարիներին ռազմական նպատակահարմարությունն էր ընկած հայկական զինված ուժերի գործողությունների հիմքում, այլ ոչ թե ինչ-որ մտացածին հողահավաքչական պրոյեկտները, որոնք գոյություն ունեին միայն երևանյան մտավորականության ուղեղներում: Պատերազմի ավարտից հետո այդ տարածքները դիտարկվում էին որպես միմիայն խաղաթուղթ ապագա բանակցություններում: Այդ մասին է խոսում այն հանգամանքը, որ վերջին տասնամյակների ընթացքում այդ տարածքների բնակեցման ու զարգացման պետական որևէ հայեցակարգ երբեք գոյություն չի ունեցել:

Հարցազրույցի ընթացքում Մարիա Կարապետյանը, ինչպես նաև մինչ այդ վարչապետ Փաշինյանը, փորձում է հանրությանը հրամցնել ադրբեջանական այն քարոզչական թեզը, որ մադրիդյան փաստաթղթով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը հնարավոր էր միայն Ադրբեջանի կազմում: Կարապետյանը, մասնավորապես, պնդում է․

«Մադրիդյան փաստաթուղթը, որը Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր սկզբունքներից երեքը առանձնացնում է, թղթի վրա ամրագրում է: Ո՞րն էր ինքնորոշման իրավունքի իրագործման մեխանիզմը՝ հանրաքվեն: Ուրեմն, սկզբունքը կոչվում է ազգերի ինքնորոշման, հանրաքվեի մասին դրույթը ասում է հետևյալը, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, իսկ մենք հասկանում ենք, չէ՞, որ վերջնական կարգավիճակ չի նշանակում դեռևս անկախություն, նշանակում է վերջնական մի որևէ կարգավիճակ: Վերջնական կարգավիճակը կորոշվի համաժողովրդական հանրաքվեի միջոցով, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքը: Հիմա ինձ բացատրեք՝ ի՞նչ տարբերություն «ազգերի ինքնորոշում» ձևակերպման մեջ «ազգ» բառի միջև, «համաժողովրդական հանրաքվե» ձևակերպման մեջ «ժողովուրդ» բառի միջև և Լեռնային Ղարաբաղի «բնակչություն» բառի միջև: Էդ երեք շերտը տարբերությունների, էդ ծուղակը չի՞, որի մեջ մենք ընկել ենք և ինքներս մեզ համար, մեր փակ տիրույթում տարիներ շարունակ կրկնել, որ իբրև էդպիսի իրատեսական, գործնական ճանապարհ է դեպի անկախացում: Ընդ որում, էդ նույն մադրիդյան սկզբունքների մեջ ամրագրված է, որ հանրաքվեի ժամկետները և այլ պարամետրեր ապագա բանակցությունների հարց են: Այսինքն, ե՞րբ պետք է տեղի ունենար այդ հանրաքվեն և ո՞վ պետք է մասնակցեր: Այսինքն, այնտեղ ամրագրված չէր, որ միայն․․․ նախ, Լեռնային Ղարաբաղը ոչ թե օժտվում է «ժողովուրդ» կարգավիճակով, այլ՝ «բնակիչներ», բայց նույնիսկ եթե «բնակիչներ», գրված չի, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն են մասնակցելու այդ հանրաքվեին: Գրված է՝ համաժողովրդական հանրաքվե, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության կամարտահյտությունը: Էդտեղ որտե՞ղ եք դուք տեսնում երաշխավորված ճանապարհ դեպի անկախություն: Ես տեսնում եմ, որ էդ բանակցությունները ենթադրել են նաև, եթե մտել ես էդ բանակցությունների մեջ, ենթադրել ես նաև, որ էդ ճանապարհը կարա հանգեցնի լրիվ այլ հանգրվանի»:

Ինչպես տեսնում ենք, տիկին Կարապետյանը, փաստորեն, կա՛մ չի կարդացել Մադրիդյան փաստաթուղթը, կա՛մ էլ ակնհայտ նենգափոխում է այն: Սկսենք նրանից, որ Մադրիդյան սկզբունքներում խոսքը ոչ թե ազգերի ինքնորոշման իրավունքի մասին է, այլ՝ ժողովուրդների: Մադրիդյան փաստաթղթում «համաժողովրդական հանրաքվե» եզրույթ պարզապես գոյություն չունի: ԼՂ վերջնական կարգավիճակի մասին կետում խոսվում է պլեբիսցիտի մասին, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Նշենք, որ «համաժողովրդական հանրաքվե» եզրույթ չկա նաև Կազանյան փաստաթղթում, որը ածանցյալ է Մադրիդյանից: Ուստի, երեք շերտերի վերաբերյալ Կարապետյանի տեսությունը նույնիսկ փաստական հենք չունի:
Պլեբիսցիտի անցկացման ժամկետների վերաբերյալ Կարապետյանի պնդումը համապատասխանում է իրականությանը: Ժամկետները իրոք պիտի բանակցվեին ապագայում: Այնուամենայնիվ, իշխանական պատգամավորը նենգափոխում է, երբ պնդում է, թե Մադրիդյան փաստաթղթում չի նշվում, թե ով պիտի մասնակցի պլեբիսցիտին: Այսպես, Մադրիդյան փաստաթղթում հստակ նշվում է, որ պլեբիսցիտը ԼՂ բնակչությանը կընձեռնի ազատ կամարտահայտության հնարավորություն: Կազանյան փաստաթղթում այս հատվածը նույնիսկ ավելի հստակ է ձևակերպված և տարընթերցումների տեղ չի թողնում՝ «Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը որոշվում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով»:

Մադրիդյան ու Կազանյան փաստաթղթերի նույն կետում սահմանվում է նաև, որ ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում են 1988-ի ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Սա նշանակում է, որ եթե պլեբիսցիտը կամ ազատ կամարտահայտությունը նույնիսկ 100 տարի հետո տեղի ունենային, միևնույն է, այս համամասնությունը կպահպանվեր:

Հարցազրույցի ընթացքում Կարապետյանը շարունակում է առաջ տանել այն գաղափարը, որ կարգավիճակի հարցում նշաձողը բանակցային փաստաթղթերում միշտ իջեցրած է եղել: Նա, մասնավորապես, նշում է․

«Կարգավիճակի մասին հետքայլը մեր հանրային ընկալումների մեջ պետք է անենք, էդ հետքայլը վաղուց էդ փաստաթղթերում արած է: 94 թվականի առաջին փաթեթային տարբերակը ձեզ օրինակ, «Ընդհանուր պետության», էդ ընդհանուր պետությունը գիտեք, չէ՞, Ղարաբաղի ու Ադրբեջանի ընդհանուր պետությունն է, Ղարաբաղի ու Հայաստանի ընդհանուր պետությունը չէ: Էդ բոլոր փաստաթղթերում էդ կարգավիճակի նշաձողը լավ իջացրած է: Մենք ընդամենը պետք է համարձակություն ունենանք, արիություն ունենաք էդ մեր հանրային դիսկուրսի մեջ էդ նշաձողը կոտրենք»:

Կարապետյանի խոսքի այս հատվածում ականտես ենք մի երևույթի, որ հասարակագիտության մեջ կոչվում է cherry picking: Այսինքն, միտումնավոր կերպով այնպիսի օրինակների օգտագործում, որոնք օգտակար են քո կողմից առաջ քաշվող վարկածին: Այո, 1994 ու 1997 թվականնների փաթեթային տարբերակով, ինչպես նաև 1998-ի «Ընդհանուր պետության» տարբերակով Լեռնային Ղարաբաղը ստանում էր կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Այնուամենայնիվ, Կարապետյանը, օրինակ, չի խոսում 2001-ին Քի Վեսթում բանակցային սեղանին դրված փաստաթղթի մասին, որով նախատեսվում էր, որ Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքի հետ պիտի դե յուրե դառնար Հայաստանի Հանրապետության մաս: Քի Վեսթը բանակցային այն քիչ փաստաթղթերից է, որոնք մինչ այսօր դեռ չեն հրապարակվել: Այնումենայնիվ, լրագրող Թաթուլ Հակոբյանը ժամանակին ուներ այդ փաստաթղթի կրկնօրինակը: Ստորև տեղադրված է մի հատված Քի Վեսթի վերաբերյալ Հակոբյանի հոդվածից

«Եթե շատ հակիրճ և հասկանալի լեզվով ներկայացնենք Քի Վեսթի տարբերակը, ապա կունենանք հետևյալ պատկերը. Արցախը Լաչինի 20 կիլոմետր լայնքով՝ միջանցքով, միացվում է Հայաստանի Հանրապետությանը, Նախիջևանը Արաքսի ափով՝ Մեղրիի հատվածում, 8 մետր լայնությամբ սուվերեն անցումով կամ ինչպես նշված է փաստաթղթում՝ sovereign passage, կապի հնարավորություն է ստանում Ադրբեջանի հետ: Հայկական ուժերը դուրս են գալիս նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող բոլոր 7 շրջաններից, բացի 20 կիլոմետրանոց միջանցքը»:

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, առնվազն 2001-ից սկսած՝ բանակցային սեղանին դրված էին փաստաթղթեր, որոնք Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ ստանալու առնվազն տեսական հնարավարություն էին տալիս: Այդ փաստաթղթերը մշակվել ու սեղանին էին դրվել Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից, այսինքն՝ միջազգային հանրության կողմից: Այդ առումով պատմությունը կեղծելու այս պարզամիտ փորձերը պարզապես զավեշտալի են: Իսկ Մարիա Կարապետյանը կա՛մ չի տիրապետում վերջին տասնամյակների բանակցային բովանդակությանը, կա՛մ էլ պարզապես նեղ խմբակային շահերը սպասակող մանիպուլացիայով է զբաղված:

Մեկնաբանել