Քաղաքապետարանը 30 միլիոն դրամ է հատկացրել կազմակերպությանը, որին մեղադրում էր ուռճացված ծախսերի համար

Հայկ Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետարանը ապրիլի 1-ին առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով, ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել «Ջազի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ՝ միջոցառման կազմակերպման համար։

Պայմանագրի արժեքը կազմում է 30 մլն դրամ (գրեթե 62 000 դոլար), որի դիմաց կազմակերպությունը պարտավորվել է Երևանում կազմակերպել ապրիլի 30-ին կայանալիք Ջազի միջազգային օրվան նվիրված մշակութային միջոցառումներ՝ համերգ և ելույթներ։

Հատկանշական է, որ նախորդ տարի՝ 2021-ին, Երևանի քաղաքապետարանը մերժել էր միջոցառման ֆինանսավորումը՝ ուղղակիորեն մեղադրելով կազմակերպությանը ուռճացված ծախսեր ներկայացնելու մեջ։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, փորձեց պարզել քաղաքապետարանից, թե ինչու է 30 մլն դրամ տրամադրվել կազմակերպությանը, որին նախորդ տարի ֆինանսավորումը մերժվել էր։

Քաղաքապետարանը կազմակերպությանը մեղադրում էր ուռճացված ծախսերի մեջ

Ջազի միջազգային օրվան նվիրված մշակութային ամենամյա միջոցառումները, համաձայն քաղաքապետարանից ստացված գրավոր պատասխանի, անցկացվում են սկսած 2012-ից՝ համայնքային միջոցների հաշվին։

Այսպես, 2017-ին և 2018-ին ջազի օրվան նվիրված միջոցառման կազմակերպման համար յուրաքանչյուր տարի տրամադրվել է 15 մլն դրամ, 2019-ին՝ 14 մլն դրամ։

Բոլոր դեպքերում միջոցառումը կազմակերպել է «Ջազի հայկական ասոցացիա» ՀԿ-ն։

Ջազի միջազգային օրվան նվիրված համերգը Կասկադի համալիրի տարածքում, 2017թ.։ Աղբյուրը՝ yerevan.am։

Միջոցառման անցկացումը 2020-ի ապրիլին մերժվել էր համավարակի հանգամանքով, իսկ 2021-ին՝ հետպատերազմյան վիճակի հետ կապված։ Սակայն 2021-ի ապրիլին համերգի ֆինանսավորման մերժումը քաղաքապետարանը պատճառաբանել էր միջոցառումը կազմակերպող ընկերության կողմից նախահաշվում ներկայացված ուռճացված ծախսերի կասկածի հիմքով։

«Դրա [նախահաշվի – խմբ․] ուսումնասիրության արդյունքում խիստ մեծ ծավալի ուռճացված ծախսերի վերաբերյալ կասկածներ են ի հայտ եկել, որոնք ուղարկվել են համապատասխան մարմիններ քննության»,- այն ժամանակ հայտնել էր քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Այսինքն՝ այս տարի քաղաքային իշխանությունը կրկնակի ավելի՝ 30 մլն դրամ է տրամադրում միջոցառման կազմակերպման համար, երբ նախորդ տարի մերժել էր 15 մլն դրամի տրամադրումը՝ դրանք ուռճացված ծախսեր որակելով։

Ասոցիացիայի նախագահը քաղաքապետարանի նախկին պաշտոնյա է

Ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը 2012-ի տարեսկզբից մինչև 2016-ի հունվար զբաղեցրել է քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի պաշտոնը՝ համակարգելով նաև մշակութային միջոցառումների կազմակերպումը։

Ինչպես արդեն նշեցինք, Հայաստանում ջազի միջազգային օրվան նվիրված միջոցառումները քաղաքապետարանի ֆինանսավորմամբ նշվում են 2012 թվականից։ «Ջազի հայկական ասոցացիա» ՀԿ միջոցառումները կազմակերպել է՝ սկսած 2016-ից, երբ հիմնվել է։

Կամո Մովսեսյանը 2015թ. Ջազի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։ Լուսանկարը՝ yerevan.am-ից։

Մովսեսյանը նաև «Մեցցո» ակումբի համահիմնադիրն է։ Այն հիմնադրվել է 2012-ին, Մովսեսյանին է պատկանում բաժնետոմսերի 50 տոկոսը։

Հատկանշական է, որ մայրաքաղաքի կենտրոնում՝ Իսահակյան փողոցում գտնվող «Մեցցո» ակումբի հարակից 259 քմ տարածքը 2013-ի փետրվարին քաղաքապետարանն օտարել է Կամո Մովսեսյանին կադաստրային արժեքով՝ 10,1 մլն դրամով (այն ժամանակվա փոխարժեքով՝ մոտ 24 800 դոլար)։

Այսինքն, համայնքին պատկանող տարածքը վաճառվել է քաղաքապետարանի գործող պաշտոնյային առանց աճուրդի, ուղղակի վաճառքի միջոցով։

Ի՞նչ ծառայությունների դիմաց է տրամադարվում 30 մլն-ը

Տրամադրվող 30 մլն դրամի դիմաց կազմակերպությունն այս տարի պարտավորվել է կազմակերպել մոտ չորս ժամ տևողությամբ համերգային ծրագիր՝ Կասկադում և մեկ ժամ տևողությամբ «ջազ բենդի ֆլեշմոբ-ելույթներ» Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում։

Կազմակերպությունը պարտավորվել է նաև էլեկտրոնային կրիչի վրա ձայնագրել երկու ժամ տևողությամբ ջազմենների ստեղծագործություններ՝ Հանրապետության հրապարակի շատրվանների ձայնային ուղեկցության համար։

Հատված միջոցառման կազմակերպման համար պայմանագրից

Քաղաքապետարանը խուսափում է տեղեկատվության տրամադրել

Քաղաքապետարանից խնդրել էինք հայտնել, թե արդյոք նախորդ տարի, ինչպես հայտնել էր քաղաքապետի խոսնակը, անցկացվել է քննություն «ուռճացված ծախսերի» կապակցությամբ, և ներկայացնել քննության արդյունքները։

Նաև խնդրել էինք տրամադրել միջոցառման նախահաշիվը կամ վերջնահաշիվը, որտեղ առանձին տողերով նշված կլինեին կատարվելիք ծախսերը։ Օրինակ՝ կրիչի վրա երգեր ձայնագրելն այս բյուջեի մեջ որքան է արժեցել և այլն։

Քաղաքապետարանը հարցերին թերի է պատասխանել՝ դրանում առհասարակ չանդրադառնալով քննության վերաբերյալ հարցին, իսկ ֆինանսական փաստաթղթի տրամադրումը մերժել է։

Ըստ քաղաքապետարանի՝ ֆինանսական ծախսերի նախահաշիվը «ըստ էության ներքին աշխատանքային փաստաթուղթ է», և քաղաքապետարանը այն պարտավոր չէ տրամադրել։ Սա հակասում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածին, ըստ որի՝ քաղաքապետարանը պարտավոր է տրամադրել հայցվող տեղեկությունը, եթե այն հոդվածում սահմանված բացառության դեպք չէ՝ այն է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք և այլն։

CivilNetCheck-ը այս թեմայով նաև խոսեց քաղաքապետի նախկին տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանի հետ, որը պաշտոնավարման տարիներին համակարգել է նաև մշակույթի ոլորտը։ Վերջինս հաստատեց անցկացված քննության և հայտնաբերված չհիմնավորված ծախսերի փաստը։

«Քաղաքապետի հանձնարարությամբ վերահսկողության վարչությունն իրականացրել էր ուսումնասիրություն, որի արդյունքում նախահաշվում ընդգրկված ծախսերի առնվազն մի մասը համարվել է չհիմնավորված»,- հայտնեց Մելքոմյանը։

Այսպիսով քաղաքապետարանը, չնայած նախկինում իր իսկ վերահսկողության վարչության կողմից անցկացված քննության արդյունքներին, մեկ անձից ընթացակարգով գնում է կատարել մի կազմակերպությունից, որի ծախսերը որակվել էին չհիմնավորված։

Մովսեսյանը պարզաբանում է

CivilNetCheck-ին տված զրույցում ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը պնդեց, թե քաղաքապետարանի նախկինում արված հայտարարություններն ու միջոցառման չեղարկումը եղել են անհիմն և անհասկանալի, իսկ մոտեցումը՝ անձնավորված։

«Հայկ Մարությանը մտավ պատմության մեջ որպես մի քաղաքապետ, որն անհիմն և անհասկանալի պատճառներով չեղարկեց նման հիանալի միջոցառումը, որն ի դեպ շատ սիրված է երևանցիների կողմից»,- ասաց Մովսեսյանը։

Ի պատասխան նախկինում «ուռճացված ծախսերի» մասին մեղադրանքների՝ նա հայտնեց, թե ներկայացված նախահաշիվը հրատապ կերպով է կազմվել և փոխանցվել, իսկ դրա բովանդակության վերաբերյալ քննարկումներ չեն եղել։

«Եթե որևէ կազմակերպություն նախահաշիվ է ներկայացնում՝ հարկ է այդ կազմակերպչի հետ քննարկել նախահաշիվը և միայն նոր իրենց եզրակացությունները անել՝ դա ուռճացված է կամ ոչ։ […] Աշխատանքային Excel ֆայլ է եղել, որը մեզ շատ հրատապ ուրբաթ երեկոյան… քաղաքապետարանից պահանջել են, մենք էլ այդ օրը շատ հրատապ ուղարկել ենք «նախահաշիվը», որը ենթադրվել է, որ պետք է աշխատանքային խումբ ստեղծվի և քննարկվի»,- հայտնեց Մովսեսյանը։

Մովսեսյանը նաև դեմ արտահայտվեց կազմակերպվելիք միջոցառման ֆինանսական հաշվի հրապարակվելուն:

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի պաշտոնյա լինելու ընթացքում համայնքային տարածքն իրեն օտարելուն, նա պնդեց, որ դա խնդրահարույց չէ։

«Ինչի պաշտոն զբաղեցնելը արգելա՞նք է։ Բացարձակ որևէ խնդիր չկա։ Դա իմ մյուս տարածքին հարակից տարածք է, որը ես գնել եմ օրենքով սահմանված կարգով»,- ասաց Մովսեսյանը և պնդեց, թե տարածքը «Մեցցո ակումբի» հետ կապված չէ։

Մովսեսյանը՝ դատական գործերում

Ըստ դատական տեղեկատվական datalex.am համակարգի տվյալների, «Ջազի հայկական ասոցացիա» ՀԿ նախագահ Կամո Մովսեսյանը անցնում է քրեական գործով, մեղադրվում է 2021-ի ապրիլի 22-ին «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի դիմաց քաղաքապետի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանին քաղաքապետարանի վերաբերյալ վիրավորական արտահայտություններ անելուց հետո նրան ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ հասցնելու համար։

Օրեր անց Մովսեսյանը քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ զրկվել էր Երևանի քաղաքապետի ոսկե մեդալից, որով նա պարգևատրվել էր 2019-ին՝ նույն Մարությանի կողմից։

Չնայած Մովսեսյանը հայտարարել էր, որ հենց ինքն է հրաժարվել ոսկե մեդալից, նա, այնուամենայնիվ, հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ նախորդ տարի իրենից քաղաքապետի ոսկե մեդալը հետ վերցնելու որոշումը ապօրինի ճանաչելու համար։ Դատարանը, սակայն, մերժել է դիմումը և քաղաքապետի որոշումը օրինական ճանաչել։

Մեկնաբանել