ՃՈ մեքենան վրաերթի է ենթարկել կնոջ․ ոստիկանությունը չի մեկնաբանում Փաշինյանի շարասյան հետ կապի լուրը

Ապրիլի 26-ին Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 28-ամյա կնոջ։ Վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոստիկանությունը միջադեպից հետ հանդես եկավ հետևյալ պարզաբանմամբ․ «Ապրիլի 26-ին՝ ժամը 18։24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ մահվան ելքով վրաերթի գործով Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է։

«Նախնական տվյալներով, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին»,- ասված է Կոմիտեի հաղորդագրությունում։

Լրատվամիջոցների հետ զրույցում ականատեսները պատմել են, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը։ Նշվում է նաև, որ վրաերթի հետևանքով մահացած 28-ամյա կինը հղի է եղել։

Տեղեկությունը ճշտելու նպատակով ՍիվիլՆեթը կապ հաստատեց ոստիկանության լրատվական բաժնի հետ։ «Արդյոք Նիկոլ Փաշինյանի՞ն է ուղեկցել վրաերթ կատարած ճանապարհային ոստիկանության մեքենան» հարցին ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնեցին․ «Մենք մեր հրապարակումից ավելի ոչինչ չունենք հայտնելու։ Այդ դեպքով զբաղվում է Քննչականը, և նրանք էլ պաշտոնական հաղորդագրություն տարածել են»։

Մեկնաբանել